Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ARICE ծրագրի գործընկեր, Հունաստանի Genotypos Science Labs ախտորոշման կենտրոնի գիտական ղեկավար, ազգությամբ հույն Պանտելիս Կոնստանտուլակիսը պատմել է գենետիկի մասնագիտության ընտրության, մասնագիտական գործունեության, ինչպես նաև հայ գործընկերների հետ գիտական համագործակցության խորացման հեռանկարների մասին։
«Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (ARICE – Armenian Research Infrastructure on Cancer Research) նախագիծը բժշկական բուհի երկրորդ Twinning ծրագիրն է, որի հիմնական նպատակներից է ստեղծել կարևոր ենթակառուցվածքներ քաղցկեղի ուսումնասիրման ոլորտում մոլեկուլյար ախտորոշման համար:
ARICE ծրագրի շրջանակում այս տարվա հունիսին բժշկական բուհում կայացավ «Քաղցկեղի հետազոտությունը և ընթացիկ մոլեկուլյար մեխանիզմների կիրառումը» խորագրով միջազգային համաժողովը, որի առանցքային բանախոսներից էր պրոֆեսոր Կոնստանտուլակիսը։
– Պրոֆեսոր, ինչո՞ւ ընտրեցիք գիտնականի և գենետիկի մասնագիտությունը։
– Քոլեջում սովորելու դեռ առաջին տարիներն էին, երբ սկսեցի հետաքրքրվել կյանքի զարմանալի հրաշքը բացահայտելու գաղափարով: Գենետիկան՝ որպես ընտրություն, հայտնվեց ավելի ուշ, երբ ես հասկացա, որ ամեն ինչի մեծ մասը գաղտնագրված է պարզ գենետիկ կոդում:
– Ինչի՞ վրա եք այժմ աշխատում Genotypos Science Labs-ում:
– Genotypos Science Labs-ը հիմնականում կլինիկական ախտորոշման կենտրոն է, որի հիմնական հետաքրքրությունը ներառում է օնկոգենետիկայի ոլորտը: Մենք կիրառում ենք առկա տեխնիկան՝ օգնելու ախտորոշել թիրախային բուժումների հետ կապված բիոմարկերները, որոնք առավելություն կտան քաղցկեղով հիվանդներին: Միևնույն ժամանակ, Հունաստանի և այլ երկրների ակադեմիական կենտրոնների հետ գործակցությամբ մենք ներգրավված ենք մի շարք հետազոտական նախագծերում, որոնք առնչվում են քաղցկեղին, ինչպես նաև հազվադեպ ժառանգական հիվանդություններին:
– Կկիսվե՞ք Երևանի պետական բժշկական համալսարան կատարած աշխատանքային այցից ստացած տպավորություններով:
– ԵՊԲՀ կատարած այցից տպավորությունները լավագույնն էին՝ հիմնականում կազմակերպիչ գործընկերներիս հյուրընկալությամբ պայմանավորված։ Հայ գործընկերների հետ քննարկումները շատ հետաքրքիր էին ու բեղմնավոր։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ ավելի շատ ժամանակ չունեի՝ Երևանում անցկացնելու համար։
– Ո՞ր փուլում է ԵՊԲՀ ARICE ծրագրի շրջանակում հայ մասնագետների հետ Ձեր գիտական համագործակցությունը։
– Ցավոք, այս պահին ես անմիջականորեն ներգրավված չեմ ARICE ծրագրում, բայց միանշանակ բաց եմ հայաստանյան գործընկերներիս հետ հնարավոր փոխգործակցության և քննարկումների համար։
– Ապագայում ծրագրո՞ւմ եք այցելել մեր երկիր:
– Իհարկե, չորրորդ անգամ Հայաստան կատարելիք այցիս ես արդեն ավելի շատ ժամանակ կտրամադրեմ։
– Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ապագա գործընկերներին։
– Փորձե՛ք հասնել աստղերին՝ անկախ նրանից, թե որքան բարձր են նրանք թվում:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան