Մայիսի 29-ին Գիտական խորհրդի նիստը վարում էր Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը։
Նա տեղեկացրեց, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ուսանողների, աշխատակիցների և բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ Լոռու մարզում է։
«Ռեկտորն աղետի գոտում համակարգում է համալսարանի կամավորական ջոկատի աշխատանքները»,- հայտնեց նա:
Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի հաշվետվությունն էր նիստում զեկուցվող հիմնական հարցը:
Պրոռեկտորը զեկույցը սկսեց 2023-2024 ուսումնական տարում կլինիկական օրդինատուրայի ընդունելության ցուցանիշների ներկայացմամբ:
Ընդհանուր առմամբ` 800-ից 73 օրդինատոր է կրթություն ստանում պետական պատվերի շրջանակում տարբեր ծրագրերով։
Ոչ պետական բուհերից ընդունելության ցուցանիշների 2019-2023թթ․ համեմատական նկարագիրը ներկայացնելիս, Գառնիկ Ավետիսյանը շեշտեց՝ եթե 2019-ին օրդինատուրա ընունվել է 29, ապա 2023 թվականին այդ թիվը 19-ն է, այս թվային տվյալի նվազումը փաստում է այն հանգամանքը, որ բժշկական բուհում որակը գերազանցում է եկամուտներին։
Ավարտին մոտեցող ուսումնական տարում օրդինատորներին հետաքրքրող մասնագիտությունների առաջին հնգյակում է ճառագայթային ախտորոշումը, մաշկաբանությունը, կլինիկական լաբորատոր ախտորոշումը, սրտաբանությունն ու մանկաբարձությունը:
«Ինչ վերաբերում է պահանջված առաջին հինգ մասնագիտություններին, որոշ մասնագիտություններ 2020-2023 թվականների համեմատ պահպանվել են։ Մեծացել է հետաքրքրությունը կլինիկական լաբորատոր ախտոշորման, մաշկաբանության հանդեպ, նվազել անեսթեզիոլոգիայի, ինչը մտածելու և քայլեր ձեռնարկելու տեղիք է տալիս»,-նկատեց զելուցողը։
Հետբուհական կրթության պատասխանատուների կողմից 2019-2020 ուսումնական տարվանից սկսած հարցում է անցկացվել սովորողների շրջանում, որի շրջանակում 2250 հարցվածներն առ այսօր պատասխանել են ուսման որակի գնահատմանն ուղղված մի շարք հարցերի:
Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնն ավարտածների 88.36%-ն արդյունավետ է գնահատել տեսական գիտելիքը, 82.45%-ը` գործնականը:
Պրոռեկտորը կարևորեց կլաստերային ծրագրային հավատարմագրում իրականացնելը` WFME PME չափանիշների հիման վրա, ինչը հնարավորություն կտա հետբուհական կրթական ծրագրերը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։
Այս հարցի առնչությամբ պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը հետաքրքրվեց իրականացման ժամկետների մասին` շեշտելով, որ ոչ միայն հետբուհական, այլև մյուս ֆակուլտետներում միջազգային հավատարմագրման գործընթացները պետք է կյանքի կոչվեն համատեղ, թիմային ջանքերով:
Գառնիկ Ավետիսյանը խոսեց նաև շրջանավարտների աշխատանքի անցնելու դինամիկայից: Ըստ հիմնական մասնագիտության զբաղվածության` ավարտելուց 6 ամիս անց, առողջապահության բնագավառում աշխատանքի է անցնում ավարտողների 36 տոկոսը, մի մասը աշխատանքն արտերկրում է պլանավորում, մի մասը հավելյալ մասնագիտացումներ է ցանկանում անցնել հարակից մասնագիտական ուղղություններով, իսկ 43 տոկոսը ակտիվ աշխատանք է փնտրում։
Ավագ և միջին բուժաշխատողների համար 2023 թվականի մայիսից մինչև այս տարվա մայիս կազմակերպվել են ՇՄԶ կրեդիտավորման դասընթացներ, ընդհանուր` 375 կրթական ծրագիր, որին մասնակցել է 6292 մասնագետ:
Անցկացվել են նաև լրացուցիչ մասնագիտացման կատարելագործման դասընթացներ:
Պրոռեկտոր Ավետիսյանը խոսեց նաև բժշկական համալսարանի սիմուլացիոն կենտրոնների հագեցվածության բարձրացման ուղղությամբ կատարվող ծավալուն աշխատանքների մասին։
Նրա անմիջական համակարգմամբ` Կարիերայի կենտրոնը շարունակում է «FMGE» նախապատրաստման, «Տրոպիկական հիվանդություններ» հավելյալ «Բժշկի ուղի» բարեվարքության դասերը, ինչպես նաև շուրջ 800 մասնակցով, այդ թվում 94-ը` արտասահմանից (ԱՄՆ, Կանադա) «LanZzete» մասնագիտական կողմնորոշման ծրագիրը, շուրջ 1200 մարդու ընդգրկմամբ «Մասնագետ» մասնագիտական կողմնորոշման դասընթացները և 1500 մասնակից ունեցած «YCS Club» թերապևտիկ մասնագիտությունների կողմնորոշման ծրագիրը:
Նշենք, որ կարիերայով զբաղվող համալսարանական ստորաբաժանումը բոլոր ուսանողներին տրամադրել է @meduni.am պաշտոնական էլեկտրոնային փոստեր (շուրջ 10.000 էլեկտրոնային հասցեներ), համալրվել է տվյալների շտեմարանը, ստացվել է աշխատանքի տեղավորման 62 հայտ, որոնց արդյունքում ուղղորդվել է շուրջ 150 ուսանող և շրջանավարտ: Ընթացիկ աշխատանքների թվում է «YSMU Alumni Club» ինտերակտիվ հարթակի ստեղծումը շրջանավարտների հետագծի մշտադիտարկման նպատակով:
Մեկնարկել են ERPM դասընթացները՝ Շրի Լանկայից ուսանողների համար: Ներդրվել է ռոտացիոն կլինիկական պրակտիկայի մոդելը:
Հաջորդիվ նիստում հաստատվեցին «Ուսման վճարի չափերի մասին» կանոնակարգի փոփոխությունները: ԵՊԲՀ քոլեջի «Բուժական գործ» մասնագիտության, Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական (ժամային վերաբաշխում) ուսումնական ծրագրերի փոփոխությունները:
Գիտական խորհուրդը փակ-գաղտնի քվեարկությամբ գիտական կոչման շնորհման երաշխավորություն տվեց երկու համալսարանականի: Քննարկվեցին ուսումնական գործընթացներին վերաբերող ընթացիկ այլ հարցեր: