Ամեն տարի ապրիլի 7-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնադրման օրը (1948թ.), նշվում է Առողջության համաշխարհային օրը:
Օրը նշելու ավանդույթը սկսվել է 1950 թվականից: Այն նպատակ ունի լուսաբանելու, թե որքան կարևոր նշանակություն ունի առողջությունը, և բարձրաձայնելու այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են ամբողջ աշխարհի մարդկանց առողջական վիճակի բարելավմանն ուղղված գործընթացներին:
Յուրաքանչյուր տարի այս օրը նվիրվում է առողջապահության որոշակի խնդրի և նշվում է տարաբնույթ խորագրերով կամ կարգախոսներով` ուշադրությունը կենտրոնացնելով հանրային գլոբալ առողջապահական միտումների և առողջությանը սպառնացող առանձին հարցի շուրջ:
Առողջության համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է` «Իմ առողջությունն իմ իրավունքն է»:
Մարդու իրավունքները համընդհանուր են՝ անկախ ռասայական պատկանելիությունից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, ունեցվածքից կամ այլ կարգավիճակից:
Առողջության իրավունքն անբաժանելի է մարդու այլ իրավունքներից, ինչպիսիք են՝ կրթության, սեփականության, աշխատանքի, տեղեկատվության և այլ իրավունքները:
Մարդու առողջության հետ կապված այլ իրավունքները իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ են, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերում: ԱՀԿ կանոնադրությունը ճանաչում է մարդու առողջության իրավունքը:
Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույն հասանելի մակարդակի իրավունք: Երկրները իրավական պարտավորություն ունեն՝ մշակել և իրականացնել օրենսդրություն և քաղաքականություն, որը երաշխավորում է որակյալ առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիությունը և վերացնում է առողջական տարբերությունների արմատական պատճառները՝ ներառյալ աղքատությունը, խարանը և խտրականությունը:
Իմացե՛ք ձեր առողջության հիմնարար իրավունքները:
Դուք իրավունք ունեք`
Առողջության իրավունքը գլոբալ առումով ներառում է 4 հիմնական փոխկապակցված տարրեր՝ առկայություն, մատչելիություն, ընդունելիություն և որակ:
Առկայությունը նշանակում է բավարար թվով գործող առողջապահական հաստատությունների, բժշկական նշանակության ապրանքների հասանելիություն և բժշկական ծառայությունների սպասարկում և իրականացում բոլորի համար:
Մատչելիությունը պահանջում է, որ առողջապահական հաստատությունները, ապրանքներն ու ծառայությունները հասանելի լինեն բոլորին: Մատչելիությունն ունի չորս բաղադրիչ՝ անխտրականություն, ֆիզիկական մատչելիություն, տնտեսական մատչելիություն (գների հասանելիություն) և տեղեկատվության մատչելիություն: Սա հատկապես կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր հաճախ բախվում են առողջության զգալի խոչընդոտների՝ կապված ծառայությունների, օբյեկտների և բժշկական տեղեկատվության հասանելիության հետ:
Մատչելիության գնահատումը պահանջում է վերլուծել առողջապահական համակարգերի և ծառայությունների ֆիզիկական, աշխարհագրական, ֆինանսական և այլ խոչընդոտները, նաև դրանց ազդեցությունը մարդկանց առավել խոցելի խմբերի վրա: Այս խոչընդոտները վերացնելու համար անհրաժեշտ է սահմանել կամ կիրառել հստակ նորմեր և ստանդարտներ ինչպես օրենսդրության, այնպես էլ քաղաքականության մեջ:
Ընդունելիությունը/թույլատրելիությունը կապված է բժշկական էթիկայի պահպանման, մշակութային առանձնահատկությունների և գենդերային գործոնների հետ: Ընդունելիությունը պահանջում է, որ առողջապահական հաստատությունները, ապրանքները, ծառայությունները և ծրագրերը լինեն մարդակենտրոն, մարդահեն և բավարարեն բնակչության տարբեր խմբերի հատուկ կարիքները, ինչպես նաև համապատասխանեն բժշկական էթիկայի միջազգային չափանիշներին՝ կապված գաղտնիության և տեղեկացվածության համաձայնության հետ:
Որակը տարածվում է առողջության հիմնական որոշիչների վրա, ինչպիսիք են՝ անվտանգ խմելու ջուրը և սանիտարական պայմանները, ինչպես նաև պահանջում է, որ առողջապահական հաստատությունները, ապրանքներն ու ծառայությունները հաստատվեն գիտական և բժշկական տեսանկյուններից:
Առողջության առաջնային պահպանման վրա հիմնված համընդհանուր առողջապահական ծածկույթն օգնում է երկրներին իրականացնել առողջության իրավունքը՝ ապահովելով բոլոր մարդկանց առողջապահական ծառայությունների մատչելի և հավասար հասանելիություն: