Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայոց լեզվի ամբիոնը մասնակցել է գիտաժողովի՝ նվիրված ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Աղայանի ծննդյան 110-ամյակին

Հայոց լեզվի ամբիոնը մասնակցել է գիտաժողովի՝ նվիրված ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Աղայանի ծննդյան 110-ամյակին

ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնը, ուսումնական տարվա ընթացքում կազմակերպելով և մասնակցելով տարբեր միջոցառումների, գիտաժողովների, մշտապես մայրենիի պահպանման և զարգացման ակունքներում է:

«Հայոց լեզվի ուսումնասիրման և ուսուցման խնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին, որը կազմակերպված էր ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը՝ գործընկերությամբ ԵՊԲՀ և Գավառի պետական համալսարանների, բժշկական բուհի Հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի դերը մեծ էր:

Գիտաժողովը նվիրված էր նշանավոր լեզվաբան, ակադեմիկոս Էդուարդ Աղայանի ծննդյան 110-ամյակին:

Մասնակցում էին գիտնականներ, հետազոտողներ  հանրապետության տարբեր գիտակրթական հաստատություններից՝ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտից, Բժշկական, Գավառի, Երևանի, Վանաձորի պետական համալսարաններից, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, «Տաթև» գիտակրթական համալիրից, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնից, Անատոլ Ֆրանսի անվան միջազգային ֆրանսիական կրթահամալիրից, ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի  գիտահրատարակչական կենտրոնից, «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսից, Գեղարքունիքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցից, ինչպես նաև Լեհաստանի Պոմորիեի համալսարանի բանասիրության ինստիտուտից:

Ներկայացվեց Էդուարդ Աղայան անհատի մարդկային հատկանիշները՝ սրամտություն, կենսուրախություն, բարյացակամություն, ինչպես նաև հնչեցին նրա կյանքի և գիտական գործունեությանը վերաբերող զեկուցումներ:

Մեծ գիտնականի, իր ուսուցչի հանդեպ սիրո ու երախտագիտության ջերմ խոսքերով զեկուցեց ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը՝ Էդուարդ Աղայանին բնութագրելով որպես մեծանուն մարդ և գիտնական:

Գիտաժողովի ընթացքում ամբիոնը հանդես եկավ արդի թեմաներով հետաքրքիր զեկուցումներով:

Հաշվի առնելով վերջին տարիներին բանավեճի ակումբների զարգացումն ու տարածվածությունը՝ ներկայացվեց հետաքրքիր զեկուցում «Բանավեճի արվեստի դասավանդումը բուհերում» թեմայով (Ա. Քոշատաշյան, Մ.Մալխասյան, Մ.Մարդիյան, Ս. Լալայան):

Անգլախոս ուսանողներին բայի եղանակների ուսուցման հետաքրքիր մեթոդ ներկայացրին Ա.Գրիգորյանը, Մ. Մարդիյանը, Լ. Լալայանը` զեկույցում անդրադառնալով պարզագույն բանալի նախադասությունների ուսուցմանը:

Գիտելիքի մատուցման յուրօրինակ ձևի մասին խոսեցին Մ.  Աթաբեկյանը և Մ. Բաբայանը:

Զեկուցման մեջ առանձնահատուկ կարևորություն է տրված ինֆոգրաֆիկայի դերին հայերենը որպես օտար լեզու ուսուցանելիս: Բժշկագիտական խոսքի առանձնահատկություններին է անդրադարձել Տ. Աշչյանը՝ ընդգծելով բժիշկների հաղորդակցման հմտություններին տիրապետելու կարևորությունը:

Անգլիախոս ուսանողներին վաղակատար ներկայի կիրառությունը արդյունավետ դարձնելու նպատակով Ս. Մինասյանն առաջարկել է վարժությունների համակարգ՝ ուղղված հաղորդակցման հմտությունների ձևավորմանը:

Բժշկագիտական տերմինները Ռուբեն Սևակի «Բժիշկին գիրքէն փրցուած էջեր» երկում զեկուցման մեջ Ա. Ղարիբյանը, Ս. Մալխասյանը, Լ. Լալայանը և Մ. Մարդիյանը ներկայացրել են «Բժիշկին գիրքէն փրցուած էջեր» արձակ գործում  հանդիպող արևմտահայերեն բժշկագիտական տերմինները, որոնք կարող են համագործածական բառերի արժեք ունենալ:

Հետաքրքիր զեկուցում ներկայացրեց նաև ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կուրսի վարիչ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը՝ անդրադառնալով գովազդի լեզվում հաճախ հանդիպող լեզվական սխալներին և դրանց տարածվածությանը: