ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, ստոմատոլոգիայի ոլորտում հայտնի մասնագետ, աշխարհահռչակ մանրէաբան, Հոնկոնգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, կլինիկական ակադեմիկոս Լակշման Սամարանայակեն այս տարվա մայիսի սկզբին առաջին անգամ էր Հայաստանում․ մասնակցում էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի և Իտալիայի ստոմատոլոգների ասոցիացիայի նախաձեռնությամբ անցկացվող Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին։ Նրա համոզմամբ՝ Հայաստանում բժշկական և ստոմատոլոգիական կրթությունը հավասարազոր է Արևմուտքի ցանկացած այլ երկրի կրթությանը։ Շրիլանկացի մասնագետը խորապես տպավորված է նաև մեր երկրի հարուստ պատմական ժառանգությամբ և տեսարժան վայրերով։
Պրոֆեսորի հետ զրուցել ենք բժշկական մասնագիտության ընձեռած առավելությունների և մարտահրավերների, կայացման ճանապարհի, դեռևս չիրականացած երազանքների, ինչպես նաև բժշկական բուհի հետ համագործակցության հեռանկարների մասին։
– Պրոֆեսոր Սամարանայակե, ինչու՞ և ինչպե՞ս որոշում կայացրիք ընտրել բժշկի և կլինիկական մանրէաբանի մասնագիտությունը:
– Երբ երիտասարդ էի, իմ յուրաքանչյուր այցելությունը բժշկի, ինձ ոգեշնչում էր զբաղվել այդ մասնագիտությամբ։ Իմ հայրենի երկրում՝ Շրի Լանկայում, մենք ունեինք շատ բարի ընտանեկան բժիշկ, նա ուշադիր հետևում էր իմ կրթությանն ու խորհուրդ տվեց ինձ զբաղվել մասնագիտությամբ: Նրա որդին ստոմատոլոգ էր, և ես ոգեշնչվեցի նրանից ևս։
Այնուամենայնիվ, երբ ընդունվեցի համալսարան, երկրորդ կուրսի առարկան՝ մանրէաբանությունը, որը բակտերիաների, սնկերի և վիրուսների պատճառած հիվանդությունների մասին է, իսկապես հիացրեց ինձ: Ցանկանում էի պարզել, թե ինչպես այդ փոքրիկ օրգանիզմը կարող է սպանել մարդկանց, և դա դարձավ իմ ողջ կյանքի մոլուցքը:
– Ինչպիսի՞ մարտահրավերներ կարող եք նշել բժշկական մասնագիտության բնագավառում:
– Բժշկի մասնագիտությունը նախկինում էլիտար մասնագիտություն էր։ Այնուամենայնիվ, մենք ունենք մի քանի մարտահրավեր՝ կախված այն վայրի իրավասությունից, որտեղ մենք աշխատում ենք: Օրինակ՝ որոշ երկրներում բժիշկները չափազանց շատ են, մինչդեռ զարգացող երկրներում՝ շատ քիչ։ Բացի այդ, պացիենտներն այժմ ավելի ու ավելի վիճահարույց են դառնում (այսինքն՝ բժիշկների հանդեպ դատական հայցեր են ներկայացնում), և, հետևաբար, բժիշկները ստիպված են սեփական միջոցներով հատուցել անփութության հետ կապված խնդիրների համար: Սրա արդյունքն այն է, որ բժիշկները չափազանց շատ թեստեր են նշանակում և չափազանց շատ դեղամիջոցներ, որոնք, հավանաբար, ավելորդ են, ինչը հանգեցնում է բժշկական օգնության ծախսերի մեծացմանը թե՛ պացիենտի, թե՛ կառավարության համար: Բացի այդ, չափազանց շատ դեղամիջոցներ, հիմնականում հակաբիոտիկներ նշանակելը, անհարկի հանգեցնում է դեղորայքակայուն օրգանիզմների զարգացմանը, ինչը մոտալուտ սպառնալիք է ողջ մարդկության համար։ Սրանք մի քանի ժամանակակից խնդիրներ են, որոնց հետ բախվում է բժշկական մասնագիտությունը:
– Ո՞րն է, ըստ Ձեզ, մանրէաբան լինելու առավելությունը:
– Բժիշկների և մանրէաբանների համար առանձնահատուկ առավելություններ չկան, բայց պետք է ասեմ, որ հասարակությունը դեռևս բժիշկներին դիտարկում է որպես կիրթ մասնագետներ, որոնք հարգված են։ Սա իսկապես հաճելի է:
– Խնդրում եմ, մի փոքր պատմեք Ձեր կայացման ճանապարհի մասին։
– Ես սկսել եմ՝ որպես ընդհանուր պրակտիկայի ստոմատոլոգ Շրի Լանկայում, չնայած՝ հուսահատորեն ցանկանում էի դառնել մանրէաբան/հետազոտող և ակադեմիկոս: Այսպիսով, ավարտելուց 3 տարի անց ես հնարավորություն ունեցա միանալ Շրի Լանկայի համալսարանական բժշկական դպրոցին՝ որպես դասախոսի օգնական: Այնուհետև մասնագիտացա Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանում՝ որպես մանրէաբան, որտեղ դարձա կլինիկական ակադեմիկոս և հնարավորություն ունեցա վերապատրաստվել հայտնի լաբորատորիայում: Ապա երեք տարի Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունում խորհրդատու մանրէաբան էի (ոչ ստոմատոլոգ): Այնտեղից տեղափոխվեցի Հոնկոնգի համալսարան, որտեղ անցկացրի վերջին 30 տարին՝ որպես պրոֆեսոր, իսկ հետո՝ ֆակուլտետի դեկան (10 տարի): Այնուհետև աշխատել եմ Ավստրալիայում և ԱՄԷ-ում՝ որպես դեկան մինչև Հոնկոնգ վերադառնալը, որտեղ այժմ աշխատում եմ՝ որպես պատվավոր պրոֆեսոր:
Ինչ վերաբերում է կարիերայի սանդուղքի մարտահրավերներին, պետք է նշեմ, որ օտար երկրում ասիացի գաղթական լինելը վարդագույն ճանապարհ չէր, բայց իմ համառությունը տվեց իր արդյունքը: Կարծում եմ՝ ես գտա իմ տեղը Հոնկոնգում, որտեղ բոլորը հարգում են քրտնաջան աշխատանքը:
– Ո՞վ է Ձեզ ոգեշնչում այս ճանապարհին:
– Որպես ակադեմիկոս՝ իմ չորս տասնամյակի ճանապարհորդության ընթացքում ես հանդիպեցի շատ հիանալի գործընկերների և դասախոսների, ովքեր շատ աջակցում էին իմ աշխատանքին, և ես ընդօրինակեցի նրանց կյանքի ուղին հաջողակ լինելու համար: Ինձ միշտ ոգեշնչում են աշխատասեր, նվիրված մասնագետները՝ իրենց ազնվությամբ և կարեկցելու ունակությամբ: Կարծում եմ, որ վերջին երկու հատկանիշները կարևոր են առաջնորդ լինելու համար, այն է՝ «ինքդ քեզ ուրիշների տեղում դնելը», և ազնվությունն առանց նախապաշարումների:
– Կհիշե՞ք իրադարձություններ, որոնք շրջադարձային էին Ձեր մասնագիտական կյանքում:
– Իմ կարիերայի հիմնական շրջադարձային կետերից մեկը մանրէաբանությամբ զբաղվելու հնարավորությունն էր՝ չնայած ստոմատոլոգ լինելուս: 1970-ականներին նման հնարավորությունները շատ չէին, և Գլազգոյի համալսարանի ստոմատոլոգիական հիվանդանոցում կար մեկ պաշտոն, որը թափուր էր, քանի որ, ընդհանուր առմամբ, ստոմատոլոգները չեն հետաքրքրվում մանրէաբանությամբ: Ես պաշտոնի համար դիմեցի Շրի Լանկայից, և նրանք ինձ ընտրեցին՝ աշխատելու Մեծ Գլազգոյի առողջապահական խորհրդում: Երկրորդ շրջադարձային պահը Հոնկոնգի համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնում իմ ընտրությունն էր՝ չնայած, որ պաշտոնի համար ահռելի միջազգային մրցույթ էր: Ես հաջողակ եմ, որ համալսարանի ղեկավարությունն ինձ ընտրեց այդ պաշտոնում՝ անկախ այն փաստից, որ ես չինացի չէի: Ի վերջո, ես իմ թիմի հետ միասին ստեղծեցի համաշխարհային մակարդակի դպրոց, որը դարձավ աշխարհի լավագույն ստոմատոլոգիական դպրոցը (2014-ից մինչև 2017 թվականը), և այսօր այն զբաղեցնում է 3-րդ տեղը՝ ըստ QS World University Rankings-ի:
– Ունե՞ք երազանքներ, որոնք դեռ չեն իրականացել:
– Իմ երազանքն է վերադառնալ դեպի բժշկական համայնքը: Անվճար կրթություն եմ ստացել Շրի Լանկայում և հասել եմ իմ կարիերայի ամենաբարձր մակարդակին: Հետևաբար, այժմ վերադարձնում եմ գիտելիքներս իմ համալսարանին․ ստեղծել եմ մի շարք կրթաթոշակներ և նվիրատվություններ իմ մայր բուհում: Բացի այդ, ես միշտ անվճար սեմինարներ, դասընթացներ եմ անցկացնում, դասախոսություններ եմ կարդում ինչպես բակալավրիատի, այնպես էլ ասպիրանտների համար շատ երկրներում, այդ թվում՝ Շրի Լանկայում: Իմ առաքելությունը չիրականացված է այնքան ժամանակ, քանի դեռ ես իմ գիտելիքներից և փորձից ավելի շատ չեմ տրամադրել ոչ միայն Շրի Լանկայում, այլև, իհարկե, աշխարհի ցանկացած կետում մարդկանց կրթելուն:
– Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։
– Կինս՝ Հեմամալին, ով նախկինում աշխատում էր ինձ հետ՝ որպես գիտաշխատող, ինչպես նաև Հոնկոնգի համալսարանի մանրէաբանության ոլորտում, այժմ թոշակի է անցել: Քանի որ երկուսս էլ աշխատում էինք մանրէաբանության ոլորտում, մեր աշխատանքը համակցվեց, և միասին բազմաթիվ հետազոտական աշխատանքներ հրատարակեցինք: Ունեմ որդի և դուստր: Բոլորս ապրում ենք Հոնկոնգում, բայց այցելում ենք Շրի Լանկա տարին առնվազն երկու անգամ, որտեղ մենք տուն ունենք պատմական, համաշխարհային ժառանգություն համարվող Քանդի քաղաքի մոտակայքում:
– Հասցնու՞մ եք հանգստանալ։ Կարո՞ղ եք նշել Ձեր հոբբիները:
– Այո, իհարկե, սիրում եմ լսել մեղմ երաժշտություն և ջազ: Մինչև վերջերս ջերմեռանդ թենիսիստ էի, թեև հիմա հազվադեպ եմ խաղում: Բայց ամեն օր փորձում եմ մարզասրահ գնալ՝ 10000 քայլ քայլելու համար:
– Խոսենք Հայաստանի մասին. ինչպե՞ս կբնութագրեք մեր երկրում բժշկության ոլորտը, ինչպես նաև ԵՊԲՀ-ի հետ համագործակցության մակարդակը։
– Կարծում եմ՝ Հայաստանում բժշկական և ստոմատոլոգիական կրթությունը հավասարազոր է Արևմուտքի ցանկացած այլ երկրի կրթությանը։ Բժշկական համալսարան իմ կարճատև այցի ընթացքում ես տեսա Ստոմատոլոգիական ֆակուլտետի սարքավորումները, և դրանք կարծես թե չեն զիջում համաշխարհային մակարդակին: Հայերը պետք է հպարտանան ԵՊԲՀ-ով, որն ունի հրաշալի պատմություն, որը պատրաստել է հազարավոր բժիշկներ և ստոմատոլոգներ, որոնք ներկայումս աշխատում են ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում՝ ունենալով տարբեր բարձր կոչումներ:
– Ի՞նչն է Ձեզ ամենաշատը տպավորել մեր երկրում:
– Երկու բան ինձ ամենաշատը տպավորեց՝ զարմահրաշ պատմությունը և հայ մարդիկ։ Դժվար է հավատալ, որ դուք տասնամյակ առաջ անցել եք Ցեղասպանության միջով, բայց վերապրել եք այն և դրանից հետո՝ բարգավաճել: Համալսարանի և քաղաքի ենթակառուցվածքները համաշխարհային մակարդակի են, և ես հատկապես տպավորված էի քաղաքի կենտրոնով` գեղեցիկ շատրվաններով և ժառանգություն մնացած պատմական շենքերով: Ամենից առաջ հայ ժողովուրդն իսկապես աչքի է ընկնում իր ջերմությամբ և բարությամբ՝ ի տարբերություն շատ այլ եվրոպացիների։ Բոլոր հայերը, որոնց հանդիպեցի, իմ կարճատև կացության ընթացքում, առանց բացառության, շատ բարի էին, պատրաստ՝ օգնելու, ընկերասեր և ջերմ։
– Նախատեսու՞մ եք ապագայում այցելել Հայաստան:
– Այո, իհարկե, ընտանիքիս հետ կրկին կայցելեմ Հայաստան։ Դուք այնքան տեսարժան վայրեր և հարուստ պատմություն ունեք։ Ես կուզենայի հնարավորության սահմանում տեսնել դրանք:
– Որպես փորձառու պրոֆեսոր` ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ապագա գործընկերներին։
– Ինչպես ասացի վերևում, բժիշկ-մասնագետը պետք է ունենա կյանքի երեք կարևոր հատկություն. կարեկցանք, ազնվություն և բարություն: Պետք է կարողանաս քեզ պատկերացնել հիվանդի տեղում և նայել իրավիճակին նրա տեսանկյունից: Եթե դուք կարողանաք դա անել, անպայման հաջողության կհասնեք: Մյուս հատկությունները, ինչպիսիք են բարությունը և ազնվությունը, իրականում ուղեկցում են կարեկցանքին:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան