Եթե ընտրել եք բժշկությունը՝ որպես մասնագիտություն, ապա երբեք մի՛ կորցրեք գիտելիքի հանդեպ սովը և երբեք մի՛ հանձնվեք: Ապագա բժիշկներին նման խորհրդով է դիմում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողուհի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Հանրային առողջություն» ծրագրի վերջին կուրսի ուսանողուհի Հելեն Հիրան:
Հելենը ծնվել է Հնդկաստանի Չեննայ քաղաքում, սակայն ապրել և մեծացել է Դելիում: «24 տարեկան եմ, 14 տարի զբաղվել եմ դաշնակահարությամբ: Դեռ դպրոցական տարիքից եղել եմ ինտերակտիվ ակումբի ակտիվ անդամ և մասնակցել եմ բազմաթիվ հավաքների ու միջոցառումների, այդ թվում ՝ արյան դոնորության ճամբարներ, աուտիզմի վերաբերյալ իրազեկման միջոցառումներ: Այն ժամանակվանից ի վեր, ինչ ես իմացա, թե ինչ է անում հիվանդությունը մարդկանց հետ, ես միշտ ցանկացել եմ բժիշկ դառնալ», – պատմում է ուսանողուհին: Իրականում, շարունակում է նա, մինչ դպրոցն ավարտելը նա, գիտությունից բացի, որևէ այլ առարկայով հետաքրքրված չէր և որոշել էր, որ դա էր իր կարիերայի համար լավագույն ոլորտը: «Օգնել մարդկանց և նպաստել, որպեսզի աշխարհն ավելի առողջ լինի. սա է մշտապես եղել իմ նշանաբանը: Իմ երազանքն է վերացնել ցանկացած հնարավոր հիվանդություն կամ առնվազն ինչ-որ կերպ աջակցել այդ գործընթացին: Իմ ծնողները մշտապես սատարում են ինձ իմ նպատակների իրականացման գործում. նրանք իմ դափնիների ու նվաճումների հպարտ կրողներն են՝ անկախ նրանից՝ փոքր են դրանք թե մեծ», – ուրախությամբ փաստում է Հելենը:
Հայաստանը, ըստ նրա, համաձայն բազմաթիվ հարցումների, կանանց համար աշխարհի ամենաապահով երկրներից է, իսկ անցած վեց տարիների իր կյանքն այստեղ չի փոխել այդ կարծիքը: «Ես եկել եմ մի երկրից, որտեղ կանանց անվտանգությունը խնդիր է, և սա ինձ համար թիվ մեկ առաջնահերթությունն էր, երբ ես ընտրում էի երկիր, որտեղ պետք է շարունակեի ուսումս: Առողջ միտքը սկսվում է տանը խաղաղությունից, և Հայաստանը դարձել է տուն` տնից հեռու, ինչպես ինձ համար, այնպես էլ բժշկական ոլորտի բազմաթիվ ասպիրանտների համար, որոնք շատ հեռվից են եկել այս հնարավորության հետևից», – ընդգծում է Հելենը:
Հայաստանը, վերահաստատում է հնդիկ ուսանողուհին, տուն է` տնից հեռու, և սա հայ ժողովրդի պարզ և հյուրասեր լինելու արդյունքն է: «Մարդիկ այստեղ օգնել են ինձ ու իմ ընկերներին՝ մայրաքաղաք Երևանում ապրելու շատ ներդաշնակ կյանքով: Իմ հայերենի ուսուցչուհին՝ տիկին Մանեն, հսկայական դեր խաղաց իմ՝ հայոց լեզվի հմտությունների կատարելագործման գործում: Դա, իր հերթին, ինձ օգնեց՝ այդքան կարճ ժամանակահատվածում շատ սահուն շփվելու հայ ընկերներիս հետ, ինչի շնորհիվ ինձ հաջողվեց կոտրել սառույցը և միախառնվել շրջապատի մարդկանց», – ավելացնում է Հելենը:
ԵՊԲՀ-ում կրթությունը, հավաստիացնում է ուսանողուհին, շատ լավն է: «Այն շատ ընդգրկուն է, բայց՝ գայթակղիչ: ԵՊԲՀ յուրաքանչյուր դասախոս օժտված է բարձր որակավորմամբ և իր յուրօրինակ մոտեցումն ունի ուսուցմանը, ինչը որոշակի բազմազանություն է հաղորդում կրթական, երբեմն միապաղաղ, համակարգին: Կարծում եմ՝ կրթության և գնահատման այլ ձևերի ներգրավումը, ինչպես, օրինակ, դերային խաղերը, որոշակի «համ» կհաղորդեն մեր ուսումնական ծրագրին», – նշում է Հելենը:
Բժշկական մասնագիտացմանն անդրադառնալով՝ հնդիկ ուսանողուհին ասում է, որ վիրաբուժության ոլորտը շատ գայթակղիչ է: «Այնքան հետաքրքիր է այս օրերին հետևել վիրաբուժական գործընթացների զարգացմանը: Եթե ինձ բախտ վիճակվեր՝ ստանալու մասնագիտություն ընտրելու հնարավորություն, ապա սրտաթորասային վիրաբուժությունը կլիներ այն ոլորտը, որի մեջ ես կցանկանայի խորանալ: Այնքան հրաշալի կլիներ նպաստել վիրաբուժական ոլորտի զարգացմանը», – անկեղծանում է Հելենը:
Հայաստանը, նրա կարծիքով, գեղեցիկ և շատ ապահով վայր է ապրելու համար, և այստեղ աշխատելն ուղղակի հիասքանչ կլիներ: «Սակայն ես, հավանաբար, կվերադառնամ Հնդկաստան, քանի որ այնտեղ բժիշկների հսկայական կարիք կա, և աղքատության մակարդակն է շատ բարձր: Ես կուզենայի Հնդկաստանում վարել ավելի լավ առողջապահական քաղաքականություն, ինչը կբարելավեր առողջապահության մակարդակը յուրաքանչյուրի համար, կավելացներ առողջապահության վրա ծախսվող ՀՆԱ մասնաբաժինը և կնվազեցներ աղետալի ու հսկայական բժշկական ծախսերը, որոնք Հնդկաստանում աղքատացնում են շատ տնային տնտեսությունների», – իր մտահոգությամբ կիսվում է ուսանողուհին:
Կարեկցանքը, քրտնաջան աշխատանքը, ձգտումը և սովորելու նկատմամբ մշտական ծարավը, Հելենի համոզմամբ, շատ կարևոր են բժիշկների համար, քանի որ բժշկությունը մշտապես զարգացող մասնագիտություն է: «Եվ մեր պարտքն է անել հնարավորը՝ վերջին զարգացումներին համահունչ մնալու համար, որպեսզի մեր հիվանդներին ապահովենք լավագույն բուժումը», – ընդգծում է ուսանողուհին: Խնդրի երկարաժամկետ և կայուն լուծում գտնելու վճռականությունն ըստ նրա, էական է, սակայն հիվանդությունների առաջացումը կանխելու համար միջոցներ ձեռնարկելը նույնպես պետք է կարևորվի: «Եթե ընտրել եք բժշկությունը՝ որպես մասնագիտություն, ապա երբեք մի՛ կորցրեք գիտելիքի նկատմամբ սովը և երբեք մի՛ հանձնվեք: Անհնարին ոչինչ չկա, նույնիսկ Էյնշտեյնը մի ժամանակ վատ ուսանող էր, բայց տեսե՛ք, թե ինչպիսի նվաճումների նա հասավ: Այս մասնագիտությունը պահանջում է ջանասիրություն և համբերություն, այնպես որ միշտ շարունակե՛ք պահպանել դրական վերաբերմունքը և ամբողջովին նվիրե՛ք ձեզ այդ գործին: Կարևոր է ոչ թե այն, թե քանի անգամ եք ընկնում, այլ այն, թե ինչպես եք հետագայում բարձրանում: Մի՛ դադարեք հավատալ և մի՛ հուսահատվեք», – եզրափակում է Հելեն Հիրան:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան