Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Լիբանանից Հայաստան և ԱՄՆ. ԵՊԲՀ շրջանավարտը վստահ է՝ բժիշկ լինելը գիտակցված մարտահրավեր է

Լիբանանից Հայաստան և ԱՄՆ. ԵՊԲՀ շրջանավարտը վստահ է՝ բժիշկ լինելը գիտակցված մարտահրավեր է

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ, ԱՄՆ Մերիլենդի համալսարանի Նյարդավիրաբուժության բաժանմունքի ասիստենտ-պրոֆեսոր, ուրոլոգ և նյարդավիրաբույժ Գասպար Գելեջյանը Հայոց ցեղասպանությունը վերապրած սերնդի արժանի ժառանգն է: Բեյրութից Երևան, Երևանից կրկին Բեյրութ, ապա՝ ԱՄՆ Մերիլենդ նահանգ. այսպիսին էր ապագա բժշկի դժվարին, բայց հագեցած ուղին: 

«Հայրական տատս ու պապս, ինչպես նաև մայրական պապս Կիլիկիայի Սիս քաղաքից էին, մայրական տատս Կարս քաղաքից էր: Նրանք բոլորը եկել էին Լիբանան 1918-1923 թվականների ընթացքում: Դա Ցեղասպանությանը հաջորդող ժամանակաշրջանն էր: Երբ պապս լսեց, որ Մերսինում ֆրանսիական նավ էր հայտնվել, անմիջապես վերցրեց կնոջը, մորն ու 1 տարեկան որդուն և նստեց նավ, որն էլ բերեց նրանց Լիբանանի հյուսիս՝ Տրիպոլի: Մայրական պապս ֆրանսիական որբանոցի որբ էր, այլ մանրամասների, ցավոք, չեմ տիրապետում», – պատմում է Գասպար Գելեջյանը: 

– Բժիշկ Գելեջյան, ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը: Արդյո՞ք բժիշկ դառնալը Ձեր երազանքն էր:

Ես միշտ էլ հետաքրքրված եմ եղել գիտությամբ և կենսաբանությամբ: Ես ծնվել և մեծացել եմ Լիբանանում, որտեղ քաղաքացիական պատերազմ էր, և բժշկությունը շատ գնահատված ու հարգված էր: Պատերազմն իր հետ բերում էր բազմաթիվ զոհեր և վիրավորներ, և ես ուզում էի օգնել մարդկանց, ինչպես որ կարող էի, ես ուզում էի օգնել նրանց՝ բուժելու իրենց վերքերը: Բժիշկ դառնալը լավագույն ճանապարհն էր՝ փրկելու նրանց կյանքը, հենց այդ պատճառով էլ ես դիմեցի Երևանի պետական ինստիտուտ՝ (այժմ՝ Երևանի պետական բժշկական համալսարան)` բժշկություն սովորելու համար: 

 – Ինչպիսի՞ դժվարությունների է բախվում բժիշկն իր աշխատանքում:

Բժիշկ լինելն ինչ-որ առումով մարտահրավեր է, և դու գիտակցում ես դա, երբ բժիշկ դառնալու որոշում ես կայացնում: Դու միշտ պիտի հասանելի լինես. դու կարող ես արձակուրդում լինել, և քեզ կարող են զանգահարել՝ որևէ մեկի կյանքը փրկելու ակնկալիքով: Մարտահրավեր է նաև այն, որ բժիշկը պետք է կարողանա թույլ չտալ, որպեսզի իր հիվանդները, նրանց ցավը բացասաբար ազդեն իր վրա, քանի որ բժիշկը պետք է կարողանա նույնիսկ ամենածանր պահին ճիշտ լուծում գտնել իր հիվանդների առողջական խնդիրներին:

Եթե խոսենք սովորելու ընթացքում իմ առջև ծառացած մարտահրավերների մասին, ապա պետք է ասեմ, որ այդ մարտահրավերները բազմաթիվ էին, քանի որ Հայաստանը դժվարին ժամանակներ էր ապրում Խորհրդային Միության վերջին օրերին, իսկ հետո՝ անկախության մի քանի տարիների ընթացքում: Մասնագիտական մարտահրավերը կայանում էր հայերեն լեզվով բժշկական գրականության բացակայության մեջ, այդ պատճառով մենք միշտ ապավինում էինք դասախոսություններին: Մենք ստիպված էինք լրացնել մեր գիտելիքները՝ անգլերեն գրքեր կարդալով, եթե, իհարկե, դրանք հասանելի էին:  

– Իսկ ի՞նչ առավելություններից է օգտվում բժիշկը:

Ամենակարևոր առավելությունն, իմ կարծիքով, այն բավարարվածությունն է, որը դու ստանում ես՝ դրականորեն ազդելով քո հիվանդների ամենօրյա կյանքի վրա, այն ներդրումն է, որը դու ունենում ես նրանց կյանքում, ինչպես նաև հնարավորությունը՝ բարելավելու բժշկական գիտությունը՝ մասնակցելով հետազոտություններին և գտնելով նոր բուժումներ:    

– Խնդրում եմ, պատմեք մի փոքր Ձեր մասնագիտական ուղու մասին: Ես գիտեմ՝ դա շատ երկար ժամանակ կարող է խլել, քանի որ Ձեր ձեռքբերումները շատ են, այնուամենայնիվ, կխնդրեի համառոտ ներկայացնել:

Համալսարանն ավարտելուց հետո ես ուրոլոգիայի ոլորտում պրակտիկա անցա Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում՝ բժիշկ Իվան Աղաջանյանի հսկողության ներքո: Ապա հաջողությամբ քննություն հանձնեցի Լիբանանում և հիմնեցի իմ ուրոլոգիական կլինիկան Բեյրութում: Այստեղ ես աշխատեցի մի որոշ ժամանակ, սակայն տնտեսական և քաղաքական դժվարությունները Լիբանանում ստիպեցին ինձ վերադառնալ Հայաստան, որտեղ ես սկսեցի աշխատել որպես ուրոլոգիայի ոլորտի գիտաշխատող ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտում՝ միաժամանակ աշխատելով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի Ուրոլոգիայի բաժանմունքում  բժիշկ Աղաջանյանի և բժիշկ Սերգեյ Ֆանարջյանի ենթակայության ներքո: Այնտեղ աշխատելու ընթացքում ինձ հրավիրեցին հետազոտություն անցկացնելու պրոստատիտի թեմայով ԱՄՆ Մերիլենդի համալսարանում: Ես միացա լաբորատորիայի աշխատանքներին գիտնականների փոխանակման ծրագրին մանակցելու հրավերի միջոցով և երկու տարի աշխատեցի այնտեղ՝ լույս ընծայելով իմ առաջին երեք հեղինակային հրատարակությունները շագանակագեղձի բորբոքման և ալֆա արգելափակումների վերաբերյալ: Իմ ամերիկացի մենթորի՝ այլ համալսարան մեկնելուց հետո ես հասկացա, որ ինձ գրավում են հետազոտությունները, ուստի որոշեցի միանալ Մերիլենդի համալսարանի այլ հետազոտական ​​նախագծերին՝ վնասվածքաբանության և վիրաբուժության ոլորտում, այնուհետև ես հանդիպեցի պրոֆեսոր Մարկ Սիմարդին՝ բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված նյարդավիրաբույժ և հաջողակ գիտնական, որի լաբորատորիայում էլ ես սկսեցի աշխատել: Ներկայումս ես Մերիլենդի համալսարանի Նյարդավիրաբուժության բաժանմունքի ասիստենտ-պրոֆեսոր եմ, աշխատում եմ կենտրոնական նյարդային համակարգի բորբոքման հետ կապված բազմաթիվ նախաքննական և թարգմանչական նախագծերի վրա: 

– Ինչպե՞ս են պայքարում նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ Մերիլենդում: Ձեր տեսանկյունից՝ որո՞նք են ամենաարդյունավետ միջոցները՝ դրա դեմ պայքարելու համար: Կարո՞ղ եք նշել որևէ պետություն կամ պետություններ, որոնք արդյունավետորեն պայքարել և կանխել են վիրուսի տարածումը:

Մերիլենդն ԱՄՆ այն նահանգներից է, որը բավականին հաջող կերպով կազմակերպեց համավարակի դեմ պայքարը, և Մերիլենդի համալսարանը ներգրավված է պատվաստանյութի մշակման և փորձարկման, ինչպես նաև թեստավորման փաթեթների բարելավման աշխատանքներում:

Իրականում համավարակի դեմ պայքարի արդյունավետ միջոցը հանրային առողջապահական մարմինների ցուցումներին հետևելն է՝ կրեք դիմակ, լվացեք ձեռքերը և պահպանեք ֆիզիկական հեռավորություն մյուսներից, հատկապես խոցելի մարդկանցից: Քանի դեռ պատվաստանյութը հայտնաբերված չէ, սրանք այն միջոցներն են, որոնց մենք պետք է հետևենք, որպեսզի համավարակը հսկողության տակ պահենք և կյանքեր փրկենք: 

– Ձեզ հաջողվու՞մ է հանգստանալ: Ի՞նչ հոբբի ունեք:

Հետազոտությունների վրա աշխատելը ժամանակ և հետևողականություն է պահանջում, երբեմն պետք է աշխատել ուշ ժամերին, արձակուրդում կամ հանգստյան օրերին. հարկավոր է անընդհատ նոր հոդվածներ կարդալ որոշակի ոլորտում նորույթներին իրազեկ լինելու համար: Այնպես որ, եթե հանգստանալու հնարավորություն է ընձեռվում, պետք է անպայման օգտագործել այն:

Ես մշտապես սերտ կապի մեջ եմ բնության հետ, և, բարեբախտաբար, Մերիլենդը շատ գեղեցիկ նահանգ է, ունի բազմաթիվ հիանալի այգիներ և կանաչապատ տարածքներ, ծովափը նույնպես հեռու չէ: Ես սիրում եմ զբոսնել բնության գրկում, հեծանիվ վարել, ուսումնասիրել նոր քաղաքներ և հանդիպել ընկերներիս հետ: Ամեն աշուն ես միանում եմ բնության սիրահարների մի փոքր խմբի և հետևում եմ բազեների՝ հյուսիսից հարավ չվելու հրաշալի տեսարանին: 

– Դուք Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ եք: Ի՞նչ հիշողություններ ունեք համալսարանական տարիներից: Պահպանում ե՞ք կապը Ձեր կուրսընկերների հետ:

Ես մեծ հաճույքով եմ հիշում Երևանի պետական բժշկական համալսարանում սովորելու իմ տարիները և հրաշալի կուրսընկերներ ունեի: Մի քանի տարի առաջ մենք վերահաստատեցինք մեր կապը Ֆեյսբուքի միջոցով, ստեղծեցինք շրջանավարտների խումբ և պարբերաբար կիսվում ենք նորություններով կամ հին նկարներով: Դա համալսարանի հետ կապված հրաշալի հիշողություններ է արթնացնում և օգնում է մեզ մնալ կապի մեջ: 

– Հայրենիքի հետ կապված ի՞նչն եք կարոտում:

Հայաստանը միշտ իմ սրտում է, որտեղ էլ ես լինեմ: Իհարկե, ես կարոտում եմ իմ օրերը Հայաստանում, իմ հայ ընկերներին, կարոտում եմ Հայաստանի սնունդը, ջուրը, միջավայրը, բնությունը: Հայկական հյուրասիրությունը շատ տարբեր է: Որտեղ էլ այցելեմ, Հայաստանն ինձ համար միշտ իր ուրույն տեղն ունի:  

– Պլանավորու՞մ եք այցելել Հայաստան:

Վստահաբար: Իրականում ես պլանավորում էի այցելել Հայաստան այս ամռանը, սակայն COVID-19-ը փոխեց բոլոր պլանները: Երբ կյանքը վերադառնա իր բնականոն հունին, ես անպայման անմիջապես կայցելեմ Հայաստան: 

– Որպես հարուստ մասնագիտական ճանապարհ անցած փորձառու բժիշկ՝ ի՞նչ խորհուրդ կտաք ապագա բժիշկներին:

Ես խորհուրդ կտամ նրանց մշտապես ինքնազարգանալ մասնագիտական առումով, շարունակել մարտահրավերներ նետել սեփական գիտելիքներին և երբեք չմոռանալ, որ բժիշկը կոչված է ծառայելու իր հիվանդներին, դրական ազդեցություն ունենալու նրանց կյանքի վրա: 

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան