Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հնդիկ շրջանավարտը երբեք վերջակետ չի դնելու որպես բժիշկ կայանալու ճանապարհին

Հնդիկ շրջանավարտը երբեք վերջակետ չի դնելու որպես բժիշկ կայանալու ճանապարհին

Բժշկական բուհի հնդիկ շրջանավարտ Ռոհիթ Շարան Սանկարանին ԵՊԲՀ-ն ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև մեծ փորձ է տվել:

25-ամյա ապագա բժիշկ-հետազոտողը 2020 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը:

«Մայրս բժիշկ է և ֆիզիոլոգիայի պրոֆեսոր: Իսկ հայրս բժշկական ոլորտի խնդիրներով զբաղվող փաստաբան է: Արդեն կարող եք կռահել, թե որտեղից առաջացավ բժիշկ դառնալու իմ ցանկությունը: Եղբայրս ևս Հայաստանում բժշկական բուհի ուսանող է: Ընտանիքումս բժշկական ոլորտի մասնագետները շատ են: Ես տեսել եմ, թե ինչպես է բուժումը փոխում պացիենտի կյանքը՝ բարելավելով նրա առողջությունը: Քիչ մասնագիտություններ են ուղղակիորեն ազդում մարդկանց կյանքի որակի վրա», – ասում է Ռոհիթը՝ շեշտելով, որ բժշկի մասնագիտությունն ամենաազնվականն է:

Հայաստանը, ըստ նրա, շատ հայտնի է Հնդկաստանում բժիշկների շրջանում, և այն ուսանողները, որոնք ցանկանում են բժիշկ դառնալ, նախընտրում են բժշկական կրթությունը մեր երկրում:

«Բժշկական համալսարանն առանձնանում է որպես որակյալ բժիշկներ պատրաստող հեղինակավոր բուհ. այստեղ կրթված բժիշկներն իրենց գործունեությունը ծավալում են ամբողջ աշխարհում: Շատ շրջանավարտներ հաջողակ են այս ոլորտում, հենց այդ պատճառով այս բուհն իմ առաջին ընտրությունն էր աշխարհի բժշկական համալսարանների փնտրտուքում», – նշում է ապագա բժիշկը:

Առաջին անգամ Հայաստան գալով՝ Ռոհիթը կարծում էր, որ մեր երկիրն առանձնահատուկ է միայն գեղեցիկ բնությամբ և բիբլիական Արարատով:

«Սակայն վեց տարի այստեղ ապրելուց հետո ես կարող եմ փաստել, որ հայ ժողովրդի բարյացակամությունն ու սրտաբացությունն են լավագույնս բնորոշում Հայաստանը: Ես միշտ ասել եմ, որ մայրաքաղաք Երևանը ուսանողների կյանքի և կրթության համար ամենալավ քաղաքն է, և մինչ օրս համոզված եմ դրանում: Ես ապրել և սովորել եմ չորս երկրներում, բայց Հայաստանն իմ ամենասիրելի վայրն է», – անկեղծանում է հնդիկ շրջանավարտը:

Վերջին տարիներին, նրա գնահատմամբ, ապրելակերպը  Երևանում շատ է նմանվել արևմտյան երկրների մայրաքաղաքների ապրելակերպին, միայն թե՝ ավելի խաղաղ և հանգիստ:

«ԵՊԲՀ-ն ինձ տվել է կրթություն՝ այսօրվա բժշկական ոլորտում որակյալ մասնագետ լինելու համար, ինչպես նաև օժտել ինձ ապագայում ցանկացած իրավիճակի հեշտությամբ հարմարվելու ունակությամբ», – ասում է Ռոհիթը:

Հետագա մասնագիտացման մասին խոսելիս շրջանավարտը նշում է, որ կցանկանար լինել բժշկական ոլորտի դասախոս և հետազոտող:

«Կնախընտրեի այնպիսի կարիերա, որը թույլ կտար ինձ դասավանդել և պատրաստել ապագա բժիշկներ ու առողջապահության մասնագետներ: Դասախոսները միշտ ոգեշնչել են ինձ՝ ուսանողներին դասավանդելու իրենց նվիրվածությամբ: Դասախոսի կարգավիճակում իմ բոլոր նվաճումներով ես պարտական եմ լինելու նրանց», – ընդգծում է շրջանավարտը:

Անդրադառնալով ապագա ծրագրերին՝ Ռոհիթն ասում է, որ կցանկանար մնալ և աշխատել Հայաստանում: Վստահ է, որ ապագայում կվերադառնա:

Լավ բժիշկ լինելու համար, ըստ ապագա հետազոտողի, անհրաժեշտ է լինել վճռական և նվիրված: «Կարևոր չէ, թե որ մասնագիտությունն եք ընտրում կամ բժշկության որ ոլորտում եք հետագայում մասնագիտանում, դուք փոխում եք մարդկանց կյանքը», – նշում է Ռոհիթը:

Շրջանավարտն ապագա բժիշկներին խորհուրդ է տալիս անկեղծ լինել ամեն հարցում, դասախոսներին վերաբերվել ընկերների նման, ցույց տալ հետաքրքրությունը սովորելու հանդեպ:

 «Ուսանողական տարիներին փորձե՛ք հնարավորինս շատ բան սովորել, բայց հիշե՛ք, որ ուսման մեջ, մասնավորապես՝ բժշկական ոլորտում, վերջակետ չկա: Ամեն օր մի նոր բան է հայտնագործվում, և այս ոլորտում կատարվող հետազոտությունները երբեք չեն դադարում», – եզրափակում է Ռոհիթ Շարան Սանկարանը:

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան