Մանկական ուռուցքաբանության ոլորտում շատ կարևոր է մասնագետների սերտ համագործակցությունը․ վստահ է ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, Շվեդիայի Կարոլինսկա համալսարանական հիվանդանոցի մասնագետ, մանկական ուռուցքաբան, ոսկրածուծի փոխպատվաստման մասնագետ Ջասեկ Տոպորսկին։
Լեհ պրոֆեսորի հետ բժշկական բուհում անցկացված Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովի շրջանակում խոսել ենք մասնագիտության կարևորության, առավելությունների ու թերությունների, հայ և միջազգային մանկական ուռուցքաբանների համագործակցության հեռանկարների մասին․
– Ինչպե՞ս ընտրեցիք բժշկի մասնագիտությունը։
– Իմ ընտանիքում բժշկագիտության պատմությունը սկսվում է ինձնից: Կարծում եմ՝ միշտ էլ ցանկացել եմ բժիշկ լինել: Իմ ուսման յուրաքանչյուր տարին պարզապես ևս մեկ անգամ հաստատում էր, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Ես իսկապես ցանկանում էի աշխատել հիվանդների հետ: Բժշկական կրթության ընթացքում՝ 4-5-րդ կուրսից սկսած, արդեն վստահ էի, որ մանկական ուռուցքաբանությունը լավագույն ոլորտն է, քանի որ մարդկանց աշխատող խումբ կար, այն ժամանակ շատ անելիքներ կային, և դա նոր զարգացող ոլորտ էր՝ բազմաթիվ հետազոտությունների և մեծ առաջընթացի հեռանկարով։ Արմատներով Լեհաստանից եմ, այն ժամանակ Լեհաստանը զգալիորեն զիջում էր Արևմտյան Եվրոպայի երկրներին մանկական ուռուցքաբանության ոլորտում։ Բայց հիմա Լեհաստանն արևմտյան երկրների հետ նույն խմբում է։ Հետո տեղափոխվեցի Շվեդիա, որովհետև ուզում էի տեսնել, թե ինչպես են աշխատում այլ մարդիկ։ Շատ կարևոր է մարդկանց ճանաչելը, ընկերներ ունենալը, շփվելու, հարցեր տալու, քննարկումներ անցկացնելու, արձանագրություններ կազմելու, համատեղ ուսումնասիրություններ կատարելու կարողությունը: Սա է մանկական ուռուցքաբանությունը։
– Կառանձնացնե՞ք մանկական ուռուցքաբանի մասնագիտության առավելություններն ու թերությունները։
– Թերությունն այն է, որ մենք, ցավոք, այսօր դեռևս չենք կարողանում բուժել մեր բոլոր պացիենտներին։
Առավելությունը հենց մանկական ուռուցքաբան լինելն է, քանի որ ցանկանում ես օգնել շատ հիվանդ երեխաների, ցանկանում ես բուժել նրանց: Եվ, հետադարձ հայացք նետելով 80-ականների սկզբին, երբ երեխաների 80 տոկոսից ավելին բուժվելու հնարավորություն չուներ, պետք է փաստել, որ հիմա մենք կարող ենք բուժել երեխաների ավելի քան 80 տոկոսին: Սա այն է, ինչին մենք հասել ենք վերջին 30 տարվա ընթացքում: Հույս ունենք, որ մոտ ապագայում կկարողանանք բուժել երեխաների ավելի մեծ մասին։
– Ինչպիսի՞ն են Հայաստանի և միջազգային մասնագետների համագործակցության հեռանկարներն այս ոլորտում:
– Մանկական ուռուցքաբանությունն առանց համագործակցության հնարավոր չէ պատկերացնել: Մենք չենք կարող աշխատել այլ կերպ, պետք է համագործակցենք, քանի որ հակառակ դեպքում մենք բավարար փորձ չենք ունենա լավ մասնագետ լինելու համար։ Մենք պետք է օգտագործենք մյուս բժշկական կենտրոնների փորձը, պլանավորենք միջազգային ուսումնասիրություններ, պետք է իսկապես հավաքենք այնքան տվյալներ, որքան կարող ենք պացիենտների մեր փոքր խմբերի համար: Հայ մանկական ուռուցքաբաններին խորհուրդ կտամ միանալ մասնագետների առկա ցանցին և փորձառություն ձեռք բերել։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր է։
– Ի՞նչ խորհուրդ կտաք ուսանողներին՝ ապագա մանկական ուռուցքաբաններին։
– Ըստ իս՝ մանկական ուռուցքաբանությունը բժշկական լավագույն մասնագիտությունն է, իսկ ուսանողներին խորհուրդ կտայի ակտիվ լինել։ Մեզ պետք են եռանդուն, մոտիվացված երիտասարդ բժիշկներ։ Նրանք պետք է ցույց տան, որ հետաքրքրված են և ցանկանում են աշխատել այս ոլորտում։ Մենք նույնպես խնդիրներ ունենք, բայց կարծում եմ, որ համընդհանուր նպատակի պարագայում հեշտությամբ կարող ենք լուծել դրանք։ Միասին մենք շատ ավելի ուժեղ ենք։
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան
Լուսանկարները՝ Մարի Գալստյանի