Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ջոն Բիլեզիկյան. Հայ պրոֆեսորի խորհուրդը երիտասարդ բժիշկներին՝ երբեք մի՛ հուսահատվեք

Ջոն Բիլեզիկյան. Հայ պրոֆեսորի խորհուրդը երիտասարդ բժիշկներին՝ երբեք մի՛ հուսահատվեք

Համեստ և շփվող ամերիկահայ պրոֆեսոր, բժիշկ Ջոն Բիլեզիկյանը Հայաստանում զգում է իրեն ինչպես տանը: Բժշկության և դեղագործության պրոֆեսորը, օստեոպորոզի դեմ պայքարի մասնագետը հիմնել է Միացյալ Նահանգներում առաջատար բաժանմունքներից մեկը – Էնդոկրինոլոգիայի բաժանմունքը Կոլումբիայի համալսարանում: 

Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում օստեոպորոզի դեմ պայքարի բնագավառը: 

Երբ առաջին անգամ եկա Հայաստան՝ տասը տարի առաջ, շատ քիչ հետաքրքրվածություն և շատ քիչ գիտելիք կար օստեոպորզի մասին: Բժիշկները կարծում էին, թե դա հատուկ է միայն մեծ տարիքի մարդկանց: Արյան խտությունը չափող ընդամենը մեկ սարք ունեինք երկրում: Դա տասը տարի առաջ էր: Հիմա, տասը տարի անց, մենք տասը այդպիսի սարքավորում ունենք: Դրանք մեզ հնարավորություն են տալիս անվտանգ ձևով չափել, թե որքան կալցիում կա հիվանդի ոսկրերում:  Եվ այս ինֆորմացիայի շնորհիվ կարող ենք որոշել՝ արդյոք հիվանդն ունի օստեոպորոզ, թե ոչ: Այսպիսով, կարող եմ ասել, որ այժմ Հայաստանում բժիշկներն ավելի տեղեկացված են օստեոպորոզի մասին, քան 10 տարի առաջ: Երկրում կա իրազեկվածություն, որ սա լուրջ հիվանդություն է: Հայաստանն այս առումով բացառություն չէ, ինչպես ցանկացած այլ երկիր: Կարծում եմ՝ ավելի շատ բան ունենք անելու: Հայաստանում ցանկալի կլիներ զարգացնել հետազոտական ենթակառուցվածքը, օստեոպորոզի վերաբերյալ հետազոտություններ կատարել այստեղ՝ Հայաստանում. դա կարող է դարձնել Հայաստանը մի երկիր, որը նպաստում է այս ոլորտում գիտելիքների ավելացմանը: Եվ դա իմ նպատակներից մեկն է՝ ունենալ հետազոտական ծրագրեր, իհարկե, Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համատեղ:  

Բժշկի մասնագիտությունը պահանջում է բավականին մեծ ջանքեր և շատ ժամանակ: Խնդրում եմ, կիսվեք Ձեր հաջողության բանաձևով:

– Ես վաղուց արդեն բժիշկ եմ: Ավարտել եմ Կոլումբիայի համալսարանի Բժշկական դպրոցը: Եվ իմ կարիերան զարգացել է ոչ այնպես, ինչպես ես էի կարծում: Ես պատրաստվում էի դառնալ սովորական բժիշկ: Բայց ինձ ոգեշնչեց իմ ուսուցիչներից մեկը, ով տվեց ինձ այն գաղափարը, որ ես կարող եմ հետազոտություններ կատարել, ես կարող եմ սովորեցնել, կարող եմ բարձրացնել գիտելիքների մակարդակը և միևնույն ժամանակ խնամել հիվանդներին: Իմ կարիերան այս ամենի խառնուրդն էր: Ես նաև առաջնորդի կարիերա եմ ունեցել: Արդեն 29 տարի ղեկավարում եմ Կոլումբիայի համալսարանի էնդոկրինոլոգիայի բաժինը: Երբ այդ բաժանմունքն էինք ստեղծում, մենք ընդամենը 2-3 հոգի ունեինք: Հիմա մեր բաժանմունքն ունի 45 բժիշկ: Այսօր մեր բաժանմունքը ԱՄՆ-ում առաջատարներից մեկն է: 

Ինչպե՞ս եք կարողանում համատեղել Ձեր աշխատանքն ու անձնական կյանքը:

Իմ աշխատանքային և անձնական կյանքը դժվար է առանձնացնել իրարից: Իմ կինը նույնպես բժիշկ է: Նա շատ լավ հասկանում է այն ամենը, ինչով ես զբաղվում եմ: Շատ կարևոր է, որպեսզի քո կողակիցը հասկանա, թե ինչ ես անում դու: Ես շատ եմ աշխատում գիշերները, շատ եմ ճանապարհորդում: Իմ կինն աջակցում է ինձ ամեն հարցում: Ի դեպ, նա շատ է այցելել Հայաստան: Այնպես է ստացվել, որ նա հայ չէ, բայց դա նորմալ է (ժպտում է): Նա ամերիկացի է, բայց ավելի շատ բան գիտի Հայաստանի մասին, քան ես: Նա սիրում է մեր երկիրը: Հաջող անձնական և աշխատանքային կյանքի գաղտնիքը կողակցիդ՝  քո աշխատանքը գնահատելու և հասկանալու կարողության մեջ է:  

Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա բժիշկներին:

Իմ խորհուրդը ապագա բժիշկներին. առաջինը՝ չվախենալ, թե ինչ են մտածում մարդիկ մեր բնագավառի մասին: Լինելով բժիշկ՝ դուք հնարավորություն եք ստանում բազմաթիվ գործեր անելու՝ հետազոտելու և ուսուցանելու:  

Մյուս բանը, որ կուզեի ասել երիտասարդ բժիշկներին, ինչ-որ մեկին օրինակ ունենալն է, մեկը, ով ավելի մեծ և փորձառու է ձեզանից: Եվ դուք կարող եք ասել.«Ես ուզում եմ նմանվել այս մարդուն»: Ես լավատեսության, հույսի և ոգեշնչվածության կոչ եմ անում: Եվ երբեք մի՛ վախեցեք դժվար աշխատանքից: Դժվար աշխատանքը երբեք դժվար չէ, եթե վայելում եք այն, ինչ անում եք: 

Սիրելի վայր ունե՞ք Հայաստանում:

Ինձ համար Հայաստանի կենտրոնը Երևանն է: Դա այն վայրն է, որտեղ ես հանդիպում եմ մարդկանց, դա այն վայրն է, որտեղ ես ինձ հանգիստ եմ զգում: Այնպես եմ զգում, կարծես իմ տունն է: Երբ ինքնաթիռն ինձ համար առաջին անգամ վայրէջք կատարեց Հայաստանում 2007-ին, ես հասկացա, որ սա տուն է: Դա մի զգացողություն է, որ երբեք էլ չեմ ունենա: Իմ ծնողները Միացյալ Նահանգներ են եկել Մարաշից, Արևմտյան Հայաստանից: Իմ հայրը Միացյալ Նահանգներ է եկել 1922-ին՝ Ցեղասպանությունից 7 տարի հետո. իմ ընտանիքի մի մասին, բարեբախտաբար, հաջողվել է փրկվել: Մենք շատ հպարտ ենք մեր հայկական արմատներով:   

Ո՞րն է ձեր սիրելի հայկական ուտեստը:

-Ես միս չեմ ուտում: Այստեղ շատ միս են ուտում: Ես միս ուտելով եմ մեծացել: Բայց 20 տարի առաջ դադարեցի միս ուտել: Այնուամենայնիվ, Հայատանում ձուկը հիանալի է:  

Փլավն իմ սիրելի ուտեստն է: Այն շատ յուրահատուկ ճաշատեսակ է: Բայց ես երբեք իմ փորձած փլավից չեմ տեսել Հայաստանում: Բրնձով փլավը իմ ամենասիրած ճաշատեսակներից է: Հայաստանի մասին մյուս անհավանական բանն այն է, որ աշխարհում ոչ մի այլ տեղ չկա ավելի համեղ վարունգ, լոլիկ և պանիր:

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան

Ֆոտո՝ Կարեն Սերոբյանի