Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Լավագույն ուսանող» -ը կլինիկական մասնագիտության հետ զուգահեռ ցանկանում է զբաղվել նաև հետազոտական աշխատանքով

«Լավագույն ուսանող» -ը կլինիկական մասնագիտության հետ զուգահեռ  ցանկանում է զբաղվել նաև հետազոտական աշխատանքով

Երևանի պետական տնտեսագիտական համալասարանում օրեր առաջ ամփոփվեցին  «Լավագույն ուսանող»  հանրապետական մրցանակաբաշխության արդյունքները, որոնց համաձայն ՝ բժշկագիտության ոլորտում, բակալավրի կրթական ծրագրով հաղթող է ճանաչվել ԵՊԲՀ  6-րդ կուրսի ուսանողուհի, Նեյրոգիտության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Լիանա Հայրապետյանը։ 

ԵՊԲՀ լավագույն ուսանողի հետ զրուցել ենք ինչպես նրա առաջադիմության, այնպես էլ ցուցաբերած գիտական և հասարակական ակտիվության մասին։

– Դուք այս տարի ճանաչվել եք լավագույն ուսանող հանրապետական մրցույթում: Ի՞նչ զգացողություններ ունեք, սպասված էր արդյոք այս պատվաբեր կոչումը:

-Սպասված էր այնքանով, որ գիտակցաբար էի դիմել մրցույթին: Մրցակցություն էր գնում ուսանողների միջև, որից հետո պետք է հայտարարվեր: Մինչև հայտարարվելու պահը վստահ չէի, որ ես էի լինելու, մինչև վերջ պարզ չէր: Իհարկե շատ հաճելի էր, հատկապես երբ հասկանում  ես, որ տարիների ընթացքում կատարած աշխատանքդ չի եղել հենց այդ նպատակի համար,  այլ նրա  համար, որ դու ուզում ես դրանով զբաղվել, ու վերջում դա գնահատվում է, բնականբար շատ հաճելի է:

-Ինչո՞ ւ որոշեցիք ընտրել բժշկի ուղին: Մանկուց եք ցանկացե՞լ բժիշկ դառնալ:

-Ես բժիշկների ընտանիքից չեմ, բայց  մանկուց, երբ ինձ հարցրել են՝ ինչ եմ ուզում դառնալ ասել եմ կարդիոլոգ, անգամ հինգ տարեկան հասակում: Մարդիկ զարմանում էին, որովհետև արդեն մասնագիտական բառ էի ասում: Այնպես ստացվեց,  որ անընդհատ առնչվեցի բժիշկների հետ, հիվանդանոցներ էի գնում, տեսնում բժշկական կյանքը, աշխատանքը, թե ինչպես են շփվում հիվանդների  հետ, ոգեշնչում նրանց և, ի վերջո, որևէ արդյունքի բերում: Այդ ամենն ինձ շատ էր դուր գալիս, այդ պատճառով չեմ կասկածել, որ բժշկական եմ ընդունվելու:

– Բժշկագիտության ո՞ր ճյուղն է Ձեզ ավելի հոգեհարազատ: Ի՞նչ մասնագիտացում եք ուզում ընտրել մյուս տարի:

-Շատ բարդ հարց եք տալիս, հուսով եմ այս մի քանի ամսվա ընթացքում վերջնական  կկողմնորոշվեմ, բայց հավանաբար թերապևտիկ  մասնագիտություն է լինելու: Կարևորը ՝ կլինիկական մասնագիտության հետ զուգահեռ կարողանամ նաև հետազոտական աշխատանքով զբաղվել:

-Մի փոքր պատմեք համալսարանական կյանքի մասին։ Հետաքրքի՞ր է սովորել ԵՊԲՀ -ում։

-Չեմ ուզում ընդհանրացնել, կարծում եմ յուրաքանչյուր ուսանող իր համար է ուսանողական կյանքը դարձնում հետաքրքիր: Համենայն դեպս՝  ես չեմ փոշմանում այն տարիների համար, որ անցկացրել եմ: Ինձ համար ես ստեղծել եմ միջավայր, և կարող եմ ասել՝ ուսանողական կյանքը իրոք վայելել եմ: 

– Կխոսե՞ք Ձեր գիտական և հասարակական ակտիվություն մասին։

– Ես երկրորդ կուրսից դարձել եմ ուսանողական գիտական  ընկերության անդամ, շատ արագ եմ ինտեգրվել, ակտիվ հասարակական գործունեություն եմ ծավալել. գիտաժողովների կազմակերպում, ուսանողների խմբակների կորդինատոր եմ եղել երկու տարի, Ուսանողական գիտական ընկերության պրոֆնախագահ եմ եղել: Այդ տարիների ընթացքում հասկացա, որ բժշկության մեջ գիտական բաղադրիչը անհրաժեշտ է, և սկսեցի ինտեգրվել տարբեր  հետազոտական խմբերի մեջ տարբեր ամբիոններում, տարբեր առանձին պրոեկտներում: Հիմա հասարակական մասով այնքան չեմ զբաղվում, ինչքան գիտական, այժմ համալսարանի Նեյրոգիտության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող եմ:

-Ի՞նչ է պետք լավ բժիշկ լինելու համար։

-Դժվար է բնավորության գիծ ընդգծել, կախված  է նաև նեղ մասնագիտությունից: Եթե դու անընդհատ հիվանդների հետ ես շփվում քեզ պետք է վստահություն, որպեսզի հիվանդները քեզ հավատան, վստահեն, ուզեն տվածդ խորհուրդներին հետևել, չկասկածեն քո մասնագիտական հմտությունների մեջ: Իսկ լավ բժիշկ դառնալու համար շատ կարևոր է կարողանալ ճիշտ գրականությունից օգտվել, քանի որ նյութերի բազմաթիվ աղբյուրներ կան, պետք է այդ հմտությունը զարգացնել, ճիշտ գրականություն որոնել, հասկանալ, որ դա այն է, ինչը կշարունակի մասնագիտական հմտություններդ զարգացնել: Եւ պետք չէ ամեն ինչին հավատալ,  այլ քննադատորեն վերաբերվել այն նյութին, ինչը դու ուզում ես կարդալ:

 

Հարցազրույցը՝ Արփինե Թովմասյանի