Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (Armenian Research Infrastructure on Cancer Research – ARICE) ծրագրի շրջանակում հունիսի 23-ին մեկնարկեց «Քաղցկեղի հետազոտությունը և ընթացիկ մոլեկուլյար մեխանիզմների կիրառումը» խորագրով միջազգային համաժողովը։
ARICE ծրագիրը բժշկական բուհի երկրորդ Twinning ծրագիրն է, որի հիմնական նպատակներից է ստեղծել կարևոր ենթակառուցվածքներ քաղցկեղի ուսումնասիրման ոլորտում մոլեկուլյար ախտորոշման համար:
«Այսօր անցկացվող համաժողովը կարևոր է այն դիտակետից, որ գենետիկ դաշտում առաջնորդող դիրքեր ունեցող միջազգային հյուրերի և այս ծրագրի գործընկերների հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը ներկայացնող համալսարանական գենետիկան կինտեգրվի եվրոպական գենետիկ մեծ ընտանիքի մեջ, որպեսզի կարողանանք նույն հարթության մեջ խոսել և համագործակցել արտերկրի մասնագետների հետ»,-բուհի ղեկավարության անունից ողջունելով ներկաներին՝ նշեց Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը` կարևորելով նաև այն թեմաները, որոնցից են մոլեկուլյար ախտորոշման վրա հիմնված թարգեթային թերապիան, իմունաթերապիան, որոնք ընդգրկված են միջոցառման ծրագրում:
ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանը հանգամանալից ներկայացրեց «ՀՈՐԻԶՈՆ 2020- ARICE» նախագծի նպատակներն ու կարևորությունը։
«Քաղցկեղի հետազոտությունները, մոլեկուլյար նոր նվաճումները և համաժողովի շրջանակում ընտրված մյուս հարցերը կարևոր են ամբողջ աշխարհի, ինչպես նաև Հայաստանի համար` ժամանակին ախտորոշման, մոնիտորինգի, բուժառուների անձնականացված բուժման առումով: Արդեն տպագրված գիտական հոդվածներից հայտնի է, որ մեր երկրում կա լուրջ խնդիր, որն է քաղցկեղի հետևանքով մահացության ցուցանիշները:
Հրավիրել ենք աշխարհի տարբեր երկրներից պրոֆեսիոնալ բժիշկ-գիտնականների, որոնք զբաղվում են այս հարցերով»,- ընդգծեց նա` հավելելով, որ ARICE ծրագրի շնորհիվ՝ բժշկական համալսարանը մեր երկրում դառնում է լիդեր քաղցկեղի հետազոտության ոլորտում:
Պրոֆեսոր Սարգսյանի փոխանցմամբ` մասնակիցներն աշխարհի լավագույն փորձագետներն են ԱՄՆ-ից, Իսրայելից, եվրոպական երկրներից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:
ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (IARC) Լաբորատոր ծառայության և բիոբանկի խմբի ղեկավար Զիսիս Կոզլակիդիսը ներկայացրեց «Քաղցկեղի հետազոտությունը` միջազգային տեսանկյունից. IARC/ԱՀԿ վերջին նախաձեռնությունները» թեմայով զեկույցը։
ԱՄՆ Cedars-Sinai բժշկական կենտրոնի առաջատար օնկոլոգ, մեր հայրենակից Արսեն Օսիպովն անդրադարձավ քաղցկեղի բուժման ընթացքում թիրախային թերապիային և հարակից թեստերին՝ հատուկ շեշտադրում անելով ճշգրտության, համապարփակության և այլ գործոնների վրա։ Մասնագետի զեկույցի երկրորդ մասը նվիրված էր «Ճշգրիտ բժշկության ժողովրդավարացումը» թեմային: Արսեն Օսիպովը մասնագետների քննարկմանը ներկայացրեց նաև իմունոթերապիայի անհրաժեշտությունը քաղցկեղի բուժման ընթացքում՝ մասնավորապես ներկայացնելով ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը և դրա ախտորոշման արդյունավետ ուղիները։
Բժշկական գենետիկայի ամբիոնի դոցենտ Դավիթ Բաբիկյանը հանդես եկավ «Մոլեկուլյար գենետիկական ախտորոշման ներկա վիճակը Հայաստանում. նպատակներ՝ ապագայի համար» զեկույցով։
Հունաստանի Genotypos Science Labs կենտրոնի մասնագետ Պանտելիս Կոնստանտուլակիսը հանդես եկավ «Մոլեկուլյար օնկոլոգիայի հեռանկարները» խորագրով զեկույցով, իսկ Կիպրոսի Բիոբանկավորման գերազանցության կենտրոնի և Կենսաբժշկական հետազոտությունների համալսարանի մասնագետ Կոնստանտինոս Դելտասը ներկայացրեց թոքերի քաղցկեղի ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները։
Իսրայելի Բելինսոն հիվանդանոցի մասնագետ Նոյ Ազուլայը ներկայացրեց ժառանգական քաղցկեղը և այդ ոլորտում իր երկրի կուտակած փորձը։
Չեխիայի Չարլզի համալսարանի մասնագետ Լադիսլավ Պեզենն անդրադարձավ Չեխիայի ազգային օնկոլոգիական ռեգիստրի, ինպես նաև IARC/ԱՀԿ GLOBOCAN – Քաղցկեղի գլոբալ հետազոտական կենտրոնի գործունեությանը։
Համաժողովի ավարտին ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Գրացի բժշկական համալսարանի բիոբանկի հիմնադիր և տնօրեն, ԱՀԿ փորձագետ, ԱՄՆ Cedars-Sinai բժշկական կենտրոնի օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն Կարինե Սարգսյանը ներկայացրեց «Քաղցկեղի հետազոտության ամենաակնառու ակադեմիական բիոբանկը» զեկույցը։
Նշենք, որ 2020 թվականին ԵՊԲՀ-ն հաղթել էր Եվրամիության ՀՈՐԻԶՈՆ-2020 (Horizon-2020) Թվինինգ (Twinning) «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (Armenian Research Infrastructure on Cancer Research – ARICE) ծրագրում, որը նվիրված է շատ արդի առողջապահական խնդիրներից մեկին՝ քաղցկեղի հետազոտություններին։
Պատասխանատուների գնահատմամբ` ARICE ծրագրի արդյունքում ԵՊԲՀ-ն կդառնա առաջատարը Հայաստանում քաղցկեղի գենետիկ հետազոտման ոլորտում, և մեր երկրում առաջին անգամ կստեղծվի եվրոպական չափանիշներին համապատասխան բիոբանկ: