Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի (ArGOS) 5-րդ հանդիպումը

Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի (ArGOS) 5-րդ հանդիպումը

Բժշկական համալսարանում մայիսի 17-18-ը տեղի ունեցավ Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի (ARGOS) 5-րդ հանդիպումը: Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի դասախոս, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար Լիլիթ Հարությունյանը՝ նշելով, որ այդ միջոցառման ընթացքում քննարկվելու են օնկոլոգիայի տարբեր ասպեկտները, ինչպիսիք են վիրաբուժական, գինեկոլոգիական, մաշկաբանական քաղցկեղը, ինչպես նաև քաղցկեղին առնչվող կազմակերպչական խնդիներ:

Ողջույնի խոսք հղեց նաև ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը՝ գոհունակություն հայտնելով, որ արդեն առկա է քննարկումների, փորձի փոխանակման և շարունակական գործակցության հնարավորություն:

Պրոռեկտորը հորդորեց, որ հյուրերը վայելեն ոչ միայն կլինիկական քննարկումները և ելույթները, այլև մեր արևոտ մայրաքաղաքը:

Հաջորդիվ ելույթ ունեցավ գերմանացի մասնագետ Էվա Վարդելմանը՝ լյարդի և ենթաստամոքսային գեղձի պաթոլոգիական խնդիրների վերաբերյալ զեկույցով: Ավելի ընդհանրական քննարկվեցին քաղցկեղի դեպքերը՝  համեմատություն անցկացնելով Գերմանիայում և ՀՀ-ում առկա դեպքերի միջև:

Զեկույցով հանդես եկավ Մայքլ Քվանթենը՝ «Բժշկական օնկոլոգիա» թեմայով, որին հաջորդեց Էկին Դեմիրի «Վիրահատական օնկոլոգիա» թեմայով օնլայն ներկայացում-քննարկումը:

Մայիսի 17-ի հանդիպումն ամփոփվեց ընդհանուր քննարկումներով, որոշակի դեպքերի ներկայացմամբ և եզրափակիչ ելույթներով:

Կոնֆերանսի երկրորդ օրվա քննարկումները նվիրված էին օնկոլոգիայում որակի կառավարմանը: Գերմանացի հետազոտող Յորգ Հայերը ներկայացրեց «Որակի կառավարումն օնկոլոգիայում», ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի դասախոս Դավիթ Զոհրաբյանը և Լիլիթ Հարությունյանը ներկայացրին «Քաղցկեղի որակի կառավարումը ՀՀ-ում», Գեղանուշ Ստեփանյանը՝ «Բուժքույրական խնամքը Հայաստանում», Ջուլիա Դինքելը՝ «Մասնագիտական օնկոլոգիական բուժքույրական  գործ», Սեբաստիան Շեֆերը՝ «Քաղցկեղը գինեկոլոգիայում», Էվա Վարդելմանը՝ «Մեզենխիմային գոյացությունները գինեկոլոգիայում» թեմաներով զեկույցները:

Օրն ամփոփվեց քննարկումներով, հայ համալսարանական մասնագետների կողմից կլինիկական դեպքերի ներկայացմամբ, որին հաջորդեց փակման արարողությունը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունսթերի համալսարանական կլինիկայի պրոֆեսորների հետ համագործակցությունը մեկնարկել է  դեռևս 2015 թվականին և հաջողությամբ շարունակվում է մինչև օրս: Այն չի դադարել անգամ կորոնավիրուսային համավարակի պայմաններում․ անցկացվել է երկու գիտաժողով: