Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կենցաղային հարցերն էլ ունեն իրենց գիտական կողմը, ցանկացած խնդիր պետք է լուծել նորարարական ճանապարհով

Բժշկական մայր բուհի 2018թ. ուսումնական տարվա լավագույն ուսանողներ Սենիկ Մատինյանը և Լուսինե Հովհաննիսյանը վերջերս ընտանիք են կազմել:

Գիտելիքներն արժևորող և գիտական աշխարհում իրենց հաստատուն տեղը զբաղեցնելու ձգտմամբ համալսարանականները շատ անգամներ են աչքի ընկել ԵՊԲՀ-ում և շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունը ծավալել այստեղ՝ արդեն միասին ընտանիք կազմած:

Բժիշկ-գիտնական, ՔՈԲՐԵՅՆ թիմի անդամ Սենիկ Մատինյանի հետ զրուցել ենք ձեռք բերած հաջողությունների, մասնագիտական գործունեության, ինչպես նաև գիտական ընտանիք կազմելու մասին:

-Դուք և Լուսինեն ուսանողական կյանքի ընթացքում ներգրավված եք եղել գիտական աշխատանքներում:  Կներկայացնե՞ք՝ գիտական գործունեությամբ զբաղվելու ընթացքում ի՞նչ արդյունքների եք հասել:

– Երկուսս էլ մեր հետազոտական աշխատանքները սկսել ենք հիմնարար հետազոտությունների դաշտում, որտեղ գիտական արդյունքը ստացվում է տարիների աշխատանքի շնորհիվ։ Այսօր արդեն իսկ կարող ենք փաստել, որ մեր օբյեկտիվի տակ երևում են առաջին արդյունքները։ Երկուսիս հետաքրքրության կենտրոնում ուղեղն է, և երկու դեպքում էլ հնարավոր վերականգնումը վնասվածքից հետո, ուղղակի մի դեպքում թեման առնչվում է ուռուցքային պրոցեսին, մեկ այլ դեպքում՝ կաթվածին։

– Գիտությամբ զբաղվող մարդու մտածելակերպը տարբերվում է.  ավելի լայն է և յուրահատուկ, ուստի գիտական ճանապարհին կարող են բազմաթիվ դժվարություններ հանդիպել:  Ինչպե՞ս եք կարողացել հաղթահարել դրանք՝ կերտելով ամենաբարդ և ամենակարևոր ուղին:

– Մենք միշտ սիրում ենք կրկնել, որ գիտությունը նման է անտառի, որտեղ մուտքը մեկն է, իսկ ելքեր այդպես էլ ոչ մեկը չի փնտրում։ Դու պատրաստ ես լինում մեկ քայլ առաջ գնալու մի ուղղությամբ, որ դեռ ոչ մեկ չի փորձել, կամ միգուցե անհաջողության է մատնվել։ Պետք է պատրաստ լինել երկարատև անհաջողությունների, և որ ամենակարևորն է, լինել արդար արդյունքների մեկնաբանման հարցում։ Պարզապես պետք է վայելել պրոցեսը և մնալ հետաքրքրասեր, չկորցնել զարմանալու ունակությունը։

-Lավ բժիշկ դառնալու համար բազմաթիվ նախապայմաններ կան: Կթվե՞ք ամենակարևորները:

-Բժշկությունը հատկապես վերջին տարիներին որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Հնարավոր է, օրինակ Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը որոշել այն ժամանակ, երբ դեռ այն չի էլ զարգացել, կամ քրոնիկ դեպրեսիան մոդուլավորել ուղեղում տեղադրված էլեկտրոդների միջոցով։ Այսօր գիտական նորանոր հոդվածներ են հայտնվում վիրահատական ռոբոտների, բարձր տարածաժամանակային ճշգրտությամբ ուղեղի ակտիվությունը գրանցող սարքերի,  արհեստական օրգանների մասին և այս արագությունը պետք է ստիպի ուսանողին ձեռքը պահել գիտական զարկերակի վրա, անընդհատ կարդալ, հետևել նորություններին, ինքնակրթվել և սովորել առաջընթացը առաջին ձեռքից ստանալ։

Սակայն ցանկացած պարագայում, եթե նույնիսկ համակարգիչը գերազանցի բժշկին տվյալների վերլուծության և ախտորոշման ճշգրտության հարցում, բժշկի դերը միշտ մնում է կարևորագույնը՝ լսել հիվանդի գանգատները, ունենալ էմպաթիա, և սփոփել հիվանդի տառապանքը՝ ելնելով մարդասիրական արժեքներից։

-Ծանրաբեռնված և հագեցած առօրյայի ընթացքում արդյոք գտնո՞ւմ եք ազատ ժամանակ: Երիտասարդ գիտնականները սովորաբար ինչո՞վ են լրացնում իրենց ազատ ժամանակը:

– Ժամանակը հարաբերական հասկացություն է։ Մարդ ազատ է ընտրել, թե ինչպես կանցնի իր օրը, եթե լինի կազմակերպված և հետևի հստակ օրակարգի։ Հետևաբար ցանկացած ժամանակ էլ ազատ ժամանակ է։ Գիտությանը տրամադրած ժամանակն էլ  ազատ ժամանակ է, քանի որ կամավոր և սիրով ենք ընտրել այդ գործը։ Իհարկե, մեր օրակարգում կա նաև ժամ ոչ աշխատանքային գործունեության համար։ Այդ ժամանակ նախընտրում ենք շփվել մտերիմների հետ և զբաղվել ակտիվ հանգստով բնության գրկում։

-Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ցանկանում են բժիշկ դառնալ կամ  պատրաստվում են զբաղվել գիտությամբ:

-Բժշկությունը սկսվում է հիվանդասենյակում անքուն գիշերներ անցկացնելով, իսկ գիտնականը շատ դեպքերում մնում է լաբորատորիայում՝ հույսով, որ սա հենց այն դեպքն է, երբ փորձարկումը կստացվի, և, միգուցե, ստացված արդյունքը մի օր կհասնի մահճակալին գամված հիվանդին և կօգնի նրան։ Շատ կարևոր է, որ բժիշկը նաև գիտնական լինի, ունենա գիտական մտածողություն ու կասկածամտություն, կարողանա սառնասիրտ վերլուծել փաստերը և սիստեմատիկ մոտեցում ցուցաբերի սպեցիֆիկ կլինիկական դեպքի վերաբերյալ։ 

-Վերջերս Դուք և Լուսինեն կազմեցիք տարբերվող՝ գիտական ընտանիք:  Ընտանիքում ևս գիտական շունչն է թևածո՞ւմ, թե կարողանում եք երբեմն լինել սովորական ընտանիքների պես՝ կենցաղային թեմաները ևս ուշադրության կենտրոնում ունենալ:

– Մեր պատմությունը սկսվում է դեռևս ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերությունից, որտեղ էլ և առաջին անգամ հանդիպեցինք։ Երկուսս էլ եկել էինք այնտեղ նոր գիտելիքներ ստանալու, գիտական միջավայրում լինելու և համալսարանում իրականացվող գիտափորձերին մասնակցելու նպատակով։ Մեր ուսանողական լաբորատորիան վերանորոգելիս և կահավորելիս արդեն սովորել էինք միասին որոշակի կենցաղային հարցեր լուծել, որը նաև օգտակար եղավ ընտանեկան կյանքում։ Կենցաղային հարցերն էլ ունեն իրենց գիտական կողմը, և մենք միշտ աշխատում ենք ցանկացած խնդիր լուծել ավելի արդյունավետ, արագ և նորարարական ճանապարհով։ Կարծում ենք՝ մեր բախտը բերել է, որ կարող ենք ցանկացած թեմայով իրար հետ խոսել և բավականություն ստանալ դիմացինի բազմակողմանի զարգացած ինտելեկտից։

Հարցազրույցը՝ Արփինե Թովմասյանի