Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Իրանի դեսպանը հանդիպել է ԵՊԲՀ ուսանողների հետ

Իրանի դեսպանը հանդիպել է ԵՊԲՀ ուսանողների հետ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է բժշկական համալսարանում սովորող իրանցի ուսանողներին:

Հանդիպման ընթացքում նշվեց, որ երկու երկրի համագործակցությունն ուղղված է կրթության և գիտության զարգացմանը:

Այսօր բժշկական համալսարանում սովորում է Իրանից ժամանած 159 ուսանող և կլինիկական օրդինատոր, որոնք իրենց առանձնահատուկ տեղն ունեն բժշկական համալսարանում սովորող օտարերկրացի ապագա բժիշկների շարքում:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ բուհի ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում իրանցի ուսանողների կողմից բարձրացված՝ թե ուսումանական գործընթացին վերաբերող, թե կեցության հետ կապված հարցերին։

Օտարերկրացիների ուսուցման դեկանատը ևս աջակցում է ուսանողներին մշակութային միջոցառումների կազմակերպման գործում: Այդ կերպ թե հայ, թե այլազգի ուսանողները հնարավորություն են ունենում ծանոթանալ Իրանի մշակույթին և հարուստ պատմությանը։

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց Իրանի դեսպանությանը՝ ի դեմս դեսպանի սերտ համագործակցության համար՝ ընդգծելով, որ որակյալ կրթության ապահովումն առաջնահերթություն է: Այդ իսկ պատճառով, մեր համալսարանի նպատակն է՝ պատրաստել միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետներ, որոնք կկարողանան իրենց ուրույն տեղը գտնել բժշկական ցանկացած հարթակում։

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին պատրաստակամություն հայտնեց ընդլայնել առկա համագործակցությունը բժշկագիտության մի շարք ուղղություններով:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերական դարձնել նման հանդիպումները՝ ուսանողների խնդիրներին ու ծրագրերին առավել օպերատիվ լուծում տալու նպատակով:

Որոշվեց նաև առաջիկայում կազմակերպել Իրանի մշակույթին նվիրված օր: Միջոցառումը հնագույն մշակույթ ունեցող երկիրն առավել հասանալի կդարձնի հայ և արտասահմանցի ուսանողներին:

Հանդիպման ընթացքում ելույթ ունեցած նաև ուսանողները՝ ներկայացնելով նաև իրենց կրթական հաջողությունները:

Նշենք, որ ԵՊԲՀ-ում Իրանից ժամանած ուսանողները սկսել են կրթություն ստանալ դեռևս 1990թթ., իսկ 2000թ. նրանց թիվը էականորեն ավելացել է, քանի որ բուհն արդեն անցում է կատարել օտարալեզու ուսուցմանը։