Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայաստանը հնդիկ ապագա վիրաբույժի համար ոգեշնչման աղբյուր է

Հայաստանը հնդիկ ապագա վիրաբույժի համար ոգեշնչման աղբյուր է

Լոկեշ Պրաբակարանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է:

22-ամյա ապագա օրթոպեդիկ վիրաբույժը մանկության տարիներին երբևէ չէր մտածել բժիշկ դառնալու մասին: Նրա երազանքն էր դառնալ մարտական օդաչու և ծառայել իր ժողովրդին երկնքում: Լոկեշը ծնվել է Հնդկաստանի Թամիլանդու նահանգում: Նա իրեն բնութագրում է որպես լավատես անձ:

Սկզբում, երբ առաջին անգամ եկավ Հայաստան, մարդկանց ակտիվ կենսակերպի և հյուրասիրության շնորհիվ շատ սիրեց մեր երկիրը, որովհետև ոչ մի այլ երկրում նման բան չէր տեսել: «Կարճ ժամանակ անց Հայաստանը դարձավ իմ երկրորդ տունը: Ինձ ապշեցրին հնագույն պատմամշակութային հուշարձանները, արձաններն ու ցայտաղբյուրները, հայոց պատմությունն ու առասպելներն ինձ համար ոգեշնչման աղբյուր դարձան», – պատմում է Լոկեշը:

Նա ընտրեց Հայաստանը և ԵՊԲՀ-ն հետագա կրթության համար, քանի որ հայկական բժշկական բուհը բարձր վարկանիշ ուներ: «ԵՊԲՀ-ն պատմություն ունեցող համալսարան է: Մեկդարյա փորձ ունեցող համալսարան,  որն աշխարհին տվել է հրաշալի բժիշկներ», – փաստում է հնդիկ ուսանողը:

Կրթությունը և ուսուցման մեթոդները բժշկական համալսարանում, նրա կարծիքով, շատ արդյունավետ են: Կայացած համալսարանական մասնագետները, բժիշկները փոխանցում են իրենց  մասնագիտական փորձը, ներկայացնում առողջապահական տարբեր համակարգերի առանձնահատկությունները:

Բժշկի համար կարևոր հատկանիշներից օտարերկրացի ուսանողն առանձնացնում է անձնազոհությունը և մարդկանց ծառայելու պատրաստակամությունը: «Եթե ուզում ես ինչ-որ բան ձեռք բերել, պետք է ինչ-որ բան զոհաբերես. սրանք մորս խոսքերն են: Այս մասնագիտության համար անհրաժեշտ են հենց նմանատիպ մտածողությամբ մարդիկ», – ընդգծում է նա:

Ապագա բժիշկներին Լոկեշի խորհուրդն է մարզվել, սովորել, վերընթերցել, վարել առողջ ապրելակերպ, բավականաչափ ժամանակ հատկացնել քնին (7-8 ժամ):

«Մարզվե՛ք ամեն օր, առավոտյան կամ երեկոյան. դա մեծացնում է էներգիայի մակարդակը, լավացնում հիշողությունը և ուղեղի ակտիվությունը: Սովորե՛ք և ուսումնասիրե՛ք ոչ միայն գիրքը, այլև առցանց թարմացված թեմաները, որպեսզի միշտ իրազեկ լինեք նորություններին: Ճիշտ սնվե՛ք, դա ձեզ էներգիա կտա ամբողջ օրվա ընթացքում, ինչի շնորհիվ կկարողանաք կենտրոնանալ ձեր ուսման, ինչպես նաև այլ ուսումնական ծրագրերի վրա: Բաց մի՛ թողեք նախաճաշը: Մենք կարող ենք բուժել մեր հիվանդներին միայն այն դեպքում, եթե բավականաչափ առողջ լինենք», – վստահեցնում է Լոկեշը:

Ամեն օր, շարունակում է նա, կարևոր է վերանայել և վերընթերցել անցած թեմաները: «Դարձրե՛ք այդ գործընթացն օգտակար՝ անելով համապատասխան նշումներ, դիտելով տեսանյութեր: Փորձե՛ք մասնակցել գիտական համաժողովների և մշտապես տեղեկացված լինել», – ավելացնում է օտարերկրացի ուսանողը:

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան