Իրանից Հայաստան ժամանած Ալիռեզա Սանջարը Ստոմատոլոգիական ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանող է։
25-ամյա ապագա դիմածնոտային վիրաբույժը բժշկական համալսարան ընդունվել է 2018 թվականին և նախապատրաստական դասընթացն ավարտելուց հետո` 2019 թվականին, ընդունվել է Ստոմատոլոգիական ֆակուլտետ: Ուսանողական խորհրդարանի ակտիվ անդամ է։ Երեք տարի առաջ ուսանողական այս կառույցի կազմում Ալիռեզան հիմնեց Գիտահետազոտական բաժինը (Research Department): Հպարտ է, որ, որպես ուսանող, նաև բուհի Գիտական խորհրդի անդամ է։
– Բժիշկ դառնալը երազա՞նք էր, թե՞ կցանկանայիք ինչ-որ բան փոխել:
– Բժիշկ դառնալ երազում էի մանկուց, քանի որ մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ մեծ մասը բուժաշխատողներ են։ Բայց պետք է նշեմ, որ այս երազանքի հետ մեկտեղ մեծ հետաքրքրություն ունեմ նաև օդաչուի մասնագիտության նկատմամբ։ Մասնակցեցի օդաչուների վերապատրաստման դասընթացներին և հաջողությամբ անցա առաջին փուլը, որը կոչվում է PPL-Private Pilot License, ստացա մասնավոր օդաչուի լիցենզիա։ Այնուհետև եկա Հայաստան։
– Որո՞նք են բժիշկ լինելու դրական և բացասական կողմերը:
– Մեր և ամբողջ բուժանձնակազմի աշխատանքի լավ կողմն այն է, որ մենք կարող ենք բուժել յուրաքանչյուր մարդու ամենամեծ խնդիրը՝ հիվանդությունը, և նոր կյանք տալ մեր հիվանդներին։ Բայց, մյուս կողմից, մարդկանց ցավն ու անհանգստությունը տեսնելը մեր աշխատանքի բացասական ու տխուր կողմն է։
– Ինչո՞ւ ստոմատոլոգիան ընտրեցիք:
– Ինչպես նշեցի, մանկուց շատ էի հետաքրքրվում բժշկագիտությամբ և այդ ժամանակվանից որոշեցի որպես մասնագիտություն ընտրել դիմածնոտային վիրաբուժությունը, քանի որ, բացի ցավը բուժելուց և թեթևացնելուց, կարող եմ հիվանդների էսթետիկ տեսքն ապահովել։ Այդ իսկ պատճառով ընտրեցի ստոմատոլոգիայի ոլորտը, իսկ հետո կմասնագիտանամ դիմածնոտային վիրաբուժության բնագավառում։
– Ինչո՞ւ բարձրագույն կրթության համար ընտրեցիք Հայաստանը և Երևանի պետական բժշկական համալսարանը։
– Բժշկություն սովորելու համար Հայաստանն ընտրեցի, առաջին հերթին, Իրանին մոտ լինելու հանգամանքով պայմանավորված, որպեսզի կարողանամ հեշտությամբ այցելել ընտանիքիս։ Ուսումնասիրեցի և պարզեցի, որ ԵՊԲՀ-ն Հայաստանի լավագույն բժշկական համալսարանն է, այդ պատճառով էլ վստահաբար ընտրեցի այն։
– Ինչպե՞ս կբնութագրեք մեր երկիրը և հայ ժողովրդին։
– Եթե խոսեմ Հայաստանի մասին, պետք է մի ամբողջ գիրք գրեմ։ Ես Հայաստան եկա 18 տարեկանում և կարող եմ ասել, որ այստեղ մեծացել եմ, մեծացել եմ և՛ ակադեմիական, և՛ մասնագիտական առումով: Ուսման հետ մեկտեղ միշտ ունեցել եմ նաև իմ փոքրիկ բիզնեսը։ Կարող եմ ասել, որ, չնայած այն դժվարություններին, որոնց միջով անցա, հայտնվեցի Հայաստանում։ Ներկայումս իմ հայ ընկերների թիվն ավելի շատ է, քան իմ իրանցի ընկերներինը, չեմ զգում, որ օտար եմ և հեռու եմ ընտանիքից։
– Կցանկանայի՞ք մնալ և աշխատել Հայաստանում:
– Հայաստանն իմ անկախ կյանքի առաջին տունն է։ Ես անկախություն գտա այստեղ և շատ բան սովորեցի, նույնիսկ կարողանում եմ հայերեն խոսել: Ուրեմն ինչու՞ պետք է լքեմ իմ տունը: Ինձ դուր է գալիս մնալ Հայաստանում և սպասարկել այստեղի հիվանդներին։ Ամենայն հավանականությամբ, կմնամ և եթե նույնիսկ 1%-ով գնամ այլ երկիր, երբեք չեմ կտրի կապը Հայաստանի հետ։
– Լավ բժշկին ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ:
– Իմ կարծիքով՝ գիտելիքն ու փորձը երկու չափանիշ են, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր բժիշկ։ Բացի դրանից, հաշվի առնելով այսօրվա կյանքի դժվարին պայմանները, լավ բժշկի առաջնահերթությունը պացիենտին բուժելն է, և եթե նա պարզում է, որ իր պացիենտը չի կարող վճարել բուժման ծախսերը, ապա չպետք է դադարեցնի նրա բուժումը։ Մեր աշխատանքում մարդասիրությունը միշտ պետք է լինի առաջին տեղում։
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան
Լուսանկարները՝ Մարի Գալստյանի