«Էրազմուս+» կրթաթոշակային ծրագրի շրջանակում ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժնի համակարգմամբ ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանին մրցութային կարգով հնարավորություն է ընձեռվել դասախոսելու Թեսալոնիկի քաղաքի Արիստոտելի համալսարանում:
ԵՊԲՀ վարչական և դասախոսական կազմի համար ընձեռվող այս հնարավորությանը հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչատուր Գասպարյանը դիմել է երկրորդ անգամ․ նախորդը 2019 թվականին էր:
Բալկանյան երկրների շարքում այս կրթական հաստատությունն ամենախոշորն է, այստեղ սովորում է 80.000 ուսանող:
«Հոգեբանության ֆակուլտետն այս համալսարանում փիլիսոփայության և սոցիալոգիայի հետ համատեղ է: Ֆակուլտետում սովորում են և՛ բակալավրիատի ուսանողներ, և՛ մագիստրոսներ, և՛ ասպիրանտներ: «Պատերազմի ազդեցությունը մանկապատանեկան տարիքի հոգեկան աշխարհի վրա» թեմայով առաջին դասախոսությունը բակալավրատի համար էր նախատեսված: Հաջորդ դասախոսությունը բնական և մարդածին աղետների ազդեցության հետևանքների տարբերությանն էր նվիրված, որը նաև իմ ատենախոսության թեման էր տարիներ առաջ Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանում», – մանրամասնում է Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչը:
Երրորդ թեման, որը նա ներկայացրել է լսարանին, հոգեբանական տրավմայի միջսերնդային փոխանցումն էր, մասնավորապես՝ ցեղասպանության օրինակով. ինչպե՞ս է կատարվում փոխանցումը, ի՞նչ ճանապարհով է թափանցում մարդու հոգական աշխարհ և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել:
«Չորրորդ թեման, որը, կարծում եմ, Հայաստանում ևս պետք է շրջանառել, կոչվում է «Հետտրավմային աճ»․ այն մասին է, որ ընդամենը մինչև 30 տոկոս դեպքերում, տրավման հանգեցնում է սթրեսային խանգարումների: Մնացած դեպքերում մենք ունենք մեծ հնարավորություն տրավմային ազդեցությունը ուղղորդել դեպի աճ: Միշտ չէ, որ տրավման տապալում է մարդուն և դառնում ապակառուցողական վարքի պատճառ։ Տրվամանեը կարող են օգնել նորովի հասկանալ իրականության թույլ և ուժեղ կողմերը՝ որդեգրելով նոր նպատակներ, բացելով կյանքի նոր էջ դեպի կյանքի հաջորդ հանգրվանը կամ ապագան տեղաշարժվելով», – ընդգծում է փորձառու մասնագետը:
Հետտրավմային աճի մասին խոսելիս նրա մատնանշած օրինակները՝ Գերմանիայից, Ճապոնիայից, այլ երկրներից, ունկնդիրների համար խոսուն էին ու ազդեցիկ: Վիլյամ Սարոյան, Արշիլ Գորկի. համաշխարհային մեծության անուններով էր համեմված լսարանին անգլերեն մատուցվող դասախոսական նյութը:
«Հենց ինքը՝ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկին, ցեղասպանության տրավմայի կրողն էր, և համաշխարհային, հատկապես՝ ամերիկյան մշակույթի մեջ նա անփոխարինելի ձեռագիր թողեց, և ամբողջ աշխարհը հիանում է նրա աշխատանքներով: Դա հետտրավմային աճի յուրահատուկ և լավագույն դեպքերից է: Եվ գլխավոր մեսիջն այն էր, որ տրավմայից պետք է ոչ թե թևաթափ լինենք, այլ փորձենք վերցնել դասեր և նորովի կառուցել նպատակները, ապագան, հեռանկարները», – հավելում է Գասպարյանը:
Մեկշաբաթյա այցի վերջին՝ հինգերորդ, դասախոսությունը պրակտիկ սեմինար էր` արտակարգ իրավիճակներում հոգեկան առողջության ծառայության կազմակերպման առանձահատկություններին ուղղված:
Այցը հագեցած էր մասնագիտական օգտակար տեղեկատվությամբ, հատկապես՝ երկրորդ դասախոսության լսարանը հագեցած էր մոտ 120 ունկնդրով:
Համալսարանականը տպավորված էր ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսական կազմի հետ շփումից` շեշտելով, որ փոխանակային կրթական ծրագրին մասնակցելն իր համար մասնագիտական ինքնագնահատականի բարձրացում էր, քանի որ, ցավոք, խոսել է այն թեմաների մասին, որոնց միջով հայ ժողովուրդն անցել է:
Կարևոր է, որ հույները հայերի նկատմամբ բացառիկ վերաբերմունք ունեն: Հոգեբանը հպարտ էր, որ 1900 թվականին քաղաքի կենտրոնական մասում հիմնադրված հայկական եկեղեցին ամենաճանաչվածներից է: Ուսանողներից մեկը հայ էր, որը ռուսերեն էր հաղորդակցվում:
Բանախոսին Հայոց ցեղասպանության մասին շատ հարցեր էին հղում, քաջատեղյակ էին, հատկապես՝ ցեղասպանության միջսերնդային փոխանցումը հատուկ ուշադրության արժանացավ:
«Նախատեսված ժամանակից միշտ ավելի շատ ենք աշխատել և մնացել լսարանում», – եզրափակում է Գասպարյանը:
Նշենք, որ Շպրինգեր հրատակության կողմից Նյու-Յորքում հրատարակված «Աղետները և երեխաների հոգեկան առողջությունը․ միջազգային հեռանկար» խորագրով գրքում նա հեղինակել է «Հայոց ցեղասպանությունը և դրա միջսերնդային հետևանքները» գլուխը և շարունակում է գիտահետազոտական աշխատանքն այս ուղղությամբ: