Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հուլիսի 28-ը Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն է

Հուլիսի 28-ը Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն է

Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ աշխարհում մահացության հիմնական պատճառներից մեկը՝ տարեկան խլելով ավելի քան 1 միլիոն մարդու կյանք: Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլոբալ խնդիրներից է և լուրջ մարտահրավեր է: Յուրաքանչյուր տարի հուլիսի 28-ը նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր: Այն առիթ է մեկ անգամ ևս բարձրաձայնելու և իրազեկելու հասարակությանն այդ վտանգավոր վարակների խմբի մասին:

2023թ.-ի խորագիրն է «Մեկ կյանք, մեկ լյարդ», որը մատնանշում է լյարդի վրա հեպատիտների բացասական ազդեցությունը և վերջինի հանդեպ անհրաժեշտ հոգատար վերաբերմունքի կարևորությունը, քանզի լյարդն ամեն օր կատարում է ավելի քան 500 կենսական ֆունկցիա, որոնց դադարեցումը կարող է մահաբեր լինել: Ցավոք, վիրուսային հեպատիտներով ինֆեկցվածների միայն 10%-ն է իրազեկված հիվանդության մասին:

Հեպատիտ Բ-ն և Ց-ն միասին ամեն տարի 1.1 միլիոն մահվան և 3 միլիոն նոր վարակի պատճառ են դառնում: Ըստ ԱՀԿ տվյալների՝ 350 միլիոն մարդ ապրում է քրոնիկ վիրուսային հեպատիտի վարակով, որոնցից ամեն օր մահանում է 3000 մարդ․ դա նշանակում է, որ ամեն երեսուն վայրկյանում մեկ մարդ է մահանում հեպատիտից: Ամեն օր հեպատիտ Բ-ի և Ց-ի ավելի քան 8000 նոր դեպք է արձանագրվում կամ ամեն րոպե 5-ից ավելի վարակման դեպք է հաստատվում: Եթե ընթացիկ միտումը շարունակվի, մինչև 2040թ.-ը վիրուսային հեպատիտը տարեկան ավելի շատ մարդ կսպանի, քան մալարիան, տուբերկուլյոզը,  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը՝ միասին:

Հեպատիտը լյարդի բորբոքում է, որի պատճառը տարբեր վարակիչ վիրուսներն ու ոչ վարակիչ գործոններն են, դրոնք հանգեցնում են մի շարք առողջական խնդիրների, որոնցից մի քանիսը կարող են մահացու լինել։ Հեպատիտի վիրուսի հինգ հիմնական տեսակ կա, որոնք կոչվում են Ա, Բ, Ց, Դ և Ե տեսակներ, սակայն աշխարհում առավել տարածված են երեքը` Ա-ն, Բ-ն և Ց-ն:

Թեև դրանք բոլորն էլ լյարդի հիվանդություններ են առաջացնում, սակայն ունեն մի շարք տարբերություններ, այդ թվում՝ փոխանցման եղանակները, հիվանդության ծանրությունը, աշխարհագրությունը և կանխարգելման մեթոդները։ Մասնավորապես, Բ և Ց տեսակները հանգեցնում են հարյուր միլիոնավոր մարդկանց քրոնիկ հիվանդությունների և լյարդի ցիռոզի, լյարդի քաղցկեղի և վիրուսային հեպատիտի հետ կապված մահվան ամենատարածված պատճառներն են: Իսկ մահերը կարելի է կանխել ժամանակին թեստավորման և բուժման, ինչպես նաև հեպատիտ Բ-ի դեպքում` պատվաստման օգնությամբ: Ըստ հաշվարկների՝ ամբողջ աշխարհում 354 միլիոն մարդ ապրում է հեպատիտ Բ-ով և Ց–ով, և մեծամասամբ բժշկական ստուգումներն ու բուժումն անհասանելի են հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների բնակչության համար։

Հեպատիտի որոշ տեսակներ հնարավոր է կանխարգելել պատվաստումների միջոցով: ԱՀԿ-ի կողմից անցկացված  ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մինչև 2030 թվականը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 4.5 միլիոն վաղաժամ մահ հնարավոր կլինի կանխել պատվաստումների, ախտորոշման թեստերի, դեղամիջոցների և կրթական արշավների միջոցով։ ԱՀԿ-ի համաշխարհային հեպատիտի ռազմավարությունը նպատակ ունի 2016-2030 թվականներին նոր հեպատիտներով վարակվածների թիվը նվազեցնել 90%-ով, իսկ մահացությունը՝ 65%–ով:

Հեպատիտները հաճախ ընթանում են առանց ախտանիշների և, ցավոք, մարդը, չիմանալով հիվանդության մասին, չի դիմում բժշկական կազմակերպություն: Հիվանդությունը հայտնաբերվում է ուշ, երբեմն՝ արդեն լյարդի ցիռոզով կամ լյարդի առաջնային քաղցկեղով:

Հայաստանում վերջին 3 տարվա հեպատիտների ցուցանիշներից  ելնելով՝ կարող ենք նշել, որ դիտվում է հեպատիտների թվի աճ: Մասնավորապես` 2020թ.-ին արձանագրվել է վիրուսային հեպատիտների 17 դեպք, առաջնակի հայտնաբերված քրոնիկ հեպատիտների 27 դեպք, հեպատիտ Բ-ի վիրուսակրության 414 և հեպատիտ Ց-ի վիրուսի հանդեպ հակամարմինների առկայության 791 դեպք: 2021 և 2022թթ.-ին գրանցվել է վիրուսային հեպատիտների համապատասխանաբար 19 և 23 դեպք, առաջնակի հայտնաբերված քրոնիկ հեպատիտների` 66 և 53 դեպք, հեպատիտ Բ-ի վիրուսակրության՝ 473 և 637 դեպք և հեպատիտ Ց-ի վիրուսի հանդեպ հակամարմինների առկայության՝ 910 և 982 դեպք:   

Տարեցտարի հեպատիտների դեպքերի թվի աճն անհանգստանալու տեղիք է տալիս, նաև պետք է նշել, որ թվերը կարող են ամբողջական իրական պատկերը չարտացոլել, ուստի շատ կարևոր է, օրվա կարգախոսին համահունչ, հետևել լյարդի առողջության պահպանմանը և պարբերաբար թեստավորվել` հեպատիտի կարգավիճակն իմանլու և հետագա բարդություններից խուսափելու համար: