Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Հերացի» մեծ բժշկագիտական ընտանիքը դիմավորեց ապագա բժիշկների հերթական սերնդին

«Հերացի» մեծ բժշկագիտական ընտանիքը դիմավորեց ապագա բժիշկների հերթական սերնդին

Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, Դեղագիտական, Ռազմաբժշկական ֆակուլտետներում, ինչպես նաև ԵՊԲՀ քոլեջում կրթության պատասխանատուները դիմավորեցին առաջին կուրսի ուսանողներին:

Շուրջ 760 ապագա բժիշկ մուտք գործեց համալսարան` գիտելիք ստանալու, որակյալ մասնագետ դառնալու մեծ ակնկալիքով:

Մեկ րոպե լռությամբ նրանք հարգեցին պատերազմում հանուն հայրենիքի անմահացած 42 հերացիականների հիշատակը խորհրդանշական հուշատախտատկի առաջ:

 «Այսօրվանից հերացիականներ եք, և դա մի շարք պարտավորություններ է, առաջին հերթին, առաջ բերում ավագ կուրսերում, զգալի պատասխանատվություն` հիվանդանոցներում:  Կարողացաք հաջողությամբ հաղթահարել քննությունները և դառնալ համալսարանական:  Բժիշկ դառնալը պահանջելու է ակադեմիական շերտերով ձևավորված կրթություն, որը ձեզ խստապահանջ ներկայացնելու ենք, բարձր կարգապահություն, որն ամենուրեք եք զգալու` սկսած դասընթացներից` ավարտված բուժառուների հետ խոսելով», – Գիտական խորհրդի, ռեկտորատի և համալսարանի անունից ողջունելով բոլոր առաջին կուրսեցիներին և դահլիճում ներկա ծնողներին` ասաց ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը` հավելելով, որ բժիշկ դառնալու ուղին պահանջելու է բացարձակ մարդկային վեհ տեսակ, գթասրտություն, բարիություն:

«Ավարտելուն պես երդման արարողությանը ձեզ կդիմեմ որպես գործընկեր, իսկ այս պահին` որպես կրտսեր գործընկերներ, կհաղթահարեք վեց տարվա ընթացքում ձեզ բաժին հասած փորձությունները, և այդ ամենն ուղղված է լինելու մեկ նպատակի` ձևավորել ձեզ` որպես ժամանակակից բժիշկ», – շեշտեց բժշկական բուհի ղեկավարը` տեղեկացնելով, որ համալսարանը միջազգային ծրագրային հավատարմագրում է  անցնում, և այս կրթագիտական հաստատության պատվավոր դոկտոր են հանդիսանում միջազգային բարձր հեղինակություն վայելող անվանի բժիշկ-գիտնականներ: Ռեկտորը հույս հայտնեց, որ դժվարին պայմաններում նրանք կձևավորվեն որպես բժիշկներ և առաջիկայում կաշխատեն ընդհանուր հիվանդանոցային ցանցում` որպես գործընկերներ:

Ապագա ստոմատոլոգներին շնորհավորելով` բուհի ռեկտորը նրանց հորդորեց միշտ լինել պատասխանատու և կարգապահ, չվախենալ որևէ դժվարությունից.

 «Սրտանց ողջունում եմ ձեզ` որպես մեր մեծ ընտանիքի նոր անդամներ: Յուրաքանչյուր Սեպտեմբերի 1 մեզ համար անփոխարինելի հնարավորություն է: Երևի ամենադժվար րոպեներն են բժշկի կյանքում, երբ նա բոլոր զենքերով կռվելուց հետո գիտակցում է, որ իր համար պատասխանատվությունը մնում է օրակարգում»:

Դեղագետներին ուղղելով խոսքը` Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ ուսման տարիները հագեցած են լինելու ոչ միայն գիտելիք ստանալով, այլև երիտասարդական մթնոլորտով, ընկերական շրջապատի ձևավորմամբ:

«Հաջորդիվ ձեզ սպասում է պատասխանատու և բավականին խստապահանջ գործունեություն. ձեր ընտրած մասնագիտությունը, կարծես թե, այսօր ինքն  է ձևավորում աշխարհի բժշկությունը, քանի որ ֆարմինդուստրիան այնքան արագ է զարգանում: Ավարտելով ձեր ուսումնառությունը` լրջագույն իննովացիոն բժշկության ականատեսն ու մասնակիցներն եք դառնալու», – ընդգծեց նա` հորդորելով հնարավորինս արագ ներգրավվել համալսարանական կյանքին, բուհական խստապահանջ գործընթացներին` չմոռանալով, որ վայելելու են նաև կյանքի ամենագեղեցիկ, երջանիկ, երիտասարդ տարիները` հաջորդիվ այլոց երջանկացնելու մղումով:

Արմեն Մուրադյանը Գիտելիքի օրվա և Երևանի պետական բժշկական համալսարանում ուսման մեկնարկի առթիվ սրտանց շնորհավորեց նաև ապագա ռազմական բժիշկներին։

«Որպես համալսարանի ռեկտոր՝ պատրաստակամություն եմ հայտնում՝ կազմակերպելու բոլոր հնարավորությունները, որպեսզի դուք կարողանաք միջազգային մակարդակի ռազմաբժշկական կրթություն ստանալ։ Հույս եմ հայտնում, որ ձեր գործունեության արդյունքում մեր երկիրը, մեր ժողովուրդն ավելի պաշտպանված, ավելի հուսալի ձեռքերում կլինեն։ Հույս եմ հայտնում, որ այս տարիների ընթացքում ձեզնից յուրաքանչյուրն արժանի կլինի մեր այն 42 տղաներին, որոնք չվերադարձան՝ պաշտպանելով մեր երկիրը և մեր ժողովրդին։ Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի մեջ պատասխանատվության այդ խորը զգացողությունը կա, պատվախնդրությունը կա, և, իհարկե, ձեր ընտրած մասնագիտության մեջ անպակաս գթասրտությունը կա», – ընդգծեց բուհի ղեկավարը։

«Արդեն դուք եք լինելու առաջնագծում` սկսած ուսանողական տարիներից, այսօրվանից դուք ունեք պարտավորություն: Բժշկի ամենամեծ կոչումը  հասարակությանը ծառայելն է: Կհանդիպեք տարբեր իրավիճակների, կտեսնեք հիվանդներ, որոնց բժշկելու հույսը ապագայում ձերն է լինելու, պարտավոր եք այդ ամենն անելու:  Կտեսնեք շատ մարդկանց, որոնք ձեր հոգին լցնելու են սիրով ու գորովանքով:  Մի’ ընկրկեք երբեք, որովհետև մենք ձեր կողքին ենք, ձեր հետ ենք, ձեռք ձեռքի և անցնելու ենք բարդ և դժվարին ճանապարհը:  Հիպոկրատի գլխարկը միշտ էլ ծանր է  եղել, պետք է կրեք այն, որովհետև խոստում եք տալու մի ամբողջ կյանք պահպանել բժշկի անզվագույն գործը` երբեք չվնասելով հիվանդին. դա կոչում է, միայն մասնագիտություն չէ», – ասաց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը` վստահեցնելով, որ այս մասնագիտության մեջ կիսատ, թերի լինելն անընդունելի է:

«Ցանկանում եմ՝ այս գեղեցիկ օրը, որը շրջադարձային է ձեր կյանքում, լինի ձեզ համար ձեռքբերումների, նվաճումների սկիզբ: Դուք ձեռք եք բերելու մասնագիտություն, որը սերտորեն կապված է մարդու առողջության հետ: Մերժե’ք միջակությունը, առաջնորդվե’ք նրանով, որ պետք է լինեք լավ մասնագետ: Բժշկական համալսարանն ամենապահանջկոտ բուհն է այսօր, այստեղ մեկ օր անգամ, եթե չսովորեք, հաջորդ օրվա դասը չեք հասկանա: Պետք է առաջնորդվեք այս մտքով՝ եկել եմ լավ մասնագետ դառնալու համար, մասնագետ, որը միշտ էլ պահանջված է», – նշեց է Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը:

Դեղագիտական ֆակուլտետի առաջին կուրսեցիների հետ հանդիպումը կայացավ խորհրդանշական` ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան լսարանում։

Ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը շնորհավորեց ուսանողական առաջին օրվա առիթով՝ շեշտելով, որ ամենակարևոր շնորհավորանքն այսօր վերաբերում է ընդունելությանը, որ նրանք անցել են բավականին բարդ փուլերով և իրավունք են ստացել սովորելու բժշկական համալսարանում, որը մեկդարյա հարուստ պատմություն ունի։

«Ձեր աշխատանքը դեռ նոր է սկսվում․ հատկապես առաջին կորսեցիներին թվում է, թե ամենադժվար փուլն անցել են, բայց պետք է զգուշացնեմ, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում, ուսումը պետք է շարունակվի մինչև մեր կյանքի վերջը, քանի որ առանց գիտելիքի որևէ լուրջ բանի հասնելն անհնար է», – ասաց դեկանը՝ դիմելով ապագա դեղագետներին։

Անդրադառնալով դեղագիտական ֆակուլտետին՝ Ենոքյանը նշեց, որ այն արդեն 51 տարվա պատմություն ունի։ Անցյալ տարի նշվեց ֆակուլտետի հիմնադրման 50-ամյա հոբելյանը՝ եռօրյա համաժողովով՝ ապացուցելով, որ ֆակուլտետը բավական հաջողությունների է հասել և կարողանում է այսօր ապահովել  արհեստավարժ մասնագետներով։

Պատահական չէ, որ հենց այս լսարանում էր առաջինը հանդիպումը․ այն կրում է հայ դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը, որն իր անուրանալի ներդրումն ունի ֆակուլտետի կայացման գործում։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվեց Դեղագործության ֆակուլտետը, որը սկսեց Հանրապետությանն ապահովել բարձրագույն կրթություն ունեցող բարձրորակ կադրերով։ Այսօր արդեն կարող ենք խոսել հազարավոր շրջանավարտների մասին, որոնք իրենց գործունեությունն են ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Խոսելով մասնագիտության մասին` դեկանն ասաց, որ առաջին կուրսեցիները դեղագետի մասնագիտությանը մասամբ ծանոթ են՝ առնչվելով դեղատներին։ Սակայն դեղագետի մասնագիտական գործունեությունը շատ ավելի լայն է․ նա զբաղվում է դեղին առնչվող ամեն ինչով՝ սկսած դեղերի ստեղծումից մինչև սպառում, կիրառում։

Բագրատ Ենոքյանն ապագա դեղագետներին ներկայացրեց այն ոլորտները, որտեղ կարող են աշխատել և իրենց գործունեությունը ծավալել դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտները։

 

ՌԲՖ պետ, գնդապետ Վարդան Ծատուրյանը, շնորհավորելով կուրսանտներին, շեշտեց․«Դուք այսօր մուտք եք գործել միջազգային բուհ։ Կուրսանտներ ունենք, որոնք Արցախից են եկել՝ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով։ Մեր բուհն ունի 100 տարվա պատմություն։ Հաջորդ տարի կլրանա Ռազմաբժշկական ֆակուլտետի 30 տարին։ Դուք դառնում եք այդ մեծ ընտանիքի հաջորդ սերունդը։ Ձեզ վրա մեծ պատասխանատվություն է դրված․ բժշկական համալսարանում սովորելը մեծ պատիվ է, պահանջում է ամենօրյա տքնաջան աշխատանք, բոլոր կարողությունների ներդրում»։ Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, նրա խոսքով, տիրապետում է բավականին բարձր միջազգային որակների՝ պարբերաբար մասնակցելով միջազգային համաժողովների և դասախոսությունների։ «Սա նաև ձեր ապագան է։ Դուք սպունգի պես պետք է կլանեք այն ամենն, ինչ լսում եք։ Դուք պետք է արժանի լինեք ձեր կրած զինվորական համազգեստին։ Դուք բանակի և ՌԲՖ դեմքն եք», – ավելացրեց Վարդան Ծատուրյանը։

ԵՊԲՀ քոլեջի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանը, շնորհավորելով առաջին կուրսեցիներին միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն ընդունվելու առթիվ, ամփոփ ներկայացրեց ուսումնական գործընթացը և կարգուկանոնը՝ ընդգծելով, որ առաջադիմությունը կարևոր նախապայման է, և բժշկական բուհը մշտապես ամուր կանգնած է ուսանողների թիկունքին։

Այս տարի առաջին անգամ Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանն ապագա բժիշկներին ըստ ֆակուլտետների ներկայացրեց համալսարանական այս ստորաբաժանման հիմնական գործունեությունն ու ծրագրերը:

Դեկանները, դեկանի տեղակալները սեպտեմբերի 1-ին հրավիրված այս հանդիպումներին առաջին կուրսեցիներին ներկայացրին ուսումնական գործընթացին վերաբերող կարևոր մանրամասներ, կազմակերպչական հարցեր: