Երիտասարդ, եռանդուն և տաղանդավոր համաճարակաբան, մանկաբույժ ու երաժիշտ Ալիսիա Դեմիրճյանն այցելու պրոֆեսոր է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության և վարակիչ հիվանդությունների ամբիոններում:
Նա Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության գործակալության համաճարակաբան-խորհրդատու է, որտեղ ղեկավարում է առողջապահության հետ կապված վարակների, սնկային, հակամանրէային դիմադրողականության, հակամանրէային օգտագործման և սեպսիսի բաժանմունքի հակամանրէային դիմադրության և դեղատոմսերի պատրաստման թիմը: Մասնագետի ուսումնասիրության առարկան հակաբիոտիկների և այլ միջոցների պատշաճ օգտագործումն է, ինչը դանդաղեցնում է հակամանրէային դիմադրության տարածումը Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում:
Բժիշկ Դեմիրճյանը նաև մանկական վարակիչ հիվանդությունների և իմունոլոգիայի ոլորտների խորհրդատու է Evelina London Children's հիվանդանոցում։ Բացի այդ, նա նախագահում է Միացյալ Թագավորության մանկական հակամանրէային բուժօգնության ցանցը:
Հաջորդ տարվա ամռանն Ալիսիա Դեմիրճյանը նախատեսում է այցելել Հայաստան։
Փորձառու մասնագետի հետ զրուցել ենք կայացման ուղու, բժշկի մասնագիտության մարտահրավերների և առավելությունների, ինչպես նաև չիրականացած երազանքների ու նախասիրությունների մասին։
– Ինչպե՞ս որոշեցիք բժիշկ դառնալ։ Ո՞վ է Ձեզ ոգեշնչել այս ոլորտում: Արդյո՞ք դա Ձեզ համար երազանք էր։
– Դա մի բան էր, որն աստիճանաբար տեղի ունեցավ: Ինչպես շատ մարդիկ, որոնց գրավել է այս ոլորտը, ես նույնպես հետաքրքրված եմ «մարդկանցով և գիտությամբ»: Սրանք այն երկու տարրերն են, որոնք հրաշալիորեն միավորում է բժշկությունը: Տարբեր մարդկանց հետ զրուցելը, նրանցից սովորելը և միևնույն ժամանակ մեր կատարած աշխատանքն այնքան հետաքրքիր են: Հենց դա ինձ բերեց դեպի բժշկություն:
– Իսկ այժմ գո՞հ եք Ձեր որոշումից:
– Միանշանակ: Իհարկե, իմ ճանապարհին եղել են նաև մարտահրավերներ, սակայն շատ հաճելի է գիտակցել, որ ճիշտ միջավայրում ես՝ տիրապետելով մասնագիտության, որը քեզ դուր է գալիս, և կարողանում ես քո ներդրումով առաջ մղել ոլորտը:
– Մասնագիտությունն ընտրելիս որևէ այլընտրանք դիտարկու՞մ էիք:
– Ի սկզբանե վստահ չէի, որ ցանկանում եմ բժիշկ դառնալ։ Ապրում էի Լիբանանում․ երբ ավարտեցի միջնակարգ դպրոցը, ունեի երկու տարբերակ՝ ընդունվել Ֆրանսիական համալսարան, որտեղ 7 տարի բժշկություն են սովորում, կամ Ամերիկյան համալսարան, որտեղ 3-4 տարի բակալավրիատ են սովորում, ապա 4 տարի՝ ասպիրանտուրա: Ինձ հետաքրքրում էր գիտությունն ընդհանուր առմամբ։ Այսպիսով, ընտրեցի ամերիկյան համակարգը՝ գործնական նկատառումներից ելնելով և հաշվի առնելով մտափոխվելու հավանականությունը։ Այժմ, եթե ինձ հարցնեք, թե արդյոք այլ աշխատանք կկատարեի, ես կպատասխանեմ, որ կրկին կընտրեի բժշկությունն ու հանրային առողջությունը, ինչով զբաղվում եմ այս պահին: Եթե ընտրեի բոլորովին այլ ոլորտ, դա կլիներ երաժշտությունը:
– Նշեցիք բժշկության ոլորտում առկա մարտահրավերների մասին։ Կարո՞ղ եք առանձնացնել դրանցից մի քանիսը:
– Այո, ես կարծում եմ, որ ողջ կարիերայի ընթացքում և հատկապես սկզբում, երբ այնքան շատ բան կա սովորելու և պետք է առաջնահերթություն տալ կարիերային, պետք է շատ ժամանակ ծախսել սովորելու, աշխատելու, գործնական հմտություններ ձեռք բերելու վրա, երբեմն դա նշանակում է, որ դուք ավելի քիչ ժամանակ եք հատկացնում, օրինակ, այլ հմտություններ սովորելու համար, ավելի քիչ ժամանակ եք հատկացնում ձեր ընտանիքին և ընկերներին: Այսպիսով, կարծում եմ, բժշկությունն ի սկզբանե մարտահրավեր է: Հետագայում՝ կարիերայիս զարգացմանը զուգահեռ, ծանոթանալով տարբեր երկրների փորձին, որտեղ աշխատել եմ, ես հասկացա, որ գլխավոր մարտահրավերը բժշկության մեջ բավարար ռեսուրսների բացակայությունն է: Այժմ ես աշխատում եմ հանրային առողջության ոլորտում՝ Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության գործակալությունում: Մնացած ժամանակ ես խնամում եմ ծանր վարակներով հոսպիտալացված երեխաներին: Բայց այդ երկու ոլորտում էլ մենք բավարար ռեսուրսներ չունենք։ Մեր բժիշկները, դեղագործները, բուժքույրերն ուղղակի սպառվում են: Համավարակը վերջին մի քանի տարիների ընթացքում մեզ իսկապես ցույց տվեց, թե որքան կարևոր է լավ համակարգ ունենալը։ Մենք քիչ ենք, քիչ են մարդիկ, որոնք օգնում են մեզ։ Մեծ Բրիտանիայում մենք ունենք հիանալի ազգային առողջապահական համակարգ. բայց սա նաև նշանակում է, որ երբեմն մենք շատ թղթային աշխատանք ենք կատարում նախքան ի վիճակի կլինենք հիվանդներին տեսնել: Ես գիտեմ, որ յուրաքանչյուր առողջապահական համակարգ ունի իր մարտահրավերները: Բայց խնդիրը նույնն է․ ես չեմ կարծում, որ ամբողջ աշխարհում բավարար ռեսուրսներ են տրամադրվում այն մարդկանց, որոնք աշխատում են առողջապահական համակարգերում:
– Ի՞նչ առավելություններ ունի բժշկի մասնագիտությունը:
– Դրանք շատ են։ Մենք աշխատում ենք զարմանալի մարդկանց հետ, որոնք նվիրված են, որոնք ցանկանում են օգնել ուրիշներին: Մենք կապվում ենք ոչ միայն մեր հիվանդների հետ (օրինակ, ես՝ որպես մանկաբույժ, անընդհատ շփվում եմ երեխաների հետ, դա բացարձակ հաճույք է), այլև միմյանց հետ փոքր և մեծ թիմերում: Եվ դա թիվ մեկ ուրախությունն է, որ ես ստանում եմ իմ երկու աշխատանքից: Երբ շատ վատառողջ երեխա է գալիս, իսկ քեզ հաջողվում է համապատասխան ցուցումների միջոցով իսկապես փոխել նրա և նրա ընտանիքի կյանքը՝ դարձնելով նրանց ավելի առողջ, դա ամենահաճելի զգացողություններից մեկն է, որ կարող ես ունենալ։ Կարծում եմ՝ այդ զգացողությունը հնարավոր չէ զգալ որևէ այլ ոլորտում: Բացի դրանից, բժշկությունը շատ հետաքրքիր ոլորտ է, միշտ շատ նորույթներ են ի հայտ գալիս, և մենք պետք է մշտապես տեղեկացված լինենք:
– Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։
– Ընտանիքս Լիբանանում է։ Ծնվել եմ Բեյրութում։ Ծնողներս ու կրտսեր եղբայրս կնոջ ու երեխաների հետ ապրում են Բեյրութում։ Ցավոք, չեմ կարող տեսնել նրանց այնքան հաճախ, որքան կցանկանայի: Երբ ես ծնվեցի, Լիբանանում քաղաքացիական պատերազմ էր, այդ պատճառով մայրս, եղբայրս ու ես տեղափոխվեցինք Ֆրանսիա, մեծացել եմ այնտեղ։ Երբ պատերազմն ավարտվեց 1990-ականների սկզբին, մենք վերադարձանք Բեյրութ, այնտեղ մնացի մինչև ուսումս ավարտեմ, իսկ հետո գնացի ԱՄՆ։ Հորս ընտանիքը Հալեպից է, իսկ մորս ընտանիքը՝ Ադանայից և Կեսարիայից։
– Ունե՞ք երազանքներ, որոնք դեռ չեն իրականացել:
– Եթե ավելի շատ ժամանակ ունենայի, կցանկանայի ավելի շատ երաժշտությամբ զբաղվել:
– Ի՞նչ կասեք Ձեր նախասիրությունների մասին:
– Նախասիրություններս հիմնականում երաժշտության շուրջ են պտտվում: Եթե դաշնամուր չեմ նվագում, ուրեմն կենդանի կատարումներ եմ ունկնդրում, սովորաբար դասական կամ ջազ: Զբաղվում եմ նաև մարտարվեստով՝ կարատե։ Մնացած ժամանակս նվիրում եմ ընկերներիս և ընտանիքիս:
– ԵՊԲՀ-ի հետ հետագա համագործակցության ի՞նչ ծրագրեր ունեք:
– Կցանկանայի շարունակել ինտերակտիվ հանդիպումները ԵՊԲՀ ուսանողների հետ, որոնց ընթացքում կկիսվենք ու կփոխանակվենք գիտելիքներով ու փորձով։
– Որպես հաջողակ ու կայացած մասնագետ՝ ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ապագա գործընկերներին։
– Փորձե՛ք ուրախություն գտնել ձեր ամենօրյա աշխատանքում։ Կարծում եմ, որ դա շատ կարևոր է:
– Ո՞ր հատկանիշներն են առաջնային բժշկի համար:
– Հաղորդակցվելու հմտությունը, համբերությունը, համառությունը։
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան