Բժշկական ծառայությունների հասանելիությունը, բնակչության` առողջապահական ծառայություններից օգտվելու աստիճանը և դրանց որակը մեծապես կախված են որակյալ բժշկական անձնակազմի առկայությունից, և այդ հասանելիությունը զգալիորեն տարբերվում է աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում: Որոշ մարզերում բուժհաստատությունների և բուժաշխատողների կենտրոնացումը, իսկ որոշ մարզերում՝ նրանց պակասը հանգեցնում է առողջապահական ծառայությունների տարբեր մատչելիության և որակի, առնվազն` տրանսպորտի մատչելիության և սպասման ժամանակի առումով:
Այսպես, Հայաստանում 100.000 բնակչին բաժին է ընկնում 509 բժիշկ` բոլոր մասնագիտություններով, այդ թվում` ստոմատոլոգներ (2022թ.-ի տարեվերջ), բայց մայրաքաղաքի և մարզերի միջև հարաբերակցության առումով այս ցուցանիշն էականորեն տարբերվում է ի օգուտ մայրաքաղաքի: Այսպես, ըստ վիճակագրական հաշվարկների՝ 2015թ.-ին ՀՀ-ում 238 քաղաքացուն բաժին է ընկել 1 բժիշկ, իսկ մայրաքաղաք Երևանում 117 քաղաքացուն` 1 բժիշկ: Պետք է նշել, որ ըստ ԱՀԿ-ի դասակարգման՝ Հայաստանը 53 երկրների շարքում այս ցուցանիշներով 2015թ.-ին զբաղեցրել է 40-րդ տեղը` զիջելով հարևան Վրաստանին, Ադրբեջանին, նաև Ռուսաստանին: Հարկ է նշել, որ Հայաստանում անմիջական բժշկական օգնություն իրականացնող բժիշկների թիվը 1000 բնակչի հաշվով կազմել է շուրջ 3.5, որը համապատասխանում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ 36 երկրների համանուն ցուցանիշին՝ 3.5: Հետևաբար, Հայաստանում առկա չէ ավագ բուժաշխատողների ավելցուկ:
Ի համեմատություն մեզ՝ ԵՄ անդամ 27 երկրների ավագ բուժանձնակազմի միջին ցուցանիշը 100.000 բնակչի հաշվով ավելի ցածր է և կազմում է 355, ԱՊՀ-ում այն 381 է, հարևան երկրներում պատկերը հետևյալն է` Թուրքիա՝ 167/100.000, Վրաստան՝ 424/100.000, Ադրբեջան՝ 338/100.000: Ըստ ԱՀԿ տվյալների՝ 2022 թվականի դրությամբ՝ Ավստրիան համարվում է Եվրոպական տարածաշրջանի այն երկիրը, որտեղ 100.000 բնակչի սպասարկում են թվով ամենաշատ բժիշկները` 540 հոգի: Ֆրանսիան, Բելգիան և Հունգարիան գրանցում են ամենացածր ցուցանիշները, չեն հասնում 100 հազար բնակչի հաշվով 350-ի նշագծին։ Գերմանիայում 100.000 բնակչի հաշվով 453 բժիշկ է մատուցում բժշկական ծառայություններ, իսկ Իտալիայում՝ 410/100000:
Մի փոքր խոսենք թվերով՝ Հայաստանում բուժաշխատողների մասնագիտությունների բաշխվածության և թվաքանակի մասին պատկերացում կազմելու նպատակով:
Համաձայն պաշտոնական վիճակագրության` 2021թ.-ին Հայաստանում անմիջական բժշկական օգնություն իրականացնող բժիշկների թիվը կազմել է 14.548, որը գերազանցել է 2020թ.-ի ցուցանիշին, սակայն հարկ է նշել, որ որոշ կարևոր մասնագիտությունների մասով արձանագրվել է ցուցանիշների նվազում: Այսպես, առողջապահության հիմք հանդիսացող անմիջական բժշկական օգնություն իրականացնող ընտանեկան բժիշկների թիվը ԱԱՊ օղակում 2016թ.-ից նվազել է 6%-ով, տեղամասային թերապևտներինը՝ 12%-ով, տեղամասային մանկաբույժներինը՝ 14%-ով: Վերոնշյալ մասնագետների թվի նվազումն առավել մտահոգիչ է՝ հաշվի առնելով վերջիններիս դերը ԱԱՊ օղակում, որն առանցքային է մարդու առողջության պահպանման ու ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում:
Առողջապահական համակարգում առանցքային է նաև միջին բուժանձնակազմի դերը` բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման հարցում: Հայաստանում առկա չէ նաև բուժքույրերի ավելցուկ, ընդհակառակը, Հայաստանում վերջին 4 տարիների ընթացքում միջին բուժաշխատողների թիվը շարունակաբար կրճատվում է։ Այսպես, 2021 թվականին Հայաստանում միջին բուժանձնակազմի թիվը եղել է 16.528, որը զիջում է 2020 թվականի ցուցանիշին` 16.612: Տվյալների համաձայն` 2021թ.-ին 10.000 բնակչի հաշվով եղել է 56.5 միջին բուժաշխատող, որն էապես ցածր է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ 36 երկրների միջին ցուցանիշից՝ 88: Դեռ ավելին, միջին բուժաշխատող/ավագ բուժաշխատող փոխհարաբերությունը Հայաստանում 2016-2020թթ.-ի ընթացքում շարունակաբար վատթարացել է 1.32-ից հասնելով 1.16-ի, որն ամենացածր ցուցանիշներից մեկն է։
Հունիսի 21-ին Հայաստանը կնշի Բուժաշխատողի օրը (բժշկական անձնակազմի օր), որը նախկինում տոնում էին Խորհրդային Միությունում և մինչ օրս շարունակում է նշվել հետխորհրդային շատ երկրներում։ Խորհրդային Միությունում օրը նշվում էր 1980 թվականից ի վեր ամեն տարի` հունիսի 3-րդ կիրակի օրը, և կոնկրետ ամսաթիվ սահմանված չէր: Հայաստանում 2009 թվականից սկսած՝ Բուժաշխատողի օրը համարվում է հունիսի 21-ը` ՀՀ կառավարության կողմից հաստատված որոշման համաձայն:
Այս օրը լրացուցիչ առիթ է, գնահատանքի խոսքեր ուղղելով, ևս մեկ անգամ արժևորել հասարակության կյանքում բուժաշխատողի դերն ու նշանակությունը, քանզի նրանց նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ ամեն օր հարյուրավոր մարդիկ վերականգնում են իրենց ամենաթանկը՝ առողջությունը, հաճախ նաև կյանքը: