Իմունականխարգելման եվրոպական շաբաթվա շրջանակում ԵՊԲՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ և Կարիերայի կենտրոնի համակարգմամբ կազմակերպվել էր մասնագիտական քննարկում:
Հիմնական զեկուցողներն ու մասնակիցները համալսարանականներ էին, բժշկական բուհի տարբեր ամբիոնների մասնագետներ:
«Իմունականխարգելման եվրոպական շաբաթն այս տարի համընկնում է Իմունականխարգելման ընդլայնված ծրագրի ներդրման 50-ամյակի հետ: Վերջինիս շնորհիվ պատվաստանյութերը հասանելի դարձան բոլորին` անկախ գտնվելու վայրից կամ սոցիալ-տնտեսական կարգավիճակից»,- նշեց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի Իմունականխարգելման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Նիազյանը` հավելելով, որ պատվաստանյութերը վերացրել են ծաղիկ հիվանդությունը, 99%-ով նվազեցրել պոլիոմիելիտը և կտրուկ նվազեցրել այլ հիվանդությունների դեպքերը, իսկ նորածինների ապրելիության ցուցանիշը կյանքի առաջին տարվա ընթացքում հիմա 40%-ով ավելին է, քան 50 տարի առաջ:
Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին պատվաստանյութերի միջոցով կանխարգելելի հիվանդությունների վերաբերյալ զեկույցներ։
«Մոռացված և մի քիչ անտեստված կապույտ հազը» զեկույցը ներկայացրեց Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Սաթենիկ Հարությունյանը: Նույն ամբիոնի կլինիկական օրդինատոր Տաթևիկ Ղազարյանի թեման էր «Գրիպը մուկովիսցիդոզով պացիենտների շրջանում․ կանխարգելել թե ոչ»:
Կրկին «Մուրացան» հիվանդանոցից` մանկական ինֆեկցիոնիստ, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոն Սուրեն Բրուտյանը խոսեց կապույտ հազի կանխարգելման, իսկ այս ամբիոնի կլինիկական օրդինատոր Լիլիթ Առաքելյանը` ՀԲՎ ուղղահայաց փոխանցման կանխարգելման մասին:
Այնուհետև Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը ներկայացրեց «Կատաղության իմունականխարգելումը» զեկույցը: Այս ամբիոնի դասախոս Նաիրա Մելքոնյանի մեկնաբանությամբ շարունակվեց գիտաժողովը «Կապույտ հազ բաղադրիչով պատվաստանյութի կիրառումը հղիների շրջանում» մասնագիտական նյութի շուրջ:
Արհեստական բանականության ծպտյալ ներուժին անդրադարձավ Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը, իսկ պատվաստումների հակիրճ պատմությանը` Հանրային առողջության ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանը:
Գիտաժողովը ինտերակտիվ էր, հարցուպատասխանով, կլինիկական պրակտիկայից դեպքերով հարուստ ու ոլորտին վերաբերող տարբեր նեղ մասնագտեների ընդգրկմամբ: