Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց Գերմանիայի Քյոլնի Ուրսուլինենռեալ դպրոցի (Erzbischofliche Ursulinenrealshule Koln) պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը նշեց, որ բժշկական բուհը՝ սկսած 2015 թվականից, Գերմանիայի գործընկերների հետ արդյունավետ համագործակցության պատմություն ունի:
«Գործակցությունը մեկնարկել է Մյունսթերի համալսարանից` շարունակվելով Հաննովերի և Բեռլինի համալսարանների հետ։ Շատ մեծ կարևորություն ենք տալիս դպրոցների միջև համագործակցությանը», – ընդգծեց նա՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ն միակ պետական բժշկական համալսարանն է Հայաստանում։
Պրոռեկտորը ներկայացրեց բուհի պատմությունը՝ տեղեկացնելով, որ այն հիմնադրվել է 1920 թվականին։
«Իրագործում ենք կրթական մի շարք ծրագրեր՝ «Ընդհանուր բժշկություն», «Ստոմատոլոգիա», «Դեղագիտություն», «Հանրային առողջություն» և «Ռազմական բժշկություն»։ Ունենք նաև բժշկական քոլեջ։ Մեր համալսարանում ուսուցումը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Մեզ մոտ սովորում են օտարերկրացի ուսանողներ աշխարհի 33 երկրից։ Բուհում ներկա պահին սովորում է ավելի քան 2000 միջազգային ուսանող, որոնք բավականին մեծ հաջողությամբ աշխատանք են գտնում իրենց երկրներում։ Այս տարի մենք անցնում ենք միջազգային ծրագրային հավատարմագրում, որն, իհարկե, նոր հնարավորություններ կստեղծի համալսարանի միջազգային համագործակցության ընդլայնման համար», – հայտնեց Երվանդ Սահակյանը։
Նրա խոսքով՝ բժշկական բուհը համագործակցում է եվրոպական և ասիական շատ երկրների բժշկական ուսումնական հաստատությունների հետ։
«Հօգուտ հանրային բարօրության՝ իրականացնում ենք նաև սոցիալական մի շարք ծրագրեր, որոնցից մեկն էլ նա է, որ համալսարանն իր կազմում ունի ավագ դպրոց, որին աջակցում է բոլոր առումներով։ «Հերացի» ավագ դպրոցը հանրապետության լավագույն հանրակրթական դպրոցներից է։ Տարիներ շարունակ դպրոցի շրջանավարտների գրեթե 90%-ն ընդունվում է բարձրագույն ուսումնական հաստատություններ, մեծ մասը՝ բժշկական համալսարան», – նշեց պրոռեկտորը` ներկայացնելով նաև «Հայրենիքի պաշտպանի վերկանգնողական կենտրոնի», համալսարանական 3 հիվանդանոցի, 2 հանրակացարանի գործունեությունը։
«Տարբեր ոլորտներում լավ մասնագետներ ունենալու համար ուսուցումը պետք է սկսվի դպրոցից, իսկ այստեղ շատ կարևոր է միջազգային համագործակցությունը։ Փոխանակային ծրագրերն օգտակար կլինեն թե՛ հայ, թե՛ գերմանացի դպրոցականների համար։ Դպրոցականները նոր կամուրջ կստեղծեն Հայաստանի և Գերմանիայի միջև», – վստահեցրեց պրոռեկտորը՝ ԵՊԲՀ ղեկավարության անունից հայտնելով համալսարանի աջակցությունը փոխանակային ծրագրերին։
ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, Մյունսթերի համալսարանի պրոֆեսոր Յուրգեն Շեֆերսի կինը՝ Քյոլնի Ուրսուլինենռեալ դպրոցի տնօրեն Մոնիկա Շեֆերսը տեղեկացրեց, որ Գերմանիայում արդեն ավանդույթ է դարձել աշակերտական փոխանակային ծրագրերի իրականացունը, ինչի լավ օրինակ է Ֆրանսիայի հետ համագործակցությունը։
«Ամուսինս շատ է եղել այստեղ և միշտ ինձ պատմել է Հայաստանի մասին, հենց այսպես էլ առաջացավ հայկական դպրոցի հետ փոխգործակցության գաղափարը», – գոհունակությամբ հավելեց նա։
Հանդիպմանը ներկա էին նաև Միջազգային համագործակցության բաժնի պետ Աննա Ղազարյանը, Քյոլնի Ուրսուլինենռեալ դպրոցի պատմության և կրոնի ուսուցիչ Արմին Լուքսը, «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը, Մասնագիտական կրթության գծով փոխտնօրեն Մարգարիտա Բաբայանը։
Նշենք, որ հյուրերի այցի կազմակերպմանն աջակցել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։