1999թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ Այդ օրվա մասին զրուցել ենք հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Հենրիետա Սուքիասյանի հետ ամբիոնում տարվող աշխատանքների և այլ թեմաների շուրջ։
Նախքան հայոց լեզվի ամբիոնի հիմնադրումը՝ 1967թ. հայոց լեզու և գրականություն է դասավանդվել բժշկական ինստիտուտի նախապատրաստական դասընթացում, իսկ 1975թ.՝ նաև նախապատրաստական բաժանմունքում: Սկզբնական շրջանում հայոց լեզվի և գրականության դասընթացը նախատեսված էր միայն ռուսական կրթություն ունեցող ուսանողների համար:
Հայոց լեզվի ամբիոնը հիմնադրվել է 1992թ., արտասահմանցիների համար ռուսաց լեզվի ամբիոնում գործող հայոց լեզվի և գրականության դասընթացի հիման վրա: Գործունեության վաղ շրջանում ամբիոնում աշխատել են Մ. Հ. Դարբինյանը, Հ. Վ. Սուքիասյանը. Ա. Շ. Դանիելյանը, Ա. Շ. Ավետիսյանը, Ս. Խ. Թորոսյանը, Ա. Գ. Ավետիսյանը, իսկ հետագայում ամբիոնը համալրվել է նոր մասնագետներով՝ Լ. Խ. Թորոսյան, Ն. Ա. Թոռունյան, Գ. Ա. Դավթյան, Մ. Լ. Աթաբեկյան, Ա. Ա. Ավետիսյան, Մ. Հ. Բաբայան, Ն. Հ. Եղիազարյան, Ա. Բ. Սիսյան, Ս. Ա. Լալայան, Ս. Ս. Մինասյան և այլք:
Այժմ ամբիոնի հիմնական գործառույթներից մեկը տեղացի ուսանողներին հայոց լեզու և բժշկական տերմինաբանություն դասավանդելն է:
ԵՊԲՀ-ում դասընթացը կոչվում է հայոց լեզու և բժշկական տերմինաբանություն: Տեղացի ուսանողներին առարկան դասավանդվում է 1-ին կուրսում շաբաթական 2 ժամով:
Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հենրիետա Սուքիասյանը նշում է, որ դասընթացի նպատակն է՝ դպրոցում ձեռքբերած հանրակրթական լեզվական գիտելիքները տեղայնացնել, խորացնել հայոց լեզվի իմացության մասնագիտական ուղղվածությունը, հայերենի իմացության այն անհրաժեշտ հիմքը դնել, որի վրա հնարավոր լինի շարունակել բժշկագիտական լեզվի յուրացումը մյուս բոլոր դասընթացների միջոցով:
«Եթե դպրոցը հաջողությամբ լուծեր իր առջև դրված խնդիրները և ոչ մասնագիտական բուհերին ապահովեր հայերենին պատշաճ մակարդակով տիրապետող շրջանավարտներով, ապա մեր բուհի շրջանակներում բարձրագույն մասնագիտական կրթությամբ բժիշկների լեզվական պատրաստվածության խնդիրը հնարավոր կլիներ առավել հաջողությամբ լուծել»,-ընդգծում է Հենրիետա Սուքիասյանը:
Հայոց լեզվի ամբիոնի ղեկավարը համոզված է, որ պետք է վերականգնել հայերենի ընդունելության քննությունը. «Հայոց լեզվի ամբիոնի՝ առաջին կուրսում անցկացված սկզբնական ստուգումները ցույց են տալիս, որ ուսանողների միայն մի փոքր մասն է, որ թելադրությունից կարող է դրական գնահատական ստանալ: Ուսանողները բուհ են գալիս հայերենի իմացության խիստ տարբեր մակարդակներով»: Ըստ Հենրիետա Սուքիասյանի՝ ամբիոնի առաջնահերթ խնդիրներն են՝ հաշվի առնել ուսանողների նախնական իմացության մակարդակը, հաղթահարել նրանց իմացության մակարդակների խայտաբղետությունը, ապահովել մայրենիի անհրաժեշտ իմացության միատեսակ մակարդակ:
Բուհերում ժամաքանակի մեծ մասը հատկացվում է դպրոցի թերացումների վերացմանը՝ ի հաշիվ լեզվի մասնագիտական տեղայնացման: ԵՊԲՀ-ում բժշկագիտական լեզուն ուսուցանվում է 2-րդ կիսամյակում՝ բժշկագիտական լեզվի և ոճի առանձնահատկությունների ուսուցում, մասնագիտական բառապաշարի յուրացման ապահովում, տեքստերի վերլուծությամբ բժշկագիտական լեզվին բնորոշ տիպական սխալների վերհանում, տիպային փաստաթղթերի կառուցվածքի և լեզվի ուսուցում՝ դեղատոմս, հիվանդության թերթիկ, հիվանդության պատմություն, ախտորոշում, եզրակացություն, դեղամիջոցների և բուժամիջոցների նկարագրում, հիվանդի հետ բանավոր հաղորդակցվելու, նրանից անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, հիվանդի վրա ներգործություն ունենալու, խոսքաբուժության հմտությունների կիրառում… Կարևորվում է մասնագիտական լեզվի դասավանդումը՝ ծանոթություն հայերենի տերմինաշինության հիմունքներին, տերմինների ուսուցում խոսքաշարում՝ հիվանդության անուններ, ախտանիշեր, մարմնի կառուցվածք, առանձին օրգանների անուններ՝ լատիներենի և այլ լեզուների զուգորդմամբ, բառակազմական-ստուգաբանական վերլուծությամբ, դրանք ինքնուրույն կիրառելու հմտությամբ: Հայոց լեզվի ամբիոնի ղեկավարի խոսքով՝ ուշադրություն է դարձվում տերմինների ուղղագրությանը, ուղղախոսությանը: «Մենք այն կարծիքին չենք, թե հայերեն դասընթացն ուսանողին մասնագիտական լեզվի կատարյալ իմացություն է տալիս. հայերենի իմացությամբ այն անհրաժեշտ հիմքն է դրվում, որ հնարավոր լինի մասնագիտական լեզուն յուրացնել մյուս բոլոր մասնագիտական առարկաների միջոցով»,-նշում է Հենրիետա Սուքիասյանը: Օտարերկրացի ուսանողներին հայոց լեզուն 1-ին կուրսում դասավանդվում է շաբաթական 4, իսկ 2-րդ և 3-րդ կուրսում՝ 2 ժամով:
Ըստ Հենրիետա Սուքիասյանի՝ ԵՊԲՀ-ում օտարերկրացիների ուսուցումն ունի իր առանձնահատկությունը: Նախ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ օտարերկրացի ուսանողներին հայերեն ուսուցանելը պայմանավորված է հայերենի տարաբնույթ իմացության մակարդակով: Բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնը 2002 թվականից ամրագրել է արտասահմանցի ուսանողների հետ աշխատելու փորձը: Ըստ հայերենի իմացության մակարդակների՝ կազմվել են ծրագրեր, օրացուցային պլաններ, կատարվել են դասերի մեթոդական մշակումներ: Այդ տարիների ընթացքում տպագրվել են ուսումնամեթոդական ձեռնարկներ, բառարաններ, զրուցարաններ: Բուհում ուսանում են օտարերկրացի ուսանողներ ԱՊՀ-ից, Սփյուռքից և օտարազգի ուսանողներ արտասահմանյան բազմաթիվ երկրներից՝ Հնդկաստանից, Իրանից, Թայլանդից, Չինաստանից, Պակիստանից, Նեպալից, Մերձավոր Արևելքից, ԱՄՆ-ից:
«ԱՊՀ երկրներից եկած ուսանողները հիմնականում ռուսախոս են, և դասընթացի նպատակը ուսուցման ընթացքում ռուսերենի անհարկի ազդեցությունը վերացնելն է և նրանց հնարավորինս հայերեն լեզվամտածողությամբ զինելը»,-նշում է բանասիրական գիտությունների թեկնածուն:
Բոլորովին այլ է անգլախոս սփյուռքահայերի ուսուցման խնդիրը: Ուշադրություն ենք դարձնում երկու գրական տարբերակների ընդհանրություններին և տարբերություններին: Մեր խորին համոզմամբ պետք է առավելապես զարգացնել սփյուռքահայերի արևելահայերեն բառապաշարը՝ մայր հայրենիքում նպաստելով նրանց դյուրին հաղորդակցմանը: Առավել դժվար է օտարալեզու այլազգի (հնդիկ, պարսիկ, արաբ, հորդանանցի) ուսանողների հայերեն ուսուցումը, որը կազմակերպվում է երեք փուլով՝ 1. սկզբնափուլով, 2. հիմնական դասընթացով, 3. մասնագիտական լեզվի ուսուցմամբ: Բժշկագիտական խոսքի դասավանդման բաղկացուցիչ մաս են հիվանդությունների, բժշկական հիմնարկների, բաժանմունքների, մասնագիտությունների, գործիքների անվանումները: Այս ամենը նպաստում է անգլախոս ուսանողներին պատրաստելու որպես հմուտ բժիշկներ, որոնք մասնագիտական պրակտիկան անցկացնում են կլինիկաներում՝ հայախոս միջավայրում»,-ասում է բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի ղեկավարը:
Նա նաև ընդգծում է, որ հայերենին չտիրապետող արտասահմանցի ուսանողներին հայոց լեզու դասավանդելն ունի նաև ճանաչողական նշանակություն: Օտարները հայերենով են ճանաչում Հայաստանը: Այդ նպատակով, Հենրիետա Սուքիասյանի համոզմամբ, անհրաժեշտ է նախ՝ անգլախոս ուսանողների մեջ հետաքրքրություն առաջացնել մեր հնագույն լեզվի և մշակույթի նկատմամբ, ապա՝ դասի ընթացքում բանաստեղծությունների, երգերի, հանելուկների, խաղիկների ուսուցմամբ ևս նպաստել օտարերկրացի ուսանողի բառապաշարի հարստացմանը, լեզվամտածողության զարգացմանը:
Այսպիսով, արտասահմանցի ուսանողների հայերենը յուրացնում են ոչ միայն ծրագրային նյութերի, այլև ճանաչողական նյութերի և էքսկուրսիաների միջոցով:
Դրա նպատակն է օտարերկրացի ուսանողներին հաղորդակից դարձնել մեր մայրենի լեզվին, ազգային արժեքներին: «Նրանց ոչ միայն հաղորդակից ենք դարձնում մեր մշակույթին և հոգևոր արժեքներին, այլև հնարավորություն ենք ստեղծում ներկայացնելու իրենց ազգային սովորույթները, մշակույթը՝ բարեկամության կամուրջ ստեղծելով տարբեր ազգերի երիտասարդների միջև»,-ընդգծում է տիկին Սուքիասյանը:
Խորհրդային տարիներին բժշկական համալսարանում ուսուցումը հիմնականում ռուսերենով էր: Հայերենով հրատարակված դասագրքերի ու ձեռնարկների ստվար մասը թարգմանվում էր ռուսերենից, և բժշկագիտական լեզուն հեղեղված էր հայերենի լեզվամտածողությանն անհարիր ոճական, քերականական սխալներով, տրամաբանական թերություններով: Այս ամենի հետևանքով, ըստ հայոց լեզվի ամբիոնի ղեկավարի, ասելիքը հաճախ չէր հասնում ունկնդրին կամ ընթերցողին, տեղիք էր տալիս թյուրըմբռնումների:
«Վերջին մեկ-երկու տասնամյակում հայացվեց կրթական համակարգը: Աստիճանաբար մեծանում է հայոց լեզվի դերը նաև մասնագիտական տարբեր ոլորտներում: Սկսվել է նաև առողջապահության ոլորտի հայերենացումը: Մեծանում է հայերենով լույս տեսնող բժշկագիտական գրականության ծավալը: Դեռևս 1989-ից ամբիոնը զբաղվում է համալսարանի դասագրքերի, գիտական հոդվածների, բժշկագիտական գրականության խմբագրմամբ: Բժշկագիտական լեզվի նպատակային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատությունների, դասագրքերի, դասախոսությունների, ուսումնական ձեռնարկների լեզուն այժմ էլ կանոնարկված չէ: Ակնառու է ոչ հայեցի մտածելակերպը, որը, անշուշտ, պայմանավորված է օգտագործվող ռուսերեն և անգլերեն գրականության ազդեցությամբ: Բժշկագիտական դասագրքերի լեզուն հղկելու գործընթացը տևական է: Մենք միշտ կարևորել և կարևորում ենք բժիշկ-մասնագետների և լեզվաբանների գործակցությունը այս հարցում: Կարևոր է, որ այդ գործընթացը արդեն սկսվել է և պետք է հետևողականորեն առաջ տանել»,-շեշտում է Հենրիետա Սուքիասյանը:
Տարիներ ի վեր Երևանի պետական բժշկական համալսարանում ավանդույթ է դարձել բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպելը, և այդ միջոցառումները շարունակ կազմակերպել է ԵՊԲՀ «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնը: 17 տարի է՝ կենտրոնը կատարում է հայրենանվեր գործ՝ բազմաբնույթ հետաքրքիր ու բավանդակալից հոբելյանական միջոցառումներով հարստացնելով համալսարանական առօրյան: Ուշադրության են արժանի հատկապես Մայրենի լեզվի օրը, Մայիսյան հաղթարշավները, Մեծ եղեռնի տարելիցը:
«Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի գործունեության շրջանակում կազմակերպվում են ուսանողական միջամբիոնական գիտաժողովներ, տեղացի և արտասահմանցի ուսանողների միջխմբային և ներխմբային բանավոր խոսքի, հայրենագիտական թեմայով մրցույթներ:
ՄԱՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ