Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Լևոն Նազարյանն ապագա բժիշկներին խորհուրդ է տալիս ընտրել այն մասնագիտությունը, որն առավոտյան ոգևորում է արթնանալ

Լևոն Նազարյանն ապագա բժիշկներին խորհուրդ է տալիս ընտրել այն մասնագիտությունը, որն առավոտյան ոգևորում է արթնանալ

Ամերիկահայ բժիշկ և ճառագայթաբան, բժշկական գիտությունների թեկնածու Լևոն Նազարյանի կատարած զգալի ներդրումը Հայաստանում ուլտրաձայնային ախտորոշման զարգացման գործում անգնահատելի է։ Նա մեծապես նպաստել է մեր երկրում ճառագայթաբանության զարգացմանը և այս ոլորտում որակյալ մասնագետների պատրաստմանը:

Լևոն Նազարյանը ծնվել է ԱՄՆ-ում՝ Նյու Ջերսի նահանգում։ Այժմ նա Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոնի համալսարանական հիվանդանոցի օրդինատուրայի ծրագրի տնօրենն է, ռադիոլոգիայի պրոֆեսոր և Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի Սիդնի Քիմելի բժշկական քոլեջի կրթական գծով փոխնախագահը։

ԵՊԲՀ-ն երկարամյա համագործակցության պատմություն ունի ԱՄՆ Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոնի գիտահետազոտական և կրթական ինստիտուտի հետ: Այս բացառիկ համագործակցության արդյունքում 2000 թվականին բժշկական բուհում ստեղծվեց Ուլտրաձայնային ուսումնական կենտրոնը, իսկ 2010 թվականին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում հիմնվեց ժամանակակից համակարգչային տոմոգրաֆիայի և մագնիսական ռեզոնանսային հետազոտության սարքերով համալրված Ռադիոլոգիայի կենտրոնը։

Այս կենտրոնների ստեղծման ու հետագա զարգացման գործում ֆինանսապես և մասնագիտորեն մեծ ներդրում են ունեցել ամերիկահայ գործարար-բարերար Նազար Նազարյանը և նրա որդին՝ ԱՄՆ-ում անվանի ռադիոլոգ Լևոն Նազարյանը։ Ռադիոլոգիայի կենտրոնը կրում է Լևոն և Կլաուդիա Նազարյանների անունը։ 

Պրոֆեսոր Լևոն Նազարյանի հետ զրուցել ենք ռադիոլոգ դառնալու երազանքի, բժշկական ոլորտի մարտահրավերների ու առավելությունների, բժիշկ Նազարյանի ընտանիքի, նրա նախասիրությունների, ինչպես նաև բժշկի համար կարևոր հատկանիշների մասին։ 

Պրոֆեսոր, ինչպե՞ս որոշեցիք բժիշկ դառնալ։ Դա երազա՞նք էր։

– Ավագ դպրոցում և քոլեջում սովորելու ընթացքում ինձ շատ էին հետաքրքրում բնագիտությունը և մաթեմատիկան: Մտածում էի, որ, գուցե, բժշկության ոլորտում կարող եմ ինձ գտնել։ Ընկերներիցս մեկի հայրը ռադիոլոգիայի պրոֆեսոր էր, աշխատում էր Կոլումբիայի համալսարանում։ Ես ասացի նրան. «Հայրդ բժիշկ է։ Նա կարող է՞ ամառվա ընթացքում ինձ համար որևէ գործ գտնել»։ Եվ նա ինձ առաջարկեց մասնակից դառնալ ամառային մի նախագծի, որի վրա ես պետք է աշխատեի: Սա այն ժամանակ էր, երբ համակարգչային տոմոգրաֆիան նոր գյուտ էր: Ես 18 տարեկան էի։ Պետք է ուսումնասիրեի բոլոր սկանավորումները և հետազոտեի ուղեղի ուռուցքները: Ինձ շատ հետաքրքրեց այս ոլորտը, որոշեցի դիմել բժշկական դպրոց։ Այն ժամանակ չէի մտածում, որ կընտրեմ ռադիոլոգիան, բայց գիտակցում էի, որ դա այն է, ինչով կցանկանայի զբաղվել: Բժշկական դպրոցում սովորելու ընթացքում շատ տարբեր բաներ էի փորձում, բայց անընդհատ վերադառնում էի ռադիոլոգիային: Ինձ շատ դուր եկան պատկերի միջոցով ախտորոշումը և պատկերով առաջնորդվող գործընթացները: Այսպիսով, որոշեցի դիմել ռադիոլոգիայի ֆակուլտետ:

Այո, բժիշկ դառնալն ինձ համար երազանք էր։ Իմ ընտանիքում ընդհանրապես բժիշկներ չկան․ բոլորը բիզնեսով են զբաղվում: 

– Բժշկության ոլորտում մարտահրավերներ տեսնու՞մ եք: Կարո՞ղ եք նշել մի քանիսը:

– Բժշկական ցանկացած ոլորտում ամենակարևորը հիվանդների մասին հոգ տանելն է: Ճառագայթաբանությունը ևս բացառություն չէ։ Պատկերը մեր հիմնական գործիքն է, մենք պետք է հասկանանք ստացված յուրաքանչյուր պատկերի ետևում գտնվող հիվանդին և ամեն ինչ անենք հանուն նրա առողջության։

Մարտահրավերներից մեկն այն է, որ ախտորոշման համար գնալով ավելի շատ են հիմնվում պատկերի վրա, դրա հետևանքով ճառագայթաբանության աշխատանքի ծավալն ավելի ու ավելի է մեծանում: Պետք է կարողանանք հաղթահարել այդ աճող ծավալը` պահպանելով աշխատանքի բարձր մակարդակը:

Բացի դրանից, ռադիոլոգիան ինքնին մարտահրավեր է, քանի որ անընդհատ նորարարություններ են ի հայտ գալիս, ավելի շատ գիտելիքներ պետք է ստանալ նորանոր հիվանդությունների մասին, ինչպես, օրինակ, վերջին  տարիներին տեղի ունեցավ COVID-19-ի դեպքում։ 

– Ի՞նչ առավելություններ կառանձնացնեք։

– Բժիշկ-հիվանդ հարաբերություններն են գլխավոր առավելությունը: Երբ ուսանող էի, մի դասախոս ունեի, որի խոսքը երբեք չեմ մոռանա։ Մի անգամ նա ինձ ասաց. «Երբ հիվանդին հարցնում ես, թե ինչու է նա քեզ մոտ եկել, պատասխանը, որ կլսես հաջորդիվ, այդ մարդու համար աշխարհում ամենակարևոր բանն է»: Իսկապես պետք է հիշել դա, քանի որ երբ դուք հիվանդի հետ եք, դա հանգեցնում է գրեթե անձեռնմխելի հարաբերությունների, որտեղ բժիշկը լսում է այն, ինչ հիվանդը չի պատրաստվում ասել ուրիշ որևէ մեկին: Բժիշկը կարող է օգնել նրան այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք չի կարող դա անել: Դա ինձ համար բժշկության առավելությունն է՝ օժտված լինել մարդկանց օգնելու պատասխանատվությամբ և հնարավորությամբ։

– Պրոֆեսոր, ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում այս ճանապարհին:

– Այս տարիների ընթացքում ինձ բախտ է վիճակվել հիանալի անձնական օրինակներ ունենալու: Կարիերայիս ամենակարևոր մենթորը պրոֆեսոր Բարրի Գոլդբերգն է, քանի որ նա ինձ ցույց տվեց ակադեմիական ռադիոլոգ դառնալու ճանապարհը՝ իմ մասնագիտությունը հանդիսացող ուլտրաձայնային հետազոտությունները կիրառելով ոչ միայն այնտեղ, որտեղ ես աշխատում եմ, այլև ամբողջ աշխարհում: Հենց նա ինձ առաջարկեց Հայաստանում Ուլտրաձայնային ուսումնական կենտրոն բացել, քանի որ 60-70 տարբեր վայրում նա արդեն բացել էր նմանատիպ կենտրոններ։ Մի օր նա ասաց. «Արի՛ անենք դա նաև Հայաստանում»։ Այդպես մենք բացեցինք ԵՊԲՀ Ուլտրաձայնային ուսումնական կենտրոնը:

Իմ ենթամասնագիտությունը մկանային-կմախքային ուլտրաձայնային հետազոտությունն է, այն իմ գլխավոր «սերն» է: Եվ 30 տարի առաջ բժիշկ Գոլդբերգն ինձ ասաց. «Սա շատ լուրջ գործ է լինելու ուլտրաձայնային հետազոտության ոլորտում: Եվ ես ուզում եմ, որ դու սովորես այն»: Այդ խորհուրդն ինձ օգնեց գտնել իմ ուղին ակադեմիական աշխարհում, կլինիկական աշխարհում, հետազոտական ​​աշխարհում, դասավանդման ընթացքում: Ես շատ եմ նրան պարտական։ Նա թոշակի է անցել մոտ 5 տարի առաջ, բայց ես դեռ շարունակում եմ կապ պահպանել նրա հետ:

– Խոսեցիք Երևանում Ուլտրաձայնային ուսումնական կենտրոնի բացման մասին։ Հայաստանի հետ կապված ի՞նչ հետագա ծրագրեր ունեք։ Ի՞նչ փուլում է Թոմաս Ջեֆերսոնի համալսարանական հիվանդանոցի և ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի միջև համագործակցությունը։

– Սկսեցինք Ուլտրաձայնային ուսումնական կենտրոնից։ Հետո մենք նաև նվիրատվություն կատարեցինք՝ ի նպաստ Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի զարգացման։ Այնուհետև բացեցինք Ռադիոլոգիայի կենտրոնը, որը կրում է իմ և կնոջս անունը:

Մենք միշտ ուղիներ ենք փնտրում ԵՊԲՀ-ում ճառագայթաբանության ոլորտի բարելավման համար: Բայց սա շարունակական գործընթաց է, փորձում ենք անել առավելագույնը:

– Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։

– Հիանալի կին ունեմ՝ Կլաուդիան, և երեք երեխա: Կլաուդիան մեծացրել է մեր երեխաներին, նա այն «սոսինձն» է, որն ամուր է պահում մեր ընտանիքը: Իմ ավագ որդին՝ Մեթյուն, ռադիոլոգիայի ոլորտի օրդինատոր է։ Աղջիկս՝ Դանիելան, հոգեթերապևտ է: Իսկ կրտսեր որդիս՝ Գրեգորին, աշխատում է Նյու Յորքի խորհրդատվական ընկերություններից մեկում:

– Հասցնու՞մ եք հանգստանալ: Ի՞նչ նախասիրություններ ունեք:

– Առաջին հերթին, սիրում եմ զբաղվել սպորտով և դիտել սպորտային խաղեր։ Սիրում եմ թենիս խաղալ, բայց մարմինս այլևս այնքան էլ չի սիրում ինձ՝ թենիս խաղալիս (ժպտում է – հեղ․): Սիրում եմ բեյսբոլ, մեծ երկրպագու եմ: Սիրում եմ ցանկացած ժանրի երաժշտություն: Սիրում եմ կարաոկե  երգել, երբ հնարավորություն է ընձեռվում: Քոլեջում երգում էի: Նաև սիրում եմ կարդալ և ժամանակ անցկացնել ընտանիքիս ու շանս հետ:

– Որպես փորձառու մասնագետ՝ ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ապագա գործընկերներին։

– Ամենակարևոր խորհուրդն է համոզված լինել, որ այնպիսի մասնագիտություն եք ընտրել, որ, ամեն առավոտ արթնանալով, մեծ եռանդով գնալու եք դրանով զբաղվելու։ Բժշկական ոլորտը լայն է, և յուրաքանչյուր մասնագետի կարիք միշտ էլ կա: Դուք չպետք է ինչ-որ բան անեք, քանի որ կարծում եք, որ պետք է դա անեք կամ որովհետև ինչ-որ մեկը ձեզ ասել է, որ լավ եք դա անում: Դուք պետք է ընտրեք այն մասնագիտությունը, որը ձեզ ոգևորում է առավոտյան արթնանալ: Ես այդ հաճույքը զգացել եմ կարիերայիս ամբողջ ընթացքում: Եվ դա այն է, ինչ ես կցանկանայի բոլորին բժշկական ոլորտում:

Աշխատանքի ընդունվեցի 1992 թվականին՝ 30 տարի առաջ, բայց ամեն օրն ինձ համար մի նոր արկած է: Եվ ես երբեք չեմ ձանձրանա իմ մասնագիտությունից ու աշխատանքից, երբե՛ք, որովհետև ճիշտ որոշում եմ կայացրել։ Երբեք չեմ զղջացել դրա համար, ոչ մի րոպե: Իմ տղան էլ նույն գործով է զբաղվելու։ Թեև ես նրան նույն խորհուրդն էի տվել, իրականում դա ծիծաղելի պատմություն է, քանի որ, երբ նա ընդունվեց բժշկական դպրոց, ասաց ինձ. «Ես ռադիոլոգ չեմ դառնալու, այլ գործով եմ զբաղվելու։ Ինձ մի՛ ստիպիր դառնալ ռադիոլոգ»: Ես ասացի. «Արա՛ այն, ինչ, իրոք, ուզում ես»։ Բժշկական դպրոցն ավարտելիս, երբ նա պետք է դիմեր օրդինատուրա, զանգահարեց ինձ և ասաց. «Հայրիկ, ի՞նչ լավ ծրագրեր կան ռադիոլոգիայի ոլորտում»: Ես ասացի. «Ի՞նչ: Դու չասացի՞ր, որ չես պատրաստվում դա անել»: Անկեղծորեն շատ հուզվեցի։ Դա լավ ընտրություն է նաև նրա համար, և իմ երազանքն է մի օր աշխատել նրա հետ: Դա, ուղղակի, ֆանտաստիկ կլինի: Չգիտեմ՝ արդյոք դա տեղի կունենա, բայց անհավատալի կլինի:

Ի՞նչն է կարևոր բժշկի համար:

– Առաջին հերթին, պետք է գթասիրտ լինել: Միշտ գիտակցե՛ք, որ ձեր դիմաց կանգնած հիվանդը խնդիր ունի, և դուք պետք է ամեն ինչին շատ լուրջ վերաբերվեք՝ հասկանալով, որ նա ձեր օգնության կարիքն ունի:

Հաջորդ հատկանիշը․ եթե ուզում եք հաջողության հասնել, պետք է շատ քրտնաջան աշխատեք։ Չկա հաջողություն առանց քրտնաջան աշխատանքի:

Եվ, վերջապես, դուք պետք է նվիրված լինեք: Բժշկությունը մի ոլորտ է, որը նվիրվածություն է պահանջում։ Հնարավոր չէ դրանով զբաղվել որպես հոբբի:

Այսպիսով՝ կարեկցանք, աշխատասիրություն և նվիրվածություն: Ուշադրություն դարձրե՛ք, ես չնշեցի տաղանդը: Պետք չէ լինել տաղանդավոր․ պետք է լինել բավականաչափ խելացի, բայց պարտադիր չէ լինել հանճար: Կարևոր է, որ դուք իսկապես հոգ տանեք մարդկանց մասին և քրտնաջան աշխատեք:

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան