Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Իրանցի ապագա ատամնաբույժը ԵՊԲՀ կրթությունը հրաշալի հնարավորություն է համարում

Իրանցի ապագա ատամնաբույժը ԵՊԲՀ կրթությունը հրաշալի հնարավորություն է համարում

Նաջմե Ֆազելին՝ 25-ամյա ապագա ատամնաբույժը, վերջերս է ավարտել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Հայաստանը նրա համար դրախտ է, իսկ ուսումը ԵՊԲՀ-ում՝ ավելին իմանալու և կատարելագործվելու հրաշալի հնարավորություն:   

Նաջմեն ծնվել է 1995 թվականի մայիսին Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքում: Վերջին 6 տարվա ընթացքում նա ապրում է Երևանում:

Պատմելով, թե ինչպես որոշեց տեղափոխվել Հայաստան ևարդյոք բժիշկ դառնալն իր երազանքն էր, Նաջմեն անկեղծանում է. «Ոչ այնքան: Ես սիրում եմ նոր միջավայր, սիրում եմ հանդիպել նոր մարդկանց, ծանոթանալ տարբեր մշակույթների և սովորել լեզուներ: Մտածում էի հիմնական միջավայրս փոխելու մասին, և Հայաստանն ամենալավ տարբերակն էր ինձ համար: Իսկ հետո ես սիրահարվեցի Հայաստանին և Երևանին»: Այստեղ երիտասարդ իրանուհին իրեն զգում է ինչպես տանը: Հայաստանն, ըստ նրա, իր սիրալիր մարդկանցով, շատ գեղեցիկ բնությամբ, զարմանահրաշ մշակույթով և համեղ սնունդով հիշեցնում է դրախտ:    

ԵՊԲՀ-ում սովորելու որոշումը, ընդգծում է Նաջմեն, հրաշալի հնարավորություն էր՝ ավելին սովորելու և հիասքանչ դասախոսներ ունենալու համար: «Ես նրանց ուղղակի պաշտում եմ: Իմ սիրելի դասախոսներից կառանձնացնեմ Հայարփի Սահակյանին, Աննա Խաչատրյանին և Մերի Մխիթարյանին», – նշում է Նաջմեն: Սիրելի առարկաներից նա առանձնացում է ատամնաբուժությունը և փիլիսոփայությունը: ԵՊԲՀ-ում սովորելն, ըստ շրջանավարտի, ուներ իր դժվարությունները մի մարդու համար, ով սովորում էր բժշկություն երկրորդ լեզվով: «Սակայն դա հետաքրքիր փորձ էր, որի շնորհիվ ես շատ բան սովորեցի ինչպես բժշկության, այնպես էլ կյանքի վերաբերյալ», – ընդգծում է ապագա բժշկուհին:  

Նաջմեն անտարբեր չէ նաև արվեստի նկատմամբ. նվագում է ջութակ և մի փոքր ուկուլելե ու դաշնամուր, սիրում է նկարել, հիմնականում՝ աբստրակտ ոճով: Խոսում է 4 լեզուներով՝ պարսկերեն, անգլերեն, հայերեն, ֆրանսերեն: Զբաղվել է սպորտով՝ բոքսով, մարմնամարզությամբ, բասկետբոլով և վազքով, այժմ՝ մեծամասամբ վազքով: Սիրում է կարդալ նորություններ և հոդվածներ՝ մեր առօրյայի մասին ավելի շատ բան իմանալու համար, ինչպես նաև զարգացնելու գիտելիքներն այն մասին, թե ինչպես հասարակությունը կարող է բարելավել իր կյանքը, կանանց իրավունքների պաշտպանությունը: «Այս մասին ես սիրում եմ նաև փաստա-վավերագրական ֆիլմեր դիտել», – ավելացնում է իրանուհին: 

Եվ վերջում Նաջմեն խորհուրդ է տալիս իր ապագա կոլեգաներին լինել աշխատասեր, սիրել այն, ինչ իրենք անում են և սիրով ողողել իրենց աշխատանքը, ինչպես նաև մշտապես հավատալ սեփական ուժերին: 

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան