Երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային պատրաստության ցիկլի ավագ դասախոս Գառնիկ Պայքարի Գասպարյանը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող էր: Նրանց ուսանողական ջոկատը պատրաստ էր՝ անհրաժեշտության դեպքում մեկնել Արցախ, մասնակցել մարտական գործողություններին: 1991թ. գարնանը ուսանողների կամավորական փոքր խմբով նրանք միացան «Նիկոլ Դուման» ջոկատին, որի շտաբի պետը մանկավարժական գիտությունների թեկնածու Ալբերտ Բազեյանն էր։ Ջոկատին անդամագրվողները հիմնականում Երևանի տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ էին, որոնց թվում նաև՝ բժշկական ինստիտուտի տղաները։ «Մեր ջոկատում ամենամեծ խումբը բժշկական ինստիտուտի ուսանողներն էին՝ մոտ 12 հոգի,բանիմաց և լավ պատրաստված, ովքեր մեզ էին փոխանցում իրենց գիտելիքներն ու փորձը: Ղուկաս Ուլիխանյան, Կամավոր Խաչատրյան, Սամվել Մուրադյան, Հարություն Առուստամյան ու էլի անուններ: Մանկաբուժական ֆակուլտետից նաև Սիլվա Թադևոսյանն էր կամավոր եկել Արցախ: Ուզում եմ ընդգծել Մուրադ Մուրադյանին: Մարդ, ով պատերազմի ժամանակ փրկեց տասնյակ կյանքեր, սակայն ճակատագրի հեգնանքով զոհվեց 1996թ.-ին՝ բուժծառայության պետի տեղակալի պաշտոնում ծառայողական պարտականությունները կատարելիս, դժբախտ պատահարի հետևանքով: 1992թ. ամռանը Մարտակերտի շրջանի Կարմիրավան-Լենինավան բնակավայրերի ազտագրման կատաղի մարտերի ընթացքում ծանր վիրավորվեցին Արտակ Զեյնալյանը և Միքայել Բայաթյանը»,-նշում է Գառնիկ Գասպարյանը: Ինքը մարտական մկրտությունն ստացավ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր (Աղբուլախ) գյուղի պաշտպանական մարտերում: Ջոկատի խնդիրը Աղդամ-Շուշի ճանապարհի պաշտպանությունն էր:Նա այսօրվա նման հիշում է, թե ինչ գնով տեղի ունեցավ հայոց բերդաքաղաք Շուշիի ազատագրումն ու հաղթանակը, և թե ինչ դժվարությամբ պահպանվեց այդքան թանկ նվաճումը: «Շուշիի ազատագրման օպերացիան պետք է սկսվեր մայիսի սկզբին: Մենք մեկ շաբաթից ավելի մնացինք դիրքում: Հիմնական պատճառը, որ նախատեսված օրը օպերացիան տեղի չունեցավ, այն էր, որ վառելիքը դեռ տեղ չէր հասել, ինչպես նաև մայիսի համար անբարենպաստ եղանակը, նույնիսկ՝ ձյուն եկավ: Բժշկականի տղաների նախաձեռնությամբ իմիտացիա ստեղծեցինք, թե իբր Սառնաղբյուրում հայկական մեծ ուժեր են կուտակվում Աղդամի ուղղությամբ հարձակվելու համար՝ նպատակ ունենալով շեղել ադրբեջանցիներին դեպի Շուշի օգնության հասնելու պլանից: Թուրքերը հավատացին: Շուշիի ազատագրման օրը մենք էլի մարտական դիրքերում էինք՝ իշխող բարձունքում: Ջոկատը մայիսի 10-ին ծրագրում էր վերադառնալ ու տոնել Շուշիի հաղթանակը, երբ առավոտյան ադրբեջանցիները հարձակում սկսեցին: Գառնիկ Գասպարյանը մեկն էր տղաներից, որ դիմադրեցին, որոնց ջանքերով հնարավոր եղավ դիմակայել թշնամու մեծաթիվ զորքին ու կյանքի գնով պահպանել մայիսյան վճռորոշ հաղթանակը: Գառնիկ Գասպարյանը հիշում է 12-ամյա արցախցի Մարատին, որն օգնում էր տղաներին սնունդ ու զինամթերք տեղափոխել դիրքեր: «Աշխույժ տղա էր… գյուղում մի ավանակ կար, որի օգնությամբ զենք-զինամթերք էր հասցնում մեր մարտական դիրք: Վերջերս ես հանդիպեցի Մարատին, հիշեցինք պայքարի այդ օրերը: Նա չի լքել գյուղը, ունի հինգ զավակ: Տարիներ անց դժվար է պատկերացնել, թե ինչպես էր հնարավոր այդքան փոքր ուժերով պահել գյուղը: Ադրբեջանը մեր դեմ հանել էր 30-ից ավելի տանկև այլ զինտեխնիկա, մեծաքանակ հետևակ: Գյուղը պաշտպանում էինք ընդամենը 35-40 հոգով»:
Մարտի ընթացքում ջոկատի տղաները ոչնչացրին ադրբեջանական 2 տանկ և 1 ՀՄՄ: Կատաղի մարտի ժամանակ ջոկատն ունեցավ առաջին զոհերը՝ Աշոտ Սահակյանը և բժշկական ինստիտուտի 1-ին կուրսեցի Արմեն Ղունյանը, որը տարկետում էր վերցրել և մեկնել ճակատ Հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու: «Մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց դուրս գալ շրջափակումից: Հիշում եմ նաև ցեղակրոն ջոկատի տղաներին՝ 16-21 տարեկան, դուխով, հայրենասեր, կարգին տղաներ, որոնցից շատերը հերոսաբար զոհվել են ազատամարտի տարիներին: Թեև ադրբեջանցիները գրավեցին դիրքերը, բայց «բախտներս բերեց». սկսվեց հորդառատ անձրև, անձրևն ու կավահողն անհնար դարձրին հակառակորդի առաջխաղացումը: Սկսեցին թալանով զբաղվել, մոռացան Շուշիի մասին: Մեկ շաբաթ անց նաև Լաչինն ազատագրվեց, մենք ունեցանք նաև ցամաքային ճանապարհ»,-ասում է Գառնիկ Գասպարյանը: Նա «Նիկոլ Դուման» ջոկատի կազմում, մինչև զինադադարի հաստատումը, մասնակցել է նաև մի շարք բնակավայրերի պաշտպանական և ազատագրման մարտերին.1992թ. հուլիսին՝ Արծվաշենի, օգոստոսին՝ Գորիսի շրջանի Շուռնուխի, այնուհետև՝ Մարտակերտի շրջանի Չլդրան-Մեհմանա գյուղերի պաշտպանական մարտերի ընթացքում ստացել է կոնտուզիա: 1993թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներին՝ Լաչինի հարավ-արևելյան ուղղությամբ Մալխալաֆի դիրքերի ազատագրման ժամանակ ջոկատն ունեցավ ամենաշատ կորուստները:
«Հիշում եմ մեր ջոկատի մարտական հրամանատարներից Արմեն Մարտիրոսյանին՝ «Արջին», որը մի քանի անգամ մարտադաշտում փրկել է ջոկատը: Օգոստոսի 17-ին տեղի ունեցած մարտերի ժամանակ թշնամու ականանետային հրթիռակոծումից զոհվեցին «Նիկոլ Դուման» ջոկատի 4 ազատամարտիկ՝ Արմեն Մարտիրոսյանը, Սմբատ Մարգարյանը, Գագիկ Ազատյանը և Անուշավան Հարությունյանը, վիրավորվեցին 5-ը՝ այդ թվում՝ Ղուկաս Ուլիխանյանը, իսկ ես Հրանտ Մինասյանի հետ միասին, մինչև երեկո անհետ կորածների ցուցակում էի»,-պատմում է հայկական բանակի մայորը:
Գառնիկ Գասպարյանն արժանացել է Արցախի «Մայրական երախտագիտություն», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության» 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի և այլ մեդալների, պարգևատրվել է նաև կառավարական «Մարտական ծառայության» մեդալով:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նա կամավոր մեկնել է Արցախ:Արդեն 15 տարի ուսանողների մեջ փորձում ենք սերմանել հայրենասիրություն: Հայրենիքի հանդեպ նվիրումը, սերն ու պատասխանատվությունն մեր տղաներից շատերի երակների մեջ է, և երբ, եթե ոչ այդ օրերին պետք է կարողանաս օգտակար լինել երկրիդ»:
Գառնիկ Գասպարյանի գնահատմամբ՝ Արցախյան ազատամարտը հայ ժողովրդի զարթոնքի ամենամեծ պայքարն էր: Հայ ժողովուրդն արթնացավ, համախմբվեց հանուն մեկ նպատակի, ձեռք բերեց անկախություն, որն ամենակարևորն էր: Դրա հետ մեկտեղ, ըստ Գասպարյանի, ունեցանք մարտարվեստի մեջ փառավոր էջեր, ունեցանք օպերացիաներ, որ շատ ու շատ ռազմական փորձագետների զարմանքն է առաջացրել:
«Օգտվելով առիթից՝ այս փառահեղ տոնի կապակցությամբ շնորհավորում եմ բանակի ակունքներում կանգնած իմ մարտական ընկերներին, բոլոր ազատամարտիկներին, ծառայակիցներին, սպաներին, կուրսանտներին, մեր անդորրը պաշտպանող զինվորներին, քաջեր ծնած հայոց մայրերին, հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած նահատակների ընտանիքներին, ամբողջ հայ ազգին։
Փա՜ռք քեզ, Տեր Աստված…
Շնորհավո՜ր տոնդ, հայոց բանակ»։
Հարցազրույցը՝ ՄԱՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Լուսանկարները՝ Գառնիկ Գասպարյանի անձնական արխիվից