«Ապագա բժշկի» ծնունդը ներկայացնում է հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի երկարամյա վարիչ, պրոֆեսոր Տիգրան Ասմանգուլյանը:
1950-ական թվականների վերջերին էր: Ինստիտուտի կուսակցական կոմիտեի նիստում քննարկվում էր նոյեմբերի 7-ի տոնակատարության միջոցառումների վերաբերյալ հարցը: Կոմիտեի ընդլայնված նիստին մասնակցում էի նաև ես, որ այն ժամանակ «Ապագա բժիշկ» պատի թերթի խմբկոլի նախագահն էի: Նիստին քննարկվում էին շքերթին՝ ուսանողների մասնակցության, ինստիտուտի մասնաշենքերում հերթապահության և մի շարք այլ հարցեր:
Բացակայում էր միայն ռեկտոր Գ.Ա. Ղևոնդյանը: Երբ նիստը մոտենում էր ավարտին՝ ներս մտավ Գ.Ա. Ղևոնդյանը և հայտարարեց, որ լավ լուր ունի հաղորդելու, սակայն ուզում է մի փոքր հանգստանալ: Մինչ Ղևոնդյանը շունչ կառներ, անցավ 10-15 րոպե: Բոլորս անհամբեր սպասում էինք:
«Ես գալիս եմ ՀԿԿ Կենտկոմից: Կենտկոմը թույլատրել է մեր ինստիտուտին՝ հրատարակել բազմատիրաժ թերթ»,-հակիրճ ասաց նա:
Գ. Ղևոնդյանի խոսքը մեծ խանդավառությամբ ընկալվեց բոլորի կողմից: Բազմատպաքանակ թերթ ունենալու մասին այն ժամանակ ոչ ոք մտածել անգամ չէր կարող: Երևանում հրատարակվում էր ընդամենը մի քանի անուն կուսակցական և կոմերիտական թերթ, 3-4-ը՝ հայերեն և 2-ը՝ ռուսերեն: Իսկ բազմատպաքանակ թերթ ուներ միայն Երևանի պետական համալսարանը:
Մտաբերելով «Ապագա բժշկի» ստեղծման պատմությունը՝ չի կարելի չնշել ինստիտուտի պատի թերթի մասին, որի լույս ընծայմանը ես երկար տարիներ ունեցել եմ անմիջական մասնակցություն:
Լույս էր տեսնում 3 պատի թերթ: Մեկը՝ համաինստիտուտային, իսկ երկուսը՝ ֆակուլտետային՝ 1-2 ամիսը մեկ անգամ պարբերականությամբ: Պատի թերթի նոր համարն անմիջապես իր վրա էր հրավիրում ուսանողների ուշադրությունը: Պատի թերթի մոտ միշտ կարելի էր տեսնել ուսանողների, որոնք կարդում և աշխույժ քննարկում էին սուր բնույթի հոդվածները:
Ամեն տարի կազմակերպվում էին բուհական պատի թերթի մրցույթներ: Հիշում եմ, որ մրցույթներից մեկը կազմակերպվել էր պոլիտեխնիկական ինստիտուտում: Յուրաքանչյուր բուհ ներկայացրել էր մեկ պատի թերթ, մրցույթին մասնակցում էր նաև մեր թերթը: Երևանի բժշկական ինստիտուտի «Ապագա բժիշկ» վերտառությամբ պատի թերթը շահեց առաջին մրցանակ: Հենց այս թերթի անունով հետագայում կոչվեց բժշկական ինստիտուտի տպագիր պարբերականը՝ «Ապագա բժիշկ» թերթը: