Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հերսելիա Ցիցիկյանի հիշատակին

Հերսելիա Ցիցիկյանի հիշատակին

Անվանիներին ու արժանիներին անդրադառնալը, նրանց հիշելը ամբողջացնում ու զարդարում է բժշկագիտության պատմությունը:

Վերջերս լրացավ անվանի ակնաբույժ, հանրապետության վաստակավոր բժիշկ Հերսելիա Համբարձումի Ցիցիկյանի 125–ամյա հոբելյանը (1897-1971): Բժշկի մասին արխիվային նյութերը խնամքով պահպանել և մեզ է փոխանցում թոռնիկը` ջութակահար, հետազոտող, մանկավարժ Նունե Շամախյանը:

Կենսագրական տվյալներ

Հերսելիա Ցիցիկյանը (նախքան ամուսնանալը՝ Մալխասյան) ծնվել է  Երևանում, 1897 թվակականի նոյեմբերի 19-ին: Հայրը` Համբարձում Մալխասյանը, դերձակ էր, մայրը` Անթառամ Արամյանցը` ուսուցչուհի: Հայրը 4 տարեկանից որբացել էր, սակայն իր տքնաջան աշխատանքի շնորհիվ հարստացել էր` դառնալով մայրաքաղաքի կենտրոնում մի շարք տների, մրգատու այգիների, և պահածոների գործարանի սեփականատեր: Ընտանիքը շատ առաջադեմ մտածողություն ուներ, Մալխասյաններն առաջիններից էին, որ Երևանում ունեցել են հեռախոս, ավտոմեքենա:  Համբարձում Մալխասյանը որդիներին ուսման է տվել Եվրոպայում, մեկն ուսանել է Բեռլինում, մյուսը` Փարիզում: Տասներկու երեխաներից ամենափոքրը՝ Հերսելիան, ավագներից հետ չէր մնում ուսանելու ցանկությամբ, աշխատասեր էր և պրպտուն: 1915 թվականին նա ավարտել է Սուրբ Հռիփսիմեի անվան կանանց վարժարանը, հրաշալի իմացել է  հայերեն, ռուսերեն, թուրքերեն, երաժշտության դասերի է հաճախել:  18 տարեկանում մեկնել է Մոսկվա և ընդունվել Բժշկական ֆակուլտետ, որը հետագայում վերաձևակերպվել է՝ որպես երկրորդ բժշկական ինստիտուտ:

1919-1920 թվականներին հաջորդաբար մահանում են նրա եղբայրներից մեկը և հայրը: Հերսելիան գալիս է Երևան և մի քանի տարի աշխատում առաջին քաղաքային հիվանդանոցում: 1922 թվականին վերադառնում է Մոսկվա` կրթությունը շարունակելու նպատակով:

Օտար երկրում ապրելով միայնակ`  ուսանողուհին, չնայած դժվարություններին,  ուսումնատենչ էր:  Նա հաճախել է   անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի հավելյալ դասերի, ինչպես նաև հռետորաբանության, բեմական վարպետության:  Երաժշտության դասերը ևս տեղ էին գտել այդ ժամանակ ապագա բժշկի կյանքում: Նրա ուսուցիչը Լևոն Խաչատուրյանն էր, ով հռչակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի եղբայրն էր:

«Ուշագրավ է, որ տատիկս 1924 թվականին ավարտել է Մոսկվայի երկրորդ բժշկական ինստիտուտը (ներկայիս՝ Պիրոգովի անվան), առաջին շրջանավարտներից է եղել: Մնալով ամբիոնում աշխատել է պրոֆեսոր Ավերբախի ղեկավարությամբ», – մանրամասնում է Նունե Շամախյանը` շարունակելով, որ նույն թվականին տատիկը ծանոթանում է` Միքայել Ցիցիկյանի հետ, ամուսնանում և տեղափոխվում Լենինգրադ (ներկայումս Սանկտ Պետերբուրգ):  Այստեղ նա լույս աշխարհ է  բերում միակ դստերը` Անահիտ Ցիցիկյանին, որը հետագայում դառնում է հայտնի ջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստուհի:

«Միքայել Ցիցիկյանը շատ էր գնահատում իր կնոջ կրթվածությունը, մասնագիտական ունակությունները և, պնդել է, որ տատիկս աշխատի և չկորցնի մասնագիտությունը», – հավելում է թոռնուհին:  1925-1941 թվականներին՝ նախքան պատերազմը, նա Լենինգրադում աշխատել է բժիշկների կատարելագործման ինստիտուտում, ակնաբուժական ինստիտուտում և Պիրոգովի անվան պոլիկլինիկայում:

1941  թվականի հուլիսի 9-ին՝  Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից օրեր առաջ, Հ. Ցիցիկյանը գալիս է Երևան` հաճախ նշաբորբով հիվանդացող դստերը բուժելու նպատակով: Պատերազմը հսկայական հարվածներ է  հասցնում Լենինգրադին, ճանապարհները փակվում են, քաղաքը հայտնվում է ֆաշիստների բլոկադայում, ամուսինն այս իրադարձությունների ընթացքում մահանում է:

Պատերազմի բոլոր տարիներին Հ. Ցիցիկյանն աշխատում է Երևանում՝ Աբովյան փողոցում գտվող ակնաբուժական կլինիկայում, որն այժմ գործում է բժշկական համալսարանի հարկի ներքո:

Բլոկադայից փրկվելը շատ ուրախություն չի բերում նրան, քանի որ կրում է անդառնալի կորուստ: Այդ դժվար տարիներին մխիթարանքը գիտելիքն էր, աշխատասիրությունը, մասնագիտությանը տիրապետելը:  1945 թվականին՝ պատերազմի ավարտից հետո, նա վերադառնում է Լենինգրադ, որտեղ տեսնում է, որ իր բնակարանն առգրավված է նոր բնակիչների կողմից, կորել է գրեթե ողջ ունեցվածքը:  1946 թվականին՝ հետպատերազմյան շրջանում, մասնագիտական մտքի կարիք կար, և այդ ժամանակ ՀԽՍՀ առողջապահության նախարար Արմենակ Խրիմլյանը հրավիրում է տիկին Հերսելիային Երևան: Բոլոր ջանքերն ուղղվում են տրախոմայի դեմ պայքարի գործին:

Տրախոման աչքի շաղկապենու և եղջերաթաղանթի քրոնիկական վարակիչ հիվանդություն է, որը տարածվել էր Հայաստանի քաղաքներում և հատկապես շրջաններում:

Տեղի գործընկերները հեշտությամբ բաց չթողեցին  Հ. Ցիցիկյանին, սակայն այդ ահավոր հիվանդության դեմ պայքարը, որը կարող էր հանգեցնել կուրության, չափազանց կարևոր էր:

Ռենտգեն ինստիտուտի բազայի հիման վրա Հ. Ցիցիկյանը ստեղծում է տրախոմայի դեմ պայքարով զբաղվող ակնաբուժական դիսպանսեր և ղեկավարում այն՝ համատեղությամբ աշխատելով նաև ներքին գործերի նախարարության պոլիկլինիկայում՝ որպես բժիշկ-խորհրդատու:

Այս քայլը, բարձր գնահատվեց նախարար Խրիմլյանի կողմից․ Հերսելիա Ցիցիկյանը փաստացի կարևոր նպաստ բերեց մեր երկրում առողջապահության, ակնաբուժության զարգացմանը:  Բժիշկ Ցիցիկյանի գործընկերներն են եղել այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Գոհար Մարտիրոսյանը, Ռաիսա Դովատուրը, պրոֆեսոր Գրիգորի Մեդնիկյանը, Արտաշես Մելիք-Ադամյանը, Համբարձում Քեչեքը, Բաբկեն Մելիք-Մուսյանը:

Ճանաչված պացիենտներից էր բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, որի շնորհակալական  նամակը՝ գրված իր բժշկին, տիկին Նունեն շատ հոգատարությամբ պահպանում է ընտանեկան արխիվում:

1953  թվականին կառավարությունը, բարձր գնահատելով Հ. Ցիցիկյանի ավանդը, նրան և դստերը բնակարան է հատկացրել Բաղրամյան պողոտայում:

Հարևանությամբ բնակվել են Գոհար Գասպարյանը, Անտոն Քոչինյանը, Յակով Զարոբյանը, Վարդգես Համազասպյանը, Հմայակ Հարությունյանը, այլք:

1955 թվականին «Բժշկի ուղին» ակնարկաշարի հերոսուհին թոռնուհուն խնամելու համար ավարտում է մասնագիտական գործունեությունը և անցնում թոշակի: Երեք տարի անց տրախոմայի վերացման համար նրան շնորհվում է Հայաստանի վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը:

Բժշկագիտության անվանի ներկայացուցիչը կյանքից հեռացել է 1971 թվականին, թողնելով մեծ ավանդ և բարի հիշատակ: