Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց գերմանացի առաջատար մասնագետների պատվիրակությանը, որի կազմում էին ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, մանկական օնկոլոգ Հերիբերտ Յուրգենսը, Գերմանիայի Աաախենի համալսարանի մանկաբուժության ֆակուլտետի ղեկավար, Մանկաբուժության և դեռահասների բժշկության գերմանական ասոցիացիայի միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչ, գաստրոէնտերոլոգ և ռևմատոլոգ, պրոֆեսոր Նորբերտ Վագները և մանկական թոքաբան, ալերգոլոգ, նեոնատոլոգ, մանկական սրտաբան, պրոֆեսոր Յուրգեն Զայդենբերգը։
Ողջունելով հյուրերին՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ մեծ պատիվ է ընդունել նրանց բժշկական համալսարանում։
«Մեր համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի։ Ուզում եմ ներկայացնել ձեզ մեր համալսարանի միջազգայնացման գործընթացը, մասնավորապես՝ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի «Բուժական գործ» երեք կրթական ծրագրերը հավատարմագրվել են 7 տարով։ Մնացած ֆակուլտետները ևս փորձում ենք միջազգայնորեն հավատարմագրել։ Այդ առումով շատ կարևորում եմ մեր համագործակցության շրջանակի ընդլայնումը։ Մեր հարաբերություններն արդեն տարիների փորձ ունեն։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մանկաբուժությանը։ Այս պահին մենք կարևորում ենք մեր մանկաբուժական հիվանդանոցը՝ փորձելով դրա հիման վրա ձևավորել մանկաբուժության դպրոց։ Այդ առումով մենք խնդիր կունենանք մասնագիտական դաշտում՝ հաշվի առնելով, որ շրջանավարտների համար մանկաբուժությունը գրավիչ չէ։ Մենք ուզում ենք ձևավորել մանկաբուժության դպրոց, որտեղ կանցկացվեն և՛ դասընթացներ, և՛ փորձի փոխանակման, և՛ շրջանավարտների վերապատրաստման այցեր», – ընդգծեց ռեկտորը՝ կարևորելով կապը գերմանացի մասնագետների հետ և նրանց ներգրավվածությունը հնարավոր ձևաչափերում:
Նորբերտ Վագները երախտագիտություն հայտնեց իրենց ընդունելու համար։
«Մենք արդեն տպավորված ենք «Մուրացան» համալսարանական հիվանդանոց կատարած այցով, որի ընթացքում քննարկեցինք համագործակցության հարցերը՝ հասկանալու, թե ինչպես մենք կարող ենք աջակցել կրթական ծրագրին», – նշեց գերմանացի պրոֆեսորը՝ հայտնելով, որ Մանկաբուժության և դեռահասների բժշկության գերմանական ասոցիացիան ունի 19 հազարից ավելի անդամ, ներգրավված են 36 համալսարանի մանկաբուժական ֆակուլտետներ։
Հերիբերտ Յուրգենսը հիշեց, որ դեռևս 2016 թվականին էր առաջին անգամ այցելել բժշկական համալսարան, ինչի հիման վրա էլ սկիզբ դրվեց համագործակցությանը։ Հայ-գերմանական օնկոլոգիայի դպրոցի (ArGOS-Armenian German Oncology School) շրջանակում, նրա խոսքով, անցկացվել են սեմինարներ, կլինիկական տարբեր դեպքերի քննարկումներ, հայ բժիշկները վերապատրաստվել են Գերմանիայում։ «Սա վերահաստատումն է այն բանի, որ մենք շատ ճիշտ ճանապարհին ենք», – շեշտեց մանկական օնկոլոգը՝ հավելելով, որ փոխգործակցությունը շահավետ կլինի երկու կողմի համար։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին քննարկել բժշկական բուհի կողմից ներկայացված գրավոր առաջարկը՝ կապված մանկաբուժության դպրոցի ձևավորման հետ։