Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հիշելով ուսուցչին. պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանի խորհուրդներով է շարունակում գիտական ուղին դասախոս Աշոտ Ավագիմյանը

Հիշելով ուսուցչին. պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանի խորհուրդներով է շարունակում գիտական ուղին դասախոս Աշոտ Ավագիմյանը

Բժշկագիտության մեջ հաճախ է պատահում, երբ ապագա բժիշկները դեռ ուսանողական նստարանից բժշկագիտության որևէ ճյուղ, բնագավառ ընտրում են ավագ գործընկերների, ուսուցիչների օրինակով:

ԵՊԲՀ շրջանավարտ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Աշոտ Ավագիմյանի ճանապարհին հենց այդպես էլ պատահեց: Նրա կյանքում մեծ է Հյուսվածքաբանության ամբիոնի պրոֆեսոր, անվանի բժիշկ-գիտնական Արտաշես Ազնաուրյանի ներդրումն ու դերը: 

«Պրոֆեսոր Ազնաուրյանը մեծատառով անձնավորություն էր, հրաշալի մասնագետ և մարդ, որը հսկայական ներդրում է ունեցել մեր համալսարանում, նա ձևավորել է ֆունդամենտ, իր աշխատանքով ստեղծել է գիտական դպրոց: Յուրաքանչյուրը կհամաձայնվի, որ նման հզոր ամբիոնի ստեղծումը համարձակության և բարձր պրոֆեսիոնալ մտածողության արդյունք է:  Իր ղեկավարման տարիներին Համալսարանի Հյուսվածքաբանության ամբիոնը Խորհրդային Միությունում մեծ համբավ և պատիվ էր վայելում:  Չնայած իմ ուսուցչի  կորստի խորը ցավին և կսկիծին, ես հպարտ եմ, որ ինձ պատիվ է ընձեռվել լինել նրա վերջին ուսանողը, նրա գաղարափների հետևորդը: Դա ինձ համար հսկայական պատասխանատվություն և պատիվ է, և ես իմ կյանքում առաջնորդվում եմ  նրա բարոյաէտիկական սկզբունքներով՝ արդարություն, ազնվականություն, անձնուրածություն և սրտացավություն», – 85-ամյա հոբելյանի առիթով դասախոսին հիշելիս նշում է Աշոտ Ավագիմյանը՝ հավելելով, որ Ազնաուրյանը ոչ միայն դասախոս էր, ուսուցիչ, ավագ գործընկեր, այլև ընկեր, որին նա այցելում էր ազատ դասամիջոցներին, ում հետ կարելի էր քննարկել ցանկացած բան. գիտական նորություններից մինչև անձնական հարցեր:

Աշոտ Ավագիմյանը 24 տարեկանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան Մոսկվայի Ա.Պ.Ավցինի անվան Մարդու մորֆոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում, որը դասվում է աշխարհի առաջատար ինստիտուտների թվին:

«Հպարտությամբ պետք է ասեմ, որ դարձա Ռուսաստանի տարածքում բժշկական գիտությունների ամենաերիտասարդ  թեկնածուն», – նշում է նա:

Նրա թեկնածուական ատենախոսության ղեկավարն էր հեղինակավոր գիտնական, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լև Կատուրսկին, իսկ ընդդիմախոսը՝ ակադեմիկոս Եվգենիա Կոգանը` Մոսկվայի Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի պաթոլոգիական անատոմիայի ամբիոնի վարիչը, ինչպես նաև Ռոման Սերովը` Ա.Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի պաթոլոգիական անատոմիայի բաժանմունքի և փորձարարական սրտաբանության լաբորատորիայի ղեկավարը:

Աշոտ Ավագիմյանը նաև շեշտում է վաստակավոր պրոֆեսոր, Օլգա Ուրազովայի դերը, ով Սիբիրի պետական բժշկական համալսարանի պաթոֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչն  է,  իր՝ որպես գիտնական, կայացման գործում:

2021 թվականից դասախոսում է ԵՊԲՀ-ում, զուգահեռ դասավանդում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Ավելին, նա կարդիովասկուլյար պաթոլոգիայի գծով աշխատանքային խմբի համակարգողն է` սերտ համագործակցելով ՌԴ-ի, Իրանի, Վրաստանի և Իտալիայի պրոֆեսորների հետ:

Նրանց աշխատանքային խմբի հիմնական գիտական թեմաներն են կարդիո-օնկոլոգիա, կարդիովասկուլյար դիաբեթոլոգիան, սրտի ախտահարումը աուտոիմուն հիվանդությունների ժամանակ: Որպես աշխատանքային խմբի մի մաս՝ Սպահանի Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Նիզալ Սարրաֆզադեգանի գլխավորությամբ,

ԵՊԲՀ դասախոսն աշխատում է հսկայական նախագծի՝ համաիրանական CIBC կոհորտային հետազոտության վրա, որն ընդգրկում է 150,000 հիվանդ: Կենտրոնը գտնվում է ԱՀԿ իրավասության ներքո.

«Շարունակում եմ զարգացնել իմ գիտահետազոտական կարողությունները` բժշկագիտության ոլորտում ճանաչված մասնագետների ղեկավարությամբ` փոխանցելով ստացած գիտելիքը իմ ուսանողներին, հետևելով Երևանի պետական բժշկական համալսարանի պատերի ներքո ձևավորված  հարյուրամյա ավանդույթներին»:

Նա այժմ նաև բժշկական բուհի Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի կլինիկական օրդինատոր է․ շարունակում է հետբուհական կրթությունն ամբիոնի ներկայացուցչական համալսարանական մասնագետների մոտ, որոնք են՝ Զինաիդա Ջնդոյանը Տիտալի,  Թամարա Բայրամյանը  և Լուսինե Մկրտչյանը: Ընդգծում է նաև պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանի դերը իրեն սատարելու և աջակցելու գործում:

Ապագա բժիշկներին երիտասարդ, բայց արդեն բավականաչափ մասնագիտական փորձ ունեցող համալսարանականը խորհուրդ է տալիս դնել իրենց առջև մաքսիմալ նպատակներ և միշտ ձգտել առաջ, որպեսզի հետագայում ակնկալվող արդյունքը դիտարկվի որպես մինիմալ:

«Երբեք հասած մակարդակում կանգ չառնել, անկախ դժվարություններից և խոչընդոտներից, քանի որ անլուծելի խնդիրներ չկան, և ամեն մի փորձություն մարդուն կոփում և ուժեղացնում է:  Միշտ պետք է ոգեշնչվել և անկեղծորեն ուրախանալ ուրիշների հաջողություններով, օրինակ՝ մեծարգո պրոֆեսոր Նանա Պոգոսովան, մեր բուհիի շրջանավարտ է, մարդ, ով մեր համալսարանի դեսպանն է համաշխարհային գիտության մեջ, բժիշկ, ով հասել է մեծ բարձունքների, առանց չափազանցության, համաշխարհային գիտության մեջ։ Պրոֆեսոր Պողոսովայի պես մարդիկ ինձ համար օրինակ են և խթան՝ առաջ գնալու և զարգանալու համար,

քանի որ այսօր Նանա Վաչիկովնան կանխարգելիչ սրտաբանության չափանիշներն է թելադրում ամբողջ աշխարհի սրտաբաններին և թերապևտներին, և դա իսկապես յուրաքանչյուր հերացիականի համար պիտի լինի պարծանք։ Հենց սա է Արտաշես Վարդանովիչի դպրոցի սաների կյանքի

փիլիսոփայությունը։ Չնայած, ցավոք սրտի, Արտաշես Վարդանովիչը այլևս մեզ հետ չէ, բայց նա միշտ կմնա ոչ միայն ԵՊԲՀ-ի, այլ նաև ողջ հայ ժողովրդի պատմության և հիշողության մեջ՝ որպես իսկական հայրենասեր և ուղղակի Մեծ մարդ»- հավելում է Ավագիմյանը, ով պարբերաբար ակտիվ մասնակցություն է ունենում գիտական բազմաթիվ միջազգային համաժողովների, մասնագիտական հավաքների` ընդլայնելով կապերն ու գործակցությունը:

Աշոտ Ավագիմյանն ավարտել է վերապատրաստման դասընթացները Ռուսաստանի, Իրանի, Ուկրաինայի և Ավստրիայի առաջատար բուհերում և կլինիկաներում։ Սարկոիդոզի վերաբերյալ դասագրքի հեղինակ է, որը լույս է տեսել ԲելառուսիԳԱԱ հայտնի ակադեմիկոս Ալեքսանդր Մրոչեկի ղեկավարությամբ։ 45 հոդվածի հեղինակ է որոնք հրապարակվել են այնպիսի հայտնի ամսագրերում, ինչպիսիք են European Heart Journal, Current Problem in Cardiology, International Journal of Cardiology, International Journal of Molecular Sciences, Frontiers in Cardiology և այլն:  Գիտական ​​նվաճումների համար նրան ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհվել է մրցանակ՝ 2021 թվականի դեկտեմբերին: Նա հաճախակի է հանդես գալիս նաև հանրապետական ​​և միջազգային գիտաժողովներում: