2004 թվականից ի վեր ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհը նշում է Իմունոկանխարգելման համաշխարհային շաբաթ նախաձեռնությունը: Այս տարի այն նշվում է ապրիլի 24-ից 30-ը, իսկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում 2024 թվականի ապրիլի 21-ից 27-ն է անցկացվում Իմունիզացիայի եվրոպական շաբաթը:
Նախաձեռնության նպատակն է` բարձրացնել իրազեկությունը հիվանդությունների կանխարգելման և կյանքի պաշտպանության գործում պատվաստանյութերի, իմունիզացիայի կարևորության մասին: Այս տարի իմունիզացիայի շաբաթն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն նվիրված է Իմունիզացիայի ընդլայնված ծրագրի (EPI) 50 ամյակին: Այս կարևոր հանգամանքը նշելու համար արշավը կենտրոնանալու է վերջին 5 տասնամյակների ընթացքում ծրագրի ուշագրավ նվաճումների վրա, մասնավորապես` պաշտպանելու մի քանի սերունդ այնպիսի լուրջ հիվանդություններից, որոնք հնարավոր է կանխել պատվաստանյութերի միջոցով: Այն նաև կընդգծի յուրաքանչյուր բնակավայրում պատվաստումների բարձր ընդգրկվածության հասնելու հրատապ անհրաժեշտությունը՝ կանխելու այս հիվանդությունների բռնկումները այժմ և ապագայում:
Պատվաստանյութերը դարձել են հանրային առողջության հիմնաքարը՝ կանխելով մահացու հիվանդությունների տարածումը և փրկելով անհամար կյանքեր:
Ընդլայնված իմունիզացիայի ծրագիրը (EPI), Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 1974թ.-ին ներդրված նախաձեռնություն է, գլոբալ միջոցառում, որի նպատակն է՝ ապահովել յուրաքանչյուր երեխայի համար կենսական կարևոր պատվաստանյութերի հավասար հասանելիություն՝ անկախ նրանց աշխարհագրական դիրքից կամ սոցիալ-տնտեսական կարգավիճակից: Վերջին հինգ տասնամյակների ընթացքում ծրագիրը զարգացել և հասել է զգալի հաջողությունների, որոնք փոխել են Առողջապահության համաշխարհային պատկերը:
2024թ.-ին EPI-ի 50-ամյակը կարևոր առիթ կլինի նշելու ծրագրի ձեռքբերումները, ընդգծելու դրա ազդեցությունը փրկված կյանքերի վրա և ակտիվացնելու նոր ջանքերը՝ ուղղված պլանային իմունիզացիայի ոլորտում նախաձեռնությունների ամրապնդմանը:
20-րդ դարի երկրորդ կեսին պատվաստումների համաշխարհային արշավը մարդկության ամենամեծ նվաճումներից մեկն է եղել:
Իմունիզացիայի արշավները թույլ տվեցին արմատախիլ անել բնական ծաղիկը, գրեթե հաղթահարել պոլիոմիելիտը և ապահովել ավելի շատ երեխաների կյանքն ու բարեկեցությունը, քան երբևէ:
1974թ.-ին ստեղծվելուց ի վեր, Իմունիզացիայի ընդլայնված ծրագիրը նպատակ ուներ պաշտպանել բոլոր երեխաներին 6 մանկական հիվանդություններից, բայց այսօր այդ թիվը հասել է 13 համընդհանուր առաջարկվող պատվաստանյութերի ողջ կյանքի ընթացքում և 17 լրացուցիչ պատվաստանյութերի՝ համատեքստից կախված առաջարկություններով: Կյանքի ընթացքում պատվաստումների ծրագրի ընդլայնման հետ մեկտեղ մենք այժմ այն անվանում ենք իմունիզացիայի հիմնական ծրագիր:
ԱՀԿ-ի «Իմունականխարգելման օրակարգը՝ մինչև 2030» նոր գլոբալ տեսլականը և ռազմավարությունն ուղղված են առաջիկա տասնամյակում վերոգրյալ մարտահրավերների հաղթահարմանը՝ առաջնորդվելով «ոչ ոք չի մնում առանց ուշադրության» սկզբունքով և նախատեսելով մինչև 2030 թվականն ապահովել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր ոք, ցանկացած տարիքում և վայրում, կարող է օգտվել պատվաստանյութերից` բարելավելով սեփական առողջությունն ու բարեկեցությունը: ԱՀԿ-ի «Իմունականխարգելման օրակարգը՝ մինչև 2030» հստակ պահանջները և մարտահրավերներն արտացոլելով` ձեռնարկվում են մի շարք նախաձեռնություններ, ինչպիսիք են «Մենինգիտների հաղթահարումը մինչև 2030 թվականը: Մենինգիտների կանխարգելումը և հսկողությունը», «Պոլիոմիելիտի արմատական վերացումը», «Պոլիոմիելիտի անցումային փուլի պլանավորումը և պոլիոմիելիտի հետսերտիֆիկացիոն փուլը», «Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումը և հսկողությունը: Արգանդի վզիկի քաղցկեղի վերացման խթանումը՝ որպես հանրային առողջապահական խնդիր», «Սեզոնային գրիպի պատրաստվածությունը» և այլն: Իմունականխարգելման կարևորությունը վերահաստատվել է «Կանանց, երեխաների և դեռահասների առողջության պահպանման 2016-2030 թվականների գլոբալ ռազմավարությունում», ըստ որի 2016-2030 թվականների ընթացքում 10 պատվաստանյութի կիրառումն ամբողջ աշխարհում կարող է կանխարգելել 24-26 մլն հիպոթետիկ մահ` այն սցենարի համեմատությամբ, եթե այդ պատվաստանյութերը բոլորովին չկիրառվեին: Կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի, այդ թվում`
Իմունականխարգելման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը շարունակում են մնալ Հայաuտանի Հանրապետության առողջապահության համակարգի արդիական հիմնախնդիրներից մեկը: Պատվաստումների շնորհիվ մեր հանրապետությունում 1995 թվականից այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002 թվականին Հայաստանը հռչակվել է պոլիոմիելիտից ազատ երկիր և առ այսօր հաջողությամբ պահպանում է այս կարգավիճակը: Վերջին 20 տարվա ընթացքում չեն արձանագրվում նաև դիֆթերիայի դեպքեր: Իմունականխարգելման ազգային ծրագրի հաջող գործադրման արդյունքում զգալիորեն նվազել են փայտացման դեպքերը՝ գրանցվում են շատ հազվադեպ, իսկ կապույտ հազը և համաճարակային պարօտիտը (խոզուկ) արձանագրվում են եզակի դեպքերով: Վերջին տարիներին դիտվում է նաև մանկական մահացության աննախադեպ նվազում՝ 2019 թվականին կազմել է 6.2 %, 2008թ.-ի` 10.8%-ի դիմաց (1000 կենդանի ծնվածի հաշվով): Մանկական մահացության նվազեցմանն ուղղված ջանքերում իրենց ուրույն դերն են ունեցել Պատվաստումների ազգային օրացույցում ներդրված հեմոֆիլուսային Բ բաղադրիչով հնգավալենտ և վեցավալենտ, պնևմակոկային և ռոտավիրուսային պատվաստանյութերը: Մինչև 14 տարեկան երեխաների շրջանում չեն գրանցվում վիրուսային հեպատիտ Բ-ի դեպքեր: 1999թ.-ին հանրապետությունում ներդրվեցին վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները, որից հետո Հայաստանի Հանրապետությունում սկսվեց դիտվել վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության կտրուկ նվազում` մինչև 14 տարեկան երեխաների շրջանում՝ 140 անգամ:
Համավարակի փուլում պլանային բուժօգնության դժվարամատչելիությունը, աճող հակամարտությունները, տնտեսական անկումները և պատվաստումների վերաբերյալ անվճռականության աճը գործոններ են, որոնք խոչընդոտում են պատվաստումային գործընթացին: Արդյունքում, աշխարհում գրանցվում են կարմրուկի, դիֆթերիայի, կապույտ հազի բռնկումներ, որոնք մինչ այժմ գրեթե հաղթահարված էին:
Իմունիզացիան կյանքեր փրկելու և ողջ կյանքի ընթացքում առողջությունն ու բարեկեցությունը խթանելու ծախսարդյունավետ միջոցներից մեկն է: Ամեն տարի պատվաստանյութերը միլիոնավոր կյանքեր են փրկում, և միլիոնավոր մարդիկ պաշտպանություն են ստանում հիվանդություններից և հաշմանդամությունից:
Սիրելի հայրենակիցներ, հիշե՛ք, պատվաստումը հանրային առողջության պատմության մեջ ամենահաջող ձեռքբերումներից մեկն է համարվում, այն շարունակում է մնալ մի շարք վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ամենաանվտանգ և ամենաարդյունավետ միջոցը:
«Հերացի» վերլուծականը մայիս ամսին մեծ միջոցառում է նախատեսում պատվաստումների, դրանց արդյունավետության, նոր պատվաստանյութերի ներդրման և դրանց առնչվող տարաբնույթ խնդիրների լուսաբնման նպատակով:
Եղեք առողջ, իրազեկված և պատվաստված՝ համաձայն ՀՀ իմունականխարգելման ազգային օրացույցի Ձեր տարիքային խմբին ցուցված պատվաստումներով: