Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հերթական գիտական լսումը համալսարանական հիվանդանոցում ԵՊԲՀ ռեկտորի մասնակցությամբ

Հերթական գիտական լսումը համալսարանական հիվանդանոցում ԵՊԲՀ ռեկտորի մասնակցությամբ

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած հերթական գիտական լսմանը մասնակցում էր ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։

Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին 35 տարի առաջ տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը։

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և կարևորեց համալսարանական տանիքի ներքո ամեն շաբաթ անցկացվող գիտական լսումները՝ որպես նոր գիտելիք ստանալու, բժշկության զարգացման միտումներին հետևելու, մուլտիդիսցիպլինար քննարկումների արդյունքում վիճահարույց հարցերին լուծումներ գտնելու միջոց։

Երեկվա գիտական լսման թեման կենսավիճակագրության ներածությունն էր, զեկուցողը՝ ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը։

Նա ներկայացրել է, թե ինչպես վարել վիճակագրություն հետազոտությունների համար, ինչպես է ճիշտ հավաքագրել տվյալները, ինչպես ապացուցել, որ ստացված արդյունքները հավաստի են։ Արտաշես Թադևոսյանը խոսեց ոչ միայն վիճակագրությունը վարելու մեթոդների մասին, այլև այն ներկայացնելու դիզայնը, կառուցվածքը։

Բանախոսը շեշտեց, որ վիճակագրությունը հզոր գործիք է մարդու ձեռքում, բայց այն պետք է ճիշտ կիրառել։ «Վիճակագրությունը կարող է շատ բան տալ, բայց ոչ ամեն ինչ, ճիշտ վիճակագրական մեթոդները կարող են ապահովել հետազոտության բարձր արդյունավետությունը, ապացուցել արդյունքների հավաստիությունը»,- ասաց զեկուցողը՝ անդրադառնալով նաև վիճակագրություն ներկայացնելիս ամենատարածված սխալներին, հորդորեց աշխատել և չվախենալ տվյալների տարափից։

Համալսարանական մասնագետները պրոֆեսոր Թադևոսյանին տարբեր հարցեր ուղղեցին հետազոտությունների իրականացման, վիճակագրության վարման, գիտական աշխատանքներում, զեկույցներում դրանք ներկայացնելու վերաբերյալ։

Արմեն Մուրադյանը կարևորեց թեմայի ընտրությունը՝ շեշտելով, որ կցանկանար հաջորդիվ համալսարանական հիվանդանոցում քննարկվեին նաև գիտական աշխատանքներին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ ինչու և ինչպես կատարել գիտական աշխատանք, ինչպես ձևավորել այն և ներկայանալի դարձնել․ ինչպես ընթերցել գիտական հոդվածը։

«Կարևոր է, թե վարկածը առաջ քաշելուց հետո ինչ ժամկետում և ինչպես կապացուցեք այն, հաճախ բարդ բանաձևերը շատ պարզ մտքերի և ձևակերպումների կարիք ունեն »,-ասաց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ հաճույքով կմասնակցի այս թեմայով այլ գիտական լսմանը ևս։