ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Ստելլա Ասլիբեկյանը համաճարակաբանության դոցենտ է ԱՄՆ երկու՝ Ալաբամայի և Կենտուկիի համալսարաններում։ Նա Կալիֆորնիայում՝ Սիլիկոնյան հովտում տեղակայված 23andMe մասնավոր կենսատեխնոլոգիական ընկերության գենետիկական համաճարակաբանության խմբի ղեկավարն է:
Միացյալ Նահանգներում կարևոր ձեռքբերումների հասած մեր հայրենակցուհու հետ խոսել ենք բժիշկ դառնալու դժվարին ուղին ընտրելու շարժառիթների, բժշկագիտության ոլորտի դժվարությունների, ինչպես նաև պապենական հայրենիք՝ Հայաստան այցելելու մեծ ցանկության մասին։
– Բժիշկ դառնալու մասին երազե՞լ եք: Ինչպե՞ս կայացրիք որոշումը։
Մանուկ հասակում, իհարկե, չէի երազում համաճարակաբան դառնալու մասին, քանի որ նույնիսկ չգիտեի, որ գոյություն ունի այդպիսի մասնագիտություն։
Մայրս բժիշկ էր, և ես միշտ հետաքրքրված եմ եղել բժշկությամբ, բայց հիմնականում՝ տեսականորեն: Սկզբում մտածում էի՝ ինչու են մարդիկ հիվանդանում։ Ապա ինձ դուր եկավ հիվանդությունների բաշխման օրինաչափությունների մասին միտքը: Ո՞վ է հիվանդանում: Մասնավորապես, ինձ վաղուց էր հետաքրքրում «բնությունն ընդդեմ կենսակերպի» հարցը։ Արդյո՞ք մարդիկ իսկապես հիվանդանում են «վատ գեներ» ունենալու պատճառով, թե՞ դա ավելի շատ վերաբերում է ապրելակերպին: Այս ինտելեկտուալ հարցերն էին, որ ինձ առաջնորդեցին դեպի համաճարակաբանություն և գենետիկ հետազոտությունների տեսակներ, որոնցով ես զբաղվում եմ մինչ այսօր: Կարևոր է նշել, որ ես հիվանդներին չեմ բուժում, ես աշխատում եմ տեսական խնդիրների վրա, որոնք առնչվում են հանրային առողջությանը:
– Ի՞նչ դժվարությունների եք բախվում Ձեր գործունեության ընթացքում:
Առողջապահության և, անկեղծ ասած, շատ այլ ոլորտներում ևս բոլորիս հիմնական դժվարությունը աշխատանք-կյանք հավասարակշռությունն է: Մեզանից շատերը, հատկապես կանայք, ունեն տնային, խնամքի հետ կապված պարտականություններ: Ամեն ինչ անել ցանկանալը գայթակղիչ է, և ես, անշուշտ, ընկել եմ այդ թակարդը, բայց հաճախ դա հաջողվում է մեր հոգեկան առողջության հաշվին։ Սա խնդիր է, որը չունի հեշտ լուծում և արժանի է մեր ողջ ուշադրությանը։
– Պատմե՛ք մի փոքր Ձեր կայացման ճանապարհի մասին:
Մեծացել եմ մի ընտանիքում, որը բարձր էր գնահատում կրթությունը: Մանկության տարիներին ես կարծում էի, որ համալսարանի դասախոսներն ամենահիասքանչ մարդիկ են: Այսպիսով, իմ կարիերան սկզբում հենց այդ ուղղությամբ գնաց: Համաճարակաբանության ոլորտում ասպիրանտուրան ավարտելուց հետո մոտ 7 տարի եղել եմ համալսարանի պրոֆեսոր: Ինձ դուր էր գալիս գենետիկ համաճարակաբանության հետազոտություններ կատարելը և ուսանողներին դասավանդելը: Այնուամենայնիվ, 2018 թվականին անսպասելի հնարավորություն ստացա՝ ղեկավարելու գենետիկական համաճարակաբանության թիմը Սիլիկոնյան հովտում տեղակայված նոր ստարտափում՝ 23andMe ընկերությունում: Քանի որ ավարտել էի Սթենֆորդի համալսարանը, շատ ծանոթ էի այդ միջավայրին և հետաքրքրված էի տեսնել, արդյոք իմ աշխատանքը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ մասնավոր հատվածում: Այսպես ես անցա մշտական աշխատանքի:
Այնուամենայնիվ, հաճույքով նաև դասավանդում եմ՝ առաջարկելով համաճարակաբանության և կենսավիճակագրության առցանց դասընթացներ ԱՄՆ երկու համալսարանում, ինչպես նաև դասախոսություններ եմ կարդում համապատասխան թեմաներով ամբողջ աշխարհում:
– Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
Ունեմ դպրոցահասակ երեխաներ, ծնողներս նույնպես ապրում են Հյուսիսային Կալիֆորնիայում՝ մեզնից ընդամենը 15 րոպե հեռավորության վրա: Ես երկար ժամեր եմ անցկացնում Սիլիկոնյան հովտում իմ աշխատավայրում, ուստի ցանկացած ժամանակ, որ կարող եմ անցկացնել ընտանիքի հետ, թանկ է:
– Հաջողվու՞մ է հանգստանալ: Ի՞նչ նախասիրություններ ունեք:
Փորձում եմ հանգստանալ որքան կարող եմ, այլապես շատ արագ կսպառվեմ։ Սիրում եմ զբոսնել երեխաներիս հետ։ Մենք միասին նաև կամավոր աշխատում ենք կենդանիների պաշտպանության բարեգործական կազմակերպություններում:
Ամենակարևորը, իմ հոգին վերալիցքավորվում է, երբ ես ճանապարհորդում եմ: Պարսիկ գրող Ջալալադդին Ռումին մի առիթով գրել է. «Ճանապարհորդությունը ձեր կյանք է բերում ուժ ու սեր», չեմ կարող չհամաձայնվել:
Անշուշտ, Հայաստանն իմ սրտում առանձնահատուկ տեղ ունի, և ես նախատեսում եմ հաջորդ տարի այցելել իմ պապենական հայրենիք: Կբերեմ նաև որդուս, որպեսզի նա կարողանա առաջին անգամ զգալ իր ժառանգությունը: Ինձ հատկապես հետաքրքիր է տեսնել Դիլիջանը, որտեղ մեծացել է պապս. դա կարող է լինել իմ նախասիրությունները՝ արշավն ու ճանապարհորդությունը համատեղելու հիանալի հնարավորություն:
– Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանում բժշկության ոլորտը:
Ես ապշած եմ հայ ժողովրդի տոկունությամբ և առատաձեռնությամբ․ դա վերաբերում է նաև բժշկական ոլորտին։ Հայաստանն այնքան բանի միջով է անցել. վերջին պատերազմը կոտրեց բոլորիս սրտերը։ Այնուամենայնիվ, Հայաստանը կարողացավ դիմակայել COVID-19 համավարակի մարտահրավերին։ Իմ իրանցի ընկերները շարունակում են երախտապարտ լինել այն բանի համար, որ Հայաստանը համավարակի դեմ պատվաստանյութերը հասանելի դարձրեց նաև օտարերկրյա այցելուներին. դա հենց այն կարեկցանքն է, որը հավերժ կմնա մեր մրցակցային առավելությունը:
– Որպես հարուստ մասնագիտական ուղի անցած փորձառու բժիշկ՝ ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ապագա գործընկերներին:
Կարող եմ կիսվել այն խորհուրդներով, որոնք իսկապես օգնեցին ինձ, երբ ես աշխատում էի իմ ատենախոսության վրա. մի՛ ամաչեք օգնություն խնդրել: Դա ձեր դասախոսի, պրոֆեսորի աշխատանքն է, դա կօգնի ձեզ հաջողության հասնել: Հիշե՛ք, որ մենք աշխատում ենք կյանքի և մահվան բարդ հարցերի շուրջ և չենք կարող դա անել միայնակ:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան