Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ֆրից Ռոզենդալ. Բժշկի մասնագիտությունը թույլ կողմեր չունի

Ֆրից Ռոզենդալ. Բժշկի մասնագիտությունը թույլ կողմեր չունի

Կատակասեր, ֆուտբոլի ու պատմության սիրահար բժիշկ, հետազոտող Ֆրից Ռոզենդալը Նիդերլանդների հայտնի Լեյդենի համալսարանի պրոֆեսոր է: Նա Նիդերլանդների թրոմբոզի և հեմոսթազի միության նախագահն է: Տարիներ շարունակ եղել է Թրոմբոզի և հեմոսթազի միջազգային միության նախագահը: Այժմ Ֆրից Ռոզենդալը ղեկավարում է Լեյդենի համալսարանի կլինիկական էպիդեմիոլոգիայի և թրոմբոզի ու հեմոսթազի բաժինները, Վաշինգտոնի և Վերմոնտի համալսարանների այցելու պրոֆեսոր է: Նա Journal od Thrombosis and Haemostasis աշխարհահռչակ գիտական ամսագրի գլխավոր խմբագիրն է: Ռոզենդալը հեղինակ է ավելի քան 500 գիտական աշխատանքի, որոնք տպագրվել են աշխարհում հայտնի գիտական պարբերականներում: 2003 թվականին նա արժանացել է Նիդերլանդներում ամենաբարձր գիտական պարգևին՝ «Սպինոզա» մրցանակին:

Անվանի բժիշկը և գիտնականը մասնակցում էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացված «Ամեն ինչ թրոմբոզի մասին» երկօրյա միջազգային կոնֆերանսին:  

– Ինչու՞ որոշեցիք ընտրել բժշկի մասնագիտությունը:

– Որովհետև ես չգիտեի՝ ինչ ընտրել (ծիծաղում է – հեղ.): Ես ուզում էի դառնալ լրագրող: Բայց մայրս ասաց. «Հաշվի առնելով, որ հայրդ բժիշկ էր, միգուցե ավելի լավ կլինի ձեռք բերել այդ մասնագիտությունը»: Ես իրականում չգիտեի՝ ինչ անել, բայց, ի վերջո, ընտրեցի բժշկությունը: Բժշկական դպրոցի առաջին տարիները բավականին ձանձրալի էին, սակայն հետագայում ամեն ինչ գնալով ավելի հետաքրքրացավ: Ժամանակի ընթացքում ես դարձա հետազոտող, այժմ ես չեմ աշխատում որպես բժիշկ: Ներկայումս գրում եմ բժշկական հոդվածներ, այդ պատճառով կարելի է ասել, որ ես ինչ-որ առումով դարձա լրագրող:

– Պրոֆեսոր, կարո՞ղ եք առանձնացնել բժշկի մասնագիտության մի քանի ուժեղ և թույլ կողմ:

– Ուժեղ կողմն ուսանողների համար կայանում է նրանում, որ նրանք սովորելու ընթացքում ունեն ընտրության լայն հնարավորություն: Նրանք կարող են դառնալ հետազոտող, օրթոպեդիստ, վիրաբույժ, ռադիոլոգ: Թույլ կողմեր բժշկի մասնագիտությունն, իմ կարծիքով, չունի:

– Բժիշկ աշխատելու ժամանակաշրջանում ինչպե՞ս էիք շահում հիվանդի վստահությունը:

– Ինձ համար շատ կարևոր է իմանալ, թե ինչ եմ ես անում և թե ինչ չեմ կարող անել, ինչպես նաև լինել հնարավորինս բաց: Չնայած կան շատ մարդիկ, ովքեր վայելում են մեծ վստահություն՝ իրականում այնքան էլ արժանի չլինելով դրան, այնուամենայնիվ, մեծ հաշվով, կարծում եմ, մարդկանց մեծամասնությունը վստահում է բժիշկներին:

– Ի՞նչ գլոբալ խնդիրներ եք տեսնում Ձեր գործունեության ոլորտում՝ թրոմբոզի և հեմոսթազի բուժման ասպարեզում:

– Կարծում եմ՝ առաջնային խնդիրներից մեկը հսկայական սահմանաբաժանումն է հարուստների և աղքատների միջև: Հիվանդությունների բուժման ծախսերն աստիճանաբար ավելի ու ավելի են շատանում: Օրինակ, եթե դու աղքատ երկրից ես (իսկ այդպիսի երկրներ դեռևս կան, օրինակ, Արևելյան Եվրոպայում), դու չես կարող վճարել հեմոսթազի բուժման համար: Ավելորդ է խոսել նույնիսկ Աֆրիկայի կամ արաբական երկրների մասին: Դեղամիջոցների գները ևս գնալով ավելի ու ավելի են բարձրանում: Դա պայմանավորված է դեղագործական ընկերությունների գործունեությամբ, որոնք ձգտում են հնարավորինս շատ գումար աշխատել:

– Պարոն Ռոզենդալ, հղի կանայք համարվում են թրոմբոզի զարգացման համար ռիսկային խումբ: Ինչպե՞ս կարող են նրանք խուսափել այս հիվանդությունից:

– Այո, հղիությունը կանանց մոտ թրոմբոզի առաջացման ամենամեծ ռիսկային գործոնն է: Մյուս կողմից, երիտասարդ կանանց շրջանում թրոմբոզը շատ հազվադեպ է հանդիպում. 1000 հղի կանանցից ընդամենը 1-ի մոտ կարող է առաջանալ թրոմբոզ: Երիտասարդ կանանց (մինչև 45 տարեկան) սովորաբար չի սպառնում այդ հիվանդությունը: Այնուամենայնիվ, մարդիկ պետք է տեղեկացված լինեն իրենց հիվանդության մասին, նրանք պետք է իրազեկ լինեն երակային թրոմբոզի և դրա հետևանքների մասին:

– Բժիշկները մշտապես կանգնում են բազմաթիվ մարտահրավերների առջև՝ և՛ մասնագիտական, և՛ անձնական առումներով: Ո՞րն է Ձեր ամենակարևոր խորհուրդը ապագա բժիշկներին:

– Դարձե՛ք իսկապես լավ բժիշկներ: Օգտագործե՛ք Ձեզ դուր եկած ոլորտը և եղե՛ք երջանիկ:

– Կա՞ն, արդյոք, հատուկ սկզբունքներ, որոնց հետևելը պարտադիր է բժշկի հաջող կարիերայի համար:

– Եթե դու ուզում ես լինել հաջողակ, դու պետք է շատ աշխատես: Յուրաքանչյուր ոլորտում է այդպես: Բժշկի հաջող կարիերայի համար անհրաժեշտ է տաղանդի և քրտնաջան աշխատանքի համադրություն: Այդպես է նաև պարարվեստում, օրինակ, եթե դու ցանկանում ես դառնալ բալետի պարող, դու պետք է ունենաս տաղանդ: Կյանքում շատ կարևոր դաս է ընդունել այն, ինչ դու չես կարող անել: Մշտապես խոսվում է մարդկանց կողմից սեփական տաղանդները ճանաչելու մասին, բայց չափազանց կարևոր է նաև ընդունել այն ոլորտները, որոնցում դու տաղանդ չունես:

– Պրոֆեսոր, ինչպե՞ս եք նախընտրում հանգստանալ:

– Դիտում եմ Netflix հեռուստաալիքը: Ես նաև շատ եմ կարդում: Հիմնականում պատմական գրքեր եմ կարդում: Այս պահին կարդում եմ Օսմանյան կայսրության փլուզման մասին: Իհարկե, Հայաստանը նույնպես կարևոր դեր է խաղացել այս շրջանում:

– Մինչ Հայաստան այցելելը ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին:

– Ես, անշուշտ, գիտեմ Հայոց ցեղասպանության մասին: Եղել եմ Իրանում. այնտեղ խոշոր հայկական համայնք կա: Ինձ հիացրեց Էսֆահանի գեղեցիկ հայկական եկեղեցին: Այնտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բավականին տպավորիչ թանգարան կար:

Ես նաև շատ եմ սիրում շախմատ, ճանաչում եմ Տիգրան Պետրոսյանին, Լևոն Արոնյանին:

 

                                                                           

                                                                       Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան

                                                                     Լուսանկարները՝ Կարեն Սերոբյանի