Santé Arménie ասոցացիայի և La Revue du Praticien հայալեզու բժշկական պարբերականի կողմից ԵՊԲՀ-ում նոյեմբերի 11-ին անցկացվեց «Տարվա ամենատեղեկացված երիտասարդ բժիշկ» 2023 մրցույթը, որը մեկնարկել էր վաղ առավոտից և նպատակ ունի դառնալ ամենամյա:
Շուրջ 50 մասնակից ընդգրկող մրցույթը տարբերվում էր անցկացման ձևաչափով, բովանդակությամբ:
Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Այս առիթը շատ կարևոր է, որովհետև այս հավաքին նախորդել է բավականին երկար աշխատանք, որի հիմքում ընկած է ծավալուն գիտական նյութի` La Revue du Praticien ամսագրի ֆրանսերենից հայերեն թարգմանությունը, որը բժշկին վերապատրաստման համար անհրաժեշտ, ուղեկցող մասնագիտական նյութ է ներկայացնում: Ամսագիրը մեծ տարածում ունի և գիտական հիմք»,- ասաց դեսպանը` այս դիտակետից կարևորելով Santé Arménie ֆրանս-հայկական առաջապահական հիմնադրամի կատարած աշխատանքն ու հանրօգուտ գործունեությունը Հայաստանում:
Դիվանագետը նկատեց, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը նաև բժշկագիտության բնագավառում զարգանում է:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը բարձր գնահատեց այն, որ Santé Arménie կազմակերպության աշխատանքներն ուղղված են նաև Հայաստանի մարզերին օժանդակելուն:
Մեկդարյա պատմություն ունեցող կրթագիտական բուհի՝ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը կրող լսարանում, ողջունելով մասնակիցներին՝ Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը նշեց, որ միջազգային համագործակցությունը ֆրանսահայ գործընկերների հետ տարիների պատմություն ունի և արդեն տվել է պտուղներ, հատկապես մանկական հոգեբուժության ոլորտի մասնագետների պատրաստման հարցում:
«Այսօր կարողացանք ձեզ ավելի մոտ կանգնեցնել Եվրոպայում ընդունված ֆրանսիական բժշկական պարբերականներում տպագրությունների, գիտական հոդվածների ուսումնասիրմանը: Համոզված եմ, որ ինչպես տարիներ առաջ սկսեցինք համագործակցությունը, այնպես էլ այժմ նոր էջ բացվեց, որը շարունակվելու է ու զարգանալու, և որի հիմքում նաև մեր բժշկական մայր բուհի շրջանավարտներն են»,- ընդգծեց պրոռեկտորը`շնորհակալություն հայտնելով բժշկական տանիքի ներքո բոլոր հյուրընկալվածներին:
«Տարվա ամենատեղեկացված երիտասարդ բժիշկ» մրցույթի հաղթողներին դրամական պարգևներ ու մրցանակներ հանձնեցին դեսպան Օլիվյե Դեկոտինյին, La Revue du Praticien-ի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիր Վահե Մուղնեցյանը և Santé Arménie -ի նախագահ, պրոֆեսոր Արսեն Մեքինյանը:
Եվ այսպես, կլինիկական օրդինատուրայում հետբուհական կրթություն ստացող ապագա նեղ մասնագետներ` գենետիկ Նարեկ Դզոյանը զբաղեցրեց 3-րդ, մաշկաբան Շահանե Խուդավերդյանը՝ 2-րդ, իսկ քիթ-կոկորդ-ականջաբան Սյուզան Հովսեփյանը՝ 1-ին մրցանակային տեղը:
Մրցույթի թիրախային խումբն էր կլինիկական օրդինատուրայի (բացառությամբ ստոմատոլոգիական մասնագիտություններով սովորող ուսանողները) և 2022 թվականից ի վեր բակալավրի որակավորում ստացած բժշկական համալսարանի շրջանավարտները։
Մրցանակային ֆոնդը հետևյալն էր՝
Մասնակիցները պետք է նախապես ընթերցեն La Revue du Praticien հայալեզու պարբերականի համարները և լրացնեին դրանց բովանդակության վերաբերյալ կազմված թեստը։ Նախաձեռնողների նպատակն էր խրախուսել կլինիկական օրդինատորներին՝ բարելավելու մասնագիտական գիտելիքները՝ կարդալով La Revue du Praticien բժշկական ամսագիրը, խրախուսել առողջ մրցակցությունը և քննադատական մտածողությունը, պարգևատրել լավագույններին:
Ամսագրի ու մրցույթի անցկացման գաղափարի մասին ներկաներին հանգամանալից պատմեց Վահե Մուղնեցյանը: Հեղինակավոր այս հրատարակության տարեգրությունը սկսվում է 1951 թվականից` հնարավորություն ընձեռելով բժշկական սերունդներին կրթվել նաև պարբերականի էջերի շնորհիվ:
«70 տարի շարունակ յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 17:00-ին պարբերականի խմբագրակազմը հավաքվում է հաջորդ համարում տեղ գտած բովանդակությունը քննարկելու նպատակով»,-մանրամասնեց Մուղնեցյանը:
Պարբերականը Ֆրանսիայում ունի ավելի քան 27 000 բժիշկ հետևորդ, որոնք ամսական վճարում են բաժանորդագրության համար:
Հայալեզու տարբերակը, որը իր և Արսեն Մեքինյանի համագործակցության շնորհիվ է ստեղծվել բոլոր ցանկոցողների համար հասանելի է առցանց հարթակում:
Նախքան ընթերցողի դատին հասնելը, միջինում 100 էջ ունեցող պարբերականի ստեղծման գործում մեծ թիմ է աշխատում, որն ընդգրկում Հայաստանում և Ֆրանսիայում բնակվող թարգմանիչների, բժիշկների, ձևավորման և խմբագրման մասնագետների:
Առողջապահության ոլորտի մասնագետների համար լույս ընծայվող ֆրանսիական La Revue du Praticien-ի հայերեն հրատարակության գլխավոր խմբագրի փոխանցմամբ` նախաձեռնության նպատակը ֆրանսիական բժշկության դպրոցը մեր երկրում ներկայացնելն է, և այս մրցույթը դրա վառ օրինակներից է:
Հայերեն հրատարակությունը լույս է տեսնում «Սանտե Արմենի» միության միջոցներով, ձևավորվել է պարբերականի արդեն 10-ը էլեկտրոնային համար։
Միջոցառման ընթացքում խոսվեց նաև Santé Arménie ֆրանս-հայկական առաջապահական հիմնադրամի մասին: Ծրագրի համակարգող Փաթիլ Քեշիշյանի փոխանցմամբ` Santé Arménie-ն ֆրանսիահայ համալսարանական և մասնավոր սեկտորում աշխատող բժիշկների, բուժքույրերի և համալսարանական հիվանդանոցների, Հայաստանում առողջապահության ոլորտում ներգրավված ֆրանսիական բոլոր բժշկական ասոցիացիաների անկախ, շահույթ չհետապնդող, հասարարակական հիմունքներով ստեղծված և ապաքաղաքական միավորում է, որն իր գործունեությունն է սկսել ծավալել 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի սկսվելուն պես։
Արցախյան պատերազմը մատնանշեց Հայաստանում առողջապահական համակարգի բացերը և վերակառուցման առաջնահերթությունը՝ հիվանդանոցների արդիականացման, շարունակական բժշկական վերապատրաստման և բժշկական հետազոտությունների զարգացման անհրաժեշտությամբ, որի արդյունքում սկսվեց այս հայանպաստ գործունեությունը։
ԵՊԲՀ շրջանավարտ Մերի Մազմանյանը Santé Arménie-ի ջանքերով ստեղծված Հայ-ֆրանսիական հետազոտությունների կենտրոնի տնօրենն է: Նա խոսեց 2021 թվականին ստեղծված այս կառույցի մասին` մեծապես կարևորելով բժշկական համալսարանի բարձր կուրսի ուսանողների և նորավարտ բժիշկների հետ համագործակցությունը: Կենտրոնը Հայ-ֆրանսիական առողջապահական հիմնադրամի մաս է կազմում` կենտրոնացնելով ուժերը գիտության ոլորտի առաջընթացին: