Կաթվածի համաշխարհային կազմակերկության առաջարկությամբ, յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 29-ը նշվում է որպես կաթվածի դեմ պայքարի համաշխարային օր, որի նպատակն է` հիվանդության վտանգի և բարձր տարածվածության, դրա կանխարգելման և բուժման վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև կաթվածը վերապրածների խնամքի և կյանքի որակի բարելավումը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ գլխուղեղի կաթվածը բնակչության մահվան և հաշմանդամության պատճառների շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում: Տարեկան աշխարհում գրանցվում է ուղեղի կաթվածի շուրջ 12.2 միլիոն նոր դեպք, որից շուրջ 6.6 միլիոնը` մահվան ելքով: Վերջին երեք տասնամյակների ընթացքում կաթվածների առաջնային հիվանդացությունն աճել է 70%-ով, տարածվածությունը՝ 85%-ով, իսկ մահացության մակարդակը՝ 43%-ով: Ընդ որում, բարձր եկամուտ ունեցող երկրների համեմատ, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում հիվանդության բեռի ավելի մեծ աճ է տեղի ունեցել:
ՀՀ-ում 2019-2022թթ.-ին ինսուլտների տարածվածությունը կազմել է միջինում 6546 դեպք, որը շուրջ 7-ով ցածր է 2015-2018թթ.-ի ցուցանիշից:
Համանման պատկեր է նաև կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերի մասով: Մասնավորապես, եթե 2015-2018թթ.-ին միջինում գրանցվել է 2880 դեպք, ապա 2019-2022թթ.-ին` 2401 կամ 17-ով ավելի պակաս:
Կաթվածը ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է, որն արտահայտվում է տեղային կամ ընդհանուր գանգուղեղային նյարդաախտահարությամբ: Տարբերում են կաթվածի երկու հիմնական տեսակ` հեմոռագիկ և իշեմիկ: Հեմոռագիկ կաթվածն առաջանում է ներուղեղային արյունազեղման հետևանքով: Հեմոռագիկ կաթվածի պատճառ կարող են հանդիսանալ գլխուղեղի արյունատար անոթների առկա խնդիրները: Իշեմիկ կաթվածի պատճառը, որը հանդիպում է 87% դեպքերում, զարկերակների կամ երակների խցանման (թրոմբոզի, էմբոլիայի) արդյունքում գլխուղեղի որևէ հատվածի արյունամատակարարման անբավարարությունն է կամ ընդհատումը:
Կաթվածի ախտանիշները կախված են գլխուղեղի ախտահարված հատվածից և տարածքից, որքան մեծ է ախտահարված տարածքը, այնքան ավելի շատ են ուղեղի համապատասխան հատվածների ֆունկցիաների խանգարումները:
Հեմոռագիկ կաթվածի դեպքում առաջանում է, հիմնականում, մարմի մի կեսի շարժումների և զգացողությունների սահմանափակում, խանգարվում է խոսքը: Իշեմիկ կաթվածը երբեմն աստիճանաբար է դրսևորվում, սկզբում թմրում է ձեռքը, այնուհետև այտերի կեսը, ապա խանգարվում է խոսքը: Կաթվածից հետո, որոշ ժամանակ կարող են պահպանվել շարժողական ֆունկցիաների, խոսքի, զգացողության, միզարձակման տարբեր խանգարումներ:
Կաթվածի մյուս ախտանշանները ներառում են՝ գիտակցության խանգարում, տեսողական խնդիրներ, գլխապտույտ, հավասարակշռության, կորդինացիայի կորուստ, ուժեղ գլխացավեր՝ առանց հայտնի պատճառի։
Կաթվածի ամերիկյան ասոցիացիայի տվյալներով՝ կաթվածից հետո վերապրածներից 40%-ը չափավոր կամ ծանր խանգարումներ է ունենում, 25%-ն առողջանում է աննշան խանգարումներով, 10%-ը տնային խնամքի կամ հատուկ հաստատությունում խնամքի կարիք է զգում, և ընդամենը 10%-ն է գրեթե ամբողջությամբ վերականգնվում: Այսպիսով, կաթվածը հանդիսանում է հաշմանդամություն առաջացնող առաջատար պատճառներից մեկը և ունի մեծ սոցիալ-տնտեսական նշանակություն:
Կաթվածի առավել տարածված ռիսկի գործոններն են՝ զարկերակային գերճնշումը, ճարպակալումը, շաքարային դիաբետը, ծխելը, խոլեստերինի բարձր մակարդակը և գլխուղեղի անոթների աթերոսկլերոզը, սթրեսը, ալկոհոլի չարաշահումը, գլխի կամ պարանոցի վնասվածքները, անոթների տարբեր հիվանդությունները և այլն:
Անկառավարելի ռիսկի գործոններից ամենակարևորն է տարիքը. 55 տարեկանից հետո ամեն 10 տարին մեկ կաթվածի վտանգը կրկնապատկվում է։ Իգական սեռի համեմատ, տղամարդկանց շրջանում գլխուղեղի կաթվածներն ավելի հաճախ են ախտորոշվում:
Կաթվածների շուրջ 80%-ը կարելի է կանխել կենսակերպի փոփոխությունների միջոցով։ Ֆիզիկական կանոնավոր վարժությունները, առողջ սննդակարգը և վնասակար սովորություններից ազատվելը կարող են նվազեցնել խոլեստերինի բարձր մակարդակի, զարկերակային գերճնշման, ճարպակալման ու դիաբետի զարգացման վտանգը։ Շատ կարևոր է նաև սրտանոթային հիվանդությունների վաղ հայտնաբերումը և կառավարումը:
Հայաստանում գլխուղեղի կաթվածի կառավարման ազգային ծրագիրը ներդրվել է 2019 թվականին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Էրեբունի» ԲԿ-ի, սփյուռքի մասնագետների և ՀՀ ԱՆ արդյունավետ համագործակցության շնորհիվ։ Ծրագրի շրջանակներում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի «Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժական մասնագիտացված կենտրոն»-ի ղեկավար Ռ.Վ. Ֆանարջյանի ջատագովության արդյունքում Հայաստանի մի շարք մարզերում անցկացվել են դասընթացներ մարզերի շտապօգնության ծառայության բժիշկների շրջանում:
Ծրագրի արդյունավետության անուղղակի գնահատականն է 2019-2021թթ.-ին գրանցված ցուցանիշը, համաձայն որի՝ մահացությունն ուղեղի անոթային հիվանդություններից գրեթե 9%-ով նվազել է՝ ծրագրի ներդրմանը նախորդող տարիների համեմատ: