Ավելի քան 100 տարի բժիշկների սերունդներ կրթող բժշկական համալսարանի զարգացման հիմքում այն ամբիոններն են, որոնք ժամանակի ընթացքում կատարելագործվելով, բժշկական բուհի ուսանողներին հիմնարար գիտելիքներ տալով՝ այսօր շարունակում են մեր երկրում ապահովել բժշկական կրթության բարձր որակը:
Հյուսվածքաբանության ամբիոնը, որը հինադրվել է 1922 թվականին Բժշկական ինստիտուտում, այս տարի նշում է գործունեության 100-ամյա հոբելյանը:
Առաջին վարիչը եղել է Գ.Ս. Հայրապետյանը: Ամբիոնի հիմնադիրներից է համարվում Հ.Գ. Չախմախչյանը (1924-1952թթ.), որը երկու անգամ գործուղվել է Գերմանիա՝ ամբիոնն անհրաժեշտ սարքավորումներով կահավորելու նպատակով: Նորաստեղծ ամբիոնի զարգացման համար դրանք համարվում են ամենաբեղուն տարիները:
Այնուհետև այդ աշխատանքները շարունակել են Հ.Գ. Եփրեմյանը (1952-1970թթ.) և Կ. Հ. Կարապետյանը (1971-1976թթ.):
Հյուսվածաբանության ամբիոնի կայացման գործում մեծ է բ.գ.դ. պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանի ներդրումը (1976-2008թթ.):
2008-2011թթ. ամբիոնը միավորվել է Նորմալ անատոմիայի և կլինիկական անատոմիայի ամբիոնների հետ, վերանվանվել է մորֆոլոգիայի ամբիոն, որը ղեկավարել է բ.գ.դ., պրոֆ. Գ.Պ. Քյալյանը: 2011 թվականին ամբիոնը տարանջատվել է և 2011-ից առ այսօր այն ղեկավարում է կ.գ.դ., պրոֆեսոր Կարմեն Սահակյանը, որի ղեկավարման տարիներին ամբիոնում ներդրվել է ուսանողների գիտելիքների գնահատման բազմաբաղադրյալ համակարգը: Արդյունքում ստեղծվել է նաև ուսանողների գիտական խմբակը, լաբորատորիայում անհրաժեշտ պայմաններ՝ ուսանողներին գործնական ունակություններին ծանոթացնելու, ինքնուրույն փորձեր կատարելու և հյուսվածքաբանական պատրաստուկներ պատրաստելու գործում:
Բազմաբաղադրյալ գնահատման եղանակի արդյունքում համալրվել են հյուսվածքաբանական պաստառները: Վերջին տարիներին ամբիոնը ձեռք է բերել ժամանակակից մանրադիտակներ:
Ամբիոնի վարիչ Կարմեն Սահակյանը կարևորում է երիտասարդ կադրերի ներգրավումը դասավանդման գործընթացում:
Շուրջ 32 տարի ամբիոնը ղեկավարելով՝ Արտաշես Ազնաուրյանն ապահովել է ամբիոնի արդյունավետ աճն ինչպես գիտական ոլորտում, այնպես էլ ուսումնական գործընթացում: Ազնաուրյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 38 թեկնածուական և 8 դոկտորական ատենախոսություն:
«Յուրաքանչյուր բժշկի, գիտնականի ձեռքբերում քրտնաջան աշխատանքի արդյունք է: Հաջողության գրավականը նպատակն է, որին հասնելու համար չպետք է խնայել ջանք ու եռանդ»,-նշում է պրոֆեսորը:
Այսօր էլ շարունակելով աշխատանքն ամբիոնում՝ ընդգծում է՝ ամբիոնի գործունեությունը կարևոր նշանակություն ունի ապագա բժիշկներին հիմնարար գիտելիքներ տալու և լավ մասնագետներ կրթելու հարցում:
Ամբիոնը համալրված է ուսումնամեթոդական նյութերով, որը տարիների աշխատանքի արդյունք է և կոչված է բժշկի ուղին ընտրած ուսանողներին փոխանցել այն արժեքավոր գիտելիքները, որոնք առանցքային են լավ մասնագետ դառնալու համար: «Ուսանողները ստանում են գիտելիքներ օրգանների մանրադիտակային կառուցվածքի, կատարվող փոփոխությունների, դրանց հետևանքով առաջացած հիվանդությունների վերաբերյալ: Առկա են բոլոր պայմանները տեսական գիտելիքներ ստանալու համար»,-ասում է պրոֆեսորը՝ ընդգծելով, որ դասախոսի առաքելությունն է խստապահանջությամբ օգնել ուսանողներին վստահ քայլերով մուտք գործել բժշկություն:
Արտաշես Ազնաուրյանի խոսքով՝ յուրաքանչյուր հերացիական պետք է շարունակի պատասխանատվություն զգալ բժշկական 100 պատմություն ունեցող մայր բուհի զարգացումն ապահովելու համար:
«Հաշվի առնելով բժշկության զարգացման արագությունը՝ ամբիոնին անհրաժեշտ է նյութատեխնիկական վերազինում»,-որպես ամբիոնի զարգացման առաջնահերթություն առանձնացնում է երկար տարիներ ապագա բժիշկներ կրթող պրոֆեսորը:
Հյուսվածաբանության ամբիոնն ունի 10 դասախոսից և 3 ասիստենտից կազմված աշխատակազմ՝ 4 պրոֆեսոր, 3 դոցենտ, 2 ավագ դասախոս, 1 դասախոս և 3 ասիստենտ:
«Հյուսվածաբանություն» առարկան դասավանդվում է ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և ստոմատոլոգիական ֆակուլտետների 1-ին կուրսի 2-րդ կիսամյակի և 2-րդ կուրսի 1-ին կիսամյակի ընթացքում: Ուսումնական պրոցեսն ապահովելու նպատակով ամբիոնում առկա են 8 դասասենյակներ, որոնք համալրված են ժամանակակից մանրադիտակներով, հյուսվածաբանական պատրաստուկներով, պաստառներով: Ամբիոնն ունի հյուսվածաբանական լաբորատորիա, որտեղ կատարվում են հյուսվածաբանական պատրաստուկների վերականգնում և գիտական աշխատանքներ: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութերը մատուցվում են դասախոսությունների, գործնական պարապմունքների, ինչպես նաև ինքնուրույն աշխատանքների ձևով: Ամբիոնն ունի հրապարակված դասագրքեր, ատլասներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և իր կողմից ստեղծած հայերեն լեզվով տեսադասախոսություն: Շարունակում է աշխատել նոր դասախոսությունների ստեղծման ուղղությամբ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին: Ամբիոնն անցկացնում է Նորմալ անատոմիայի, ինչպես նաև Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնների հետ համատեղ դասախոսություններ: Ուսումնական գործընթացի արդյունավետության և առարկայի նկատմամբ հետաքրքրության զարգացման նպատակով ամբիոնում կազմակերպվում են նաև ուսանողական համաժողովներ, որոնցում մասնակցում են հյուսվածաբանության առարկայի գիտական խմբակի ուսանողները: Գիտահետազոտական աշխատանքներն այստեղ կատարվում են երկու ուղղությամբ` Փորձարարական երկարատև ճնշման համախտանիշի պայմաններում տարբեր օրգան-համակարգերում կառուցվածքագործառույթային փոփոխություններն ու դրանց հնարավոր կանխարգելումը: Վերը նշված թեմաներով պաշտպանվել է 7 թեկնածուական և 4 դոկտորական ատենախոսություններ: Թիմալինի ազդեցությունը ենթաստամոքսային գեղձի արտազատական և ներզատական ապարատների կառուցվածքագործառույթային վիճակի վրա փորձարարական առաջացրած «ստրեպտոզոտոցինային դիաբետի» և «արգինինային պանկրեատիտի» մոդելների պայմաններում:
Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի մորֆոլոգների ասոցիացիաների նիստերին, որի նախագահը պրոֆ. Ա.Վ. Ազնաուրյանն է: