Բրոնիսլավ Օզիմկովսկին հանդիպումներին ներկայանում է զինվորականին բնորոշ ճշտապահությամբ, իսկ հարցերին պատասխանում կարճ, հստակ և ռազմական բժշկին հարիր կրկնակի պատասխանատվությամբ։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կրթություն ստանալուց հետո Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտ Բրոնիսլավ Օզիմկովսկին հայրենիքում՝ Ղազախստանում, մտադիր է հիմնել սանիտարների համար նախատեսված հատուկ վարժարաններ՝ բարելավելով զինծառայողներին տրամադրվող բուժօգնությունը։
Երկրորդ կուրսում սովորող 21-ամյա ապագա ռազմական բժշկի հետ խոսել ենք մասնագիտական կրթության, ընտանիքում զինվորականների ու բժիշկների առկայության, Հայաստանի ու հայ ժողովրդի մասին։
– Պատմե՛ք մի փոքր Ձեր մասին:
– Ծնվել եմ Ղազախստանի հյուսիսում գտնվող Պետրոպավլովսկ քաղաքում։ Զբաղվել եմ կարատեով (ունեմ նարնջագույն գոտի), լողով, թաիլանդական բռնցքամարտով։ Ղազախստանի չեմպիոն եմ թաիլանդական բռնցքամարտում, միջազգային մրցույթների դափնեկիր՝ թաիլանդական բռնցքամարտում, խառը մարտարվեստ և տեկվանդո մարզաձևերում։ Մարզադպրոցն ավարտելուց հետո զորակոչվեցի բանակ, ծառայել եմ ծովային հետևակում։ Ծառայության ընթացքում հայտնաբերել եմ դիվերսանտի ու խրախուսվել արձակուրդով։ Բանակից անմիջապես հետո մեկնեցի Ակտոբե քաղաք, ընդունվեցի Տ․Բեգելդինովի անվան ավիացիոն ինստիտուտ՝ ինժեների մասնագիտացմամբ։ Իսկ ինստիտուտն ավարտելուց հետո որոշեցի գալ այստեղ՝ Երևան։
– Ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք դառնալ ռազմական բժիշկ։
– Ուզում էի և՛ բժիշկ լինել, և՛ զինվորական։ Եվ քանի որ այս երկու մասնագիտությունը համատեղելու նման հնարավորություն կա, որոշեցի դառնալ ռազմական բժիշկ։
– Ընտանիքում կա՞ն ռազմական բժիշկներ։
– Հայրս ու հորեղբայրս զինվորականներ են, մեր ընտանիքում շատ են զինվորականները, իսկ մորս կողմի ազգականների շրջանում գերակշռում են բժիշկները, հիմնականում՝ ստոմատոլոգներ։
– Հետագա կրթության համար ընտրությունն ինչպե՞ս կանգ առավ Հայաստանի՝ ԵՊԲՀ-ի վրա։
– Այստեղ պատրաստում են որակյալ մասնագետներ, որոնք բժշկությունը զարգացնում են նաև արտերկրում։ Շատ բժիշկներ, որոնք ավարտել են այլ բուհեր և աշխատում են այլ երկրներում, միշտ հիացմունքով են խոսում Երևանի պետական բժշկական համալսարանի մասին, և հենց նրանք են ինձ խորհուրդ տվել գալ այստեղ։
– ԵՊԲՀ-ում բժշկական կրթությունը արդարացրե՞լ է Ձեր սպասելիքները։
– Այո, իհարկե։
– Ի՞նչ կասեք մեր երկրի ու հայ ժողովրդի մասին։
– Հայաստանը գունագեղ երկիր է՝ հրաշալի լեռներով, ջրվեժներով ու քաղցրահամ ջրով, իսկ հայ ժողովուրդը շատ հյուրընկալ է։
– Կցանկանայի՞ք մնալ և աշխատել այստեղ:
– Շատ կցանկանայի, բայց չեմ կարող։ Հայրենիքում նախաձեռնելու եմ զինծառայողների բուժօգնության բարելավման գործընթաց՝ հիմնելով սանիտարների համար նախատեսված հատուկ վարժարաններ։
– Մարդկային ի՞նչ որակներ են կարևոր ռազմական բժշկի համար։
– Անշահախնդրություն, ամենադժվար իրավիճակներում առաջին օգնություն ցուցաբերելու վճռականություն, աշխատասիրություն, բարոյականություն։
– Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր նույնպես որոշել են ռազմական բժիշկ դառնալ։
– Ռազմական բժիշկը պետք է կարողանա միաժամանակ և՛ հրամայել, և՛ ենթարկվել, պետք է կարողանա տարբեր իրավիճակներում դժվար որոշումներ կայացնել, պետք է սիրի իր մասնագիտությունը և ներդնի բոլոր ուժերը դրա զարգացման գործում:
Հարցազրույցը՝ Տաթևիկ Ղազարյանի
Լուսանկարները՝ Մարի Գալստյանի