Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հիմնախնդիրները՝ ոլորտի մասնագետների դիտակետում

Կլինիկական իմունոլոգիայի և  ալերգոլոգիայի հիմնախնդիրները՝ ոլորտի մասնագետների դիտակետում

Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկեց Մոլեկուլային իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հայկական ասոցիացիայի տարեկան երկօրյա գիտաժողովը:

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը բուհի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի անունից ողջունեց գիտաժողովի մասնակիցներին:

Կարևորելով կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հիմնախնդիրները՝ գիտության գծով պրոռեկտորն ընդգծեց քննարկվող թեմաների արդիականությունը:

Բժշկության մեջ չկա ոչ մի ճյուղ, որն ուղղակի կամ անուղղակի կերպով չկապվի կայուն և, միաժամանակ, ճկուն իմունային համակարգի հետ: Իմունոլոգիայի նշանակությունն անգնահատելի է բժշկագիտության զարգացման արդի փուլում:

«Շրջակա միջավայրի գործոններով պայմանավորված բավականին մեծացել է ալերգիաների տարածվածությունը: Որպես մասնագետ՝ ինչպես ալերգոլոգները, այնպես էլ թերապևտները, ընտանեկան բժիշկները, թոքաբանները, քիթ-կոկորդ-ականջաբանները, ինֆեկցիոնիստները, մաշկաբաններն ու մանկաբույժները շարունակաբար պետք է կատարելագործեն իրենց հմտությունները բժշկագիտության այս ոլորտում»,-ասաց նա:

Կոնստանտին Ենկոյանը մասնակիցներին մաղթեց բեղուն աշխատանք, նոր գիտելիքներ, կայուն հմտություններ, որոնք կկիրառվեն պրակտիկ գործունեության մեջ:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար, Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ Արմինե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց մայր բուհին և ոլորտի մասնագետներին մասնակցության համար: Նրա խոսքով՝ երկօրյա գիտաժողովի ընթացքում կներկայացվեն առաջնային իմունային անբավարարությունները, մի շարք ալերգիկ հիվանդություններ, վերջիններիս ախտորոշման և վարման մեթոդները:

Ընդգծելով գիտաժողովի կարևորությունը՝ պետք է նշել, որ 100-ամյա բժշկական բուհում բժշկագիտության տարբեր ուղղություններին նվիրված համաժողովների կազմակերպումը ցույց է տալիս ոլորտի մասնագետների ակտիվ ներգրավվածությանը բժշկության ոլորտի հիմնախնդիրների վերհանմանը:

Մոլեկուլային իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հայկական ասոցիացիայի տարեկան երկօրյա գիտաժողովի առաջին զեկույցը ներկայացրեց Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար, Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ Արմինե Հակոբյանը՝ «Եղջերացան և անգիոայտուց» թեմայով:

Նրա խոսքով՝ մայիսի 16-ը նշվում է որպես ժառանգական անգիոայտուցի միջազգային օր: «Ժառանգական անգիոայտուցը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որն ալերգիկ հիվանդությունների շարքում ամենածանրերից է, և մեր երկրում ունի բարձր մահացություն՝ անհրաժեշտ կանխարգելիչ դեղերի բացակայության պատճառով»,-ընդգծեց Արմինե Հակոբյանը՝ ներկայացնելով խնդրին վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ կատարվեց նաև ալերգիկ հիվանդությունների լաբորատոր ախտորոշմանը, որը ներկայացրեց ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանը, քննարկվեցին կլինիկական դեպքեր:

Գիտաժողովն ունի ընդգրկուն աշխարհագրություն՝ դասախոսություններով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ֆրանսիայից, Գերմանիայից և Իրանից: