2023 թվականին ԵՊԲՀ-ում ներդրվեց «Հետազոտության հիմունքներ» առարկայի նոր և թարմացված ծրագիրը, որը նոր ուսումնական տարում պարտադիր կդառնա Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար։
Առարկայի շրջանակում ուսանողները ծանոթացան ապացուցողական բժշկության ամենակարևոր սկզբունքներին, գիտական շտեմարաններին, հոդվածների տեսակներին, կառուցվածքին, հետազոտության դիզայնին և շատ այլ հետաքրքիր թեմաների։ Ուսանողները ձեռք բերեցին գիտելիք, որն անհրաժեշտ է ոչ միայն հետազոտողին՝ գիտական գործունեություն ծավալելիս, այլ առաջնահերթ բժշկին՝ պրակտիկ գործունեության ընթացքում արժանահավատ աղբյուրներ գտնելու և դրանցից ճիշտ օգտվելու համար:
Առարկան ընտրել և բարեհաջող ավարտել է 90 հայ և արտասահմանցի ուսանող: Ուսումնական կիսամյակն ամփոփվեց «Հետազոտության հիմունքներ» առարկայի շրջանակում կազմակերպված Journal Club-ով:
Ուսանողները, կիրառելով ողջ կիսամյակի ընթացքում ձեռք բերված գիտելիքը, ներկայացրին գիտական հոդվածներ՝ ենթարկելով այն քննադական վերլուծության: «Հետազոտության հիմունքներ» առարկայի շրջանակում ուսանողների և դասախոսների միջև կապն ապահովելու համար ԵՊԲՀ-ում առաջին անգամ կիրառվեց նոր գործելակերպ՝ դասախոսի օգնականի (TA) հաստիքի գործածմամբ: Թիմը համալրվեց տարբեր կուրսերի ուսանողներով, ասպիրանտներով և կլինիկական օրդինատորներով։ Այս պրակտիկայի նպատակը դեռևս ուսանողական տարիներից հետազոտող բժշկի մտածելակերպի զարգացումն է: Նպատակներից մեկն այս փորձի տարածումն է նաև մյուս ամբիոններում: