Արդեն երեք տարի է, ինչ բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետում կրթություն են ստանում Ղազախստանից ժամանած ուսանողներ։
Ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանի խոսքով՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը հանդիսանում է ՀԱՊԿ երկրների շրջանակում ուսումնական բազա՝ ռազմական բժիշկներ պատրաստելու համար: Այստեղ, 6 տարի սովորելով, ռազմական բժշկի մասնագիտություն կարող են ստանալ կուրսանտներ կազմակերպության բոլոր երկրներից։
ՌԲՖ առաջին օտարերկրացի ուսանողները, ըստ նրա, Ղազախստանից էին։ Ցավոք, ֆակուլտետի կրթական ծրագրերին որոշակիորեն խոչընդոտեցին համավարակն ու պատերազմը, բայց պլանավորվում է կուրսանտներ ընդունել նաև Ղրղզստանից, Տաջիկստանից և Բելառուսից։
Այս տարվա սեպտեմբերից, ՌԲՖ պետի հաղորդմամբ, պլանավորվում են վերապատրաստման դասընթացներ աղետների բժշկության գծով Շրի Լանկայից ժամանած բժիշկների հետ։
Ռազմաբժշկական ֆակուլտետի երրորդ կուրսի ղազախ օրինակելի կուրսանտներից մեկը՝ 24-ամյա Գուլիմ Երգալիևան, ընտանիքում առաջին ռազմական բժիշկն է, բայց հույս ունի, որ ոչ վերջինը։
– Բարև Ձեզ։ Կպատմե՞ք Ձեր մասին:
– Բարև Ձեզ (ողջունում է հայերեն): Ծնվել եմ Ղազախստանի Հանրապետությունում՝ Տալդիկուրգան քաղաքում։ Երկու տարեկանում հորս աշխատանքի բերումով տեղափոխվեցինք Նուր-Սուլթան քաղաք։ Ավարտել եմ Նուր-Սուլթանի ակիմաթի (ակիմաթը տարածաշրջանային գործադիր մարմինն է Ղազախստանում) բարձրագույն բժշկական քոլեջը՝ «ընդհանուր պրակտիկայի բուժքույր» որակավորմամբ, որից հետո երկու տարի աշխատել եմ Ղազախստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում։
– Ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք դառնալ ռազմական բժիշկ։ Երազա՞նք էր դա Ձեզ համար։
– Բժիշկ դառնալն իմ երազանքն ու կյանքի նպատակն էր, սակայն ռազմական բժշկի ուղին ընտրել օգնեցին ծնողներս։ Երկուսն էլ զինվորական են, հայրս՝ փոխգնդապետ, մայրս՝ երրորդ դասի սերժանտ։ Մեծացել եմ՝ հիանալով իմ ծնողներով, հորս խիզախությամբ, մորս իմաստությամբ, նրանց տոկունությամբ, վճռականությամբ, նպատակասլացությամբ, կամքի ուժով, նրանով, թե ինչպես կարող էին համատեղ, հանգիստ և խելամտորեն գտնել ցանկացած խնդրի ելքն ու լուծումը, նրանց մեջ միշտ կար այդ «ռազմական ոգին»։ Հայրս միշտ մեջբերում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարար Անդրեյ Գրեչկոյի՝ «Սպաներ» ֆիլմի շնորհիվ հայտնի դարձած խոսքերը․ «Կա այսպիսի մասնագիտություն՝ պաշտպանել հայրենիքը»։ Եվ ես որոշեցի բժշկի վեհ մասնագիտությունը համատեղել ռազմական ոլորտի հետ, որպեսզի հոգ տանեմ մարդկության առողջության ու կյանքի մասին բոլոր իմաստներով՝ հարգելով և՛ զինվորական համազգեստը, և՛ սպիտակ խալաթը։ Ռազմական բժիշկը մի մասնագիտություն է, որը միավորում է երկու մասնագիտություն՝ պահպանելով իր կարևոր առաքելությունը։
– Ի՞նչ առավելություններ և դժվարություններ կառանձնացնեք Ձեր մասնագիտության մեջ։
– Կարծում եմ, որ դժվարություններ կան յուրաքանչյուր մասնագիտության մեջ, ցանկացած բնագավառում, սակայն ռազմական ոլորտում դրանք պետք է առանձնացնել, քանի որ ռազմական բժիշկները, ինչպես և զինվորականները, առաջինն են կանգնում՝ ի պաշտպանություն երկրի և ժողովրդի, ինչպես նաև ծառայություն իրականացնում ամենաթեժ կետերում։ Ռազմական բժշկի մասնագիտությունն ունի նաև առավելություններ, որոնց շարքում ամենակարևորն է՝ ռազմական բժիշկ լինելը պատիվ է։
– Ինչո՞ւ ընտրեցիք Հայաստանը և ԵՊԲՀ-ն հետագա կրթության համար։
– 2019 թվականին Ղազախստանի և Հայաստանի միջև մեկնարկեց ռազմական բժշկի ընտրության ծրագիրը, մեր երկրին հատկացվել էր 2 դրամաշնորհ, որոնցից մեկը հատկացվեց ինձ։ Բացի դրանից, մանկության ընկերուհիս հայ էր, այդ պատճառով հետաքրքրված էի ավելի մանրամասն ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին։
Այսօր ԵՊԲՀ-ն բարձրակարգ կադրեր է պատրաստում ոչ միայն Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հորդանանի, Սիրիայի, այլև աշխարհի շատ այլ առաջադեմ երկրների համար։ Մեր համալսարանը ճանաչված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից և ներառված է «Բժշկական համալսարանների համաշխարհային տեղեկատուի» ցանկում։
– ԵՊԲՀ-ում բժշկական կրթությունն արդարացրե՞ց Ձեր սպասելիքները։
– Անկասկած։ Առաջին բանը, որ նկատեցի ԵՊԲՀ շեմն անցնելիս, գնահատման համակարգն էր․ դասախոսների համար կարևոր էր ոչ թե այն, թե ուսանողն ինչ գնահատական կստանա, այլ այն, թե որքանով նա կընկալի նյութը։ Մեր համալսարանում կա մոտ 1100 դասախոս, այդ թվում՝ 171 գիտությունների դոկտոր, 504 գիտությունների թեկնածու։ Ամեն օր նրանք հսկայական ներդրում են ունենում բժշկության և ապագա բժիշկների՝ մեր զարգացման գործում։ Յուրաքանչյուր դասախոս, ումից այս 3 տարվա ընթացքում բախտ եմ ունեցել ստանալու գիտելիքներ, առանձնացել է իր հատուկ մեթոդով, անհատական մոտեցմամբ։ Եվ, իհարկե, չեմ կարող չհիշատակել նրանց կողմից ցուցաբերված բարի կամքը, հարգալից վերաբերմունքն ու հոգատարությունը։
– Ի՞նչ կասեք Հայաստանի և հայ ժողովրդի մասին։ Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր կյանքը Երևանում։
– Երբ առաջին անգամ` 3 տարի առաջ, ինքնաթիռով թռչում էինք Հայաստան, առաջինը, ով գրավեց ինձ իր բարությամբ, մի կին էր, մենք նույն չվերթով վայրէջք կատարեցինք Երևանում, նա շատ էր անհանգստանում մեզ համար՝ կդիմավորե՞ն մեզ, թե՞ ոչ, կգտնե՞նք, արդյոք, համալսարանը։ Նա առաջարկեց մեզ հյուրընկալվել իր տանը, նույնիսկ մնաց ու սպասեց մեզ հետ օդանավակայանում՝ համոզվելու, որ մեզ իսկապես դիմավորում են։ Որքան բարություն կար մի անծանոթ կնոջ մեջ, որը չգիտեր նույնիսկ մեր անունները: Այդ օրվանից սկսած՝ ես ամեն օր Երևանում հանդիպում եմ բարի մարդկանց՝ լինի դա տաքսի, հասարակական տրանսպորտ, խանութ, թե պարզապես պատահական անցորդ։ Տատիկներն առանց պատճառի ծաղիկներ էին նվիրում, աղջիկները՝ սուրճ հյուրասիրում: Կային բժիշկներ, դասախոսներ, որոնք վստահեցնում էին, որ ես այստեղ, ի դեմս նրանց, ունեմ ընկեր և երկրորդ մայր։
Երևանը շատ արևոտ քաղաք է, ինչպես և նրա բնակիչները։ Ամեն անգամ հիանում եմ այս երկրի բարությամբ և հսկայական սրտով, շատ եմ սիրում և հարգում հայ ժողովրդին։ Շնորհակալ եմ Հայաստանին նաև այն մարդկանց, այն ընկերների համար, որոնց հանդիպել եմ այստեղ, նրանք բոլորը բարի աչքեր և լուսավոր հոգի ունեն, նրանք, կարծես, իմ երկրորդ հսկայական ընտանիքը լինեն։
Հետագայում երազում եմ ծնողներիս հետ գալ և ծանոթացնել նրանց այս հրաշալի երկրին։
– Ըստ Ձեզ՝ ի՞նչն է կարևոր ռազմական բժշկի համար։ Մարդկային ի՞նչ որակներ են անհրաժեշտ այս մասնագիտության համար։
– Ռազմական բժիշկը պետք է ունենա միաժամանակ և՛ զինվորականի, և՛ բժշկի հատկանիշներ՝ քաջություն, արագ և ճիշտ որոշումներ կայացնելու կարողություն։ Նա պետք է ունենա զինվորականի սուր աչք և բժշկի բարի, գթասիրտ աչքեր, նրա սիրտը սպայի նման հաստատուն և ամուր պետք է լինի, բայց նաև՝ փափուկ ու համակրելի, ինչպես բժշկինը։
– Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր նոր են որոշում կայացրել ռազմական բժիշկ դառնալ։
– Այս որոշումը պետք է գիտակցաբար կայացվի, քանի որ ռազմական բժիշկը միաժամանակ տալիս է Հիպոկրատի երդում և երդում Հայրենիքի առաջ։ Պետք է հասկանալ, որ ոչ միայն առողջությունը, այլև ժողովրդի պաշտպանությունն է լինելու ձեր ձեռքերում, ձեր ուսերին։ Այս նպատակին հասնելու ճանապարհը կարող է հեշտ չլինել, բայց այն հրաշալի, վեհ ճանապարհ է դեպի ռազմական բժշկի մարդասիրական մասնագիտությունը։ Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, գլխավորը՝ հավատացե՛ք ինքներդ ձեզ և իրագործե՛ք ձեր նպատակը։ Ես հավատում եմ քեզ, իմ ապագա գործընկեր:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան