Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կլինիկական օրդինատորը ծրագրում է վերապատրաստվել ու գիտելիքները ծառայեցնել ի նպաստ Արցախի

Կլինիկական օրդինատորը ծրագրում է վերապատրաստվել ու գիտելիքները ծառայեցնել ի նպաստ Արցախի

ԵՊԲՀ-ն գերազանցությամբ ավարտած Սվետլանա Հարությունյանի համար ուսանողական տարիներին փոխանակային ծրագրի մասնակցելը որոշիչ է դառնում նեղ մասնագիտությունն ընտրելու հարցում:

Համբերատարությունը, կարեկցանքը, սերը դեպի բժշկագիտությունն ու գիտելիքներն անհրաժեշտ հատկանիշների այն զինանոցն են, որը նրա գնահատմամբ` պետք է ունենա բժշկի ուղին ընտրած յուրաքանչյուր մարդ:

Մասնակցելով բուհի կողմից կազմակերպված ամառային փոխանակային ծրագրի մրցույթին՝ նա պրակտիկա անցավ Մոսկվայում Պիրոգովի անվան բժշկական համալսարանի կլինիկաներից մեկում, որտեղ դեռևս համալսարանական տարիներին առնչվեց հետաքրքիր մասնագիտության հետ:  

«Այնտեղ կար մեծ ռևմատոլոգիական բաժանմունք՝ տարբեր հիվանդություններ ունեցող պացիենտներով: Միանգամից հետաքրքրություն առաջացրեց, սկսեցի ուսումնասիրել և հասկացա, որ ինձ շատ գրավեց: Ի սկզբանե զգում էի, որ ինձ թերապևտիկ ուղղվածությունն ավելի հոգեհարազատ է: Այնուհետև համալսարանում անցանք «Ռևմատոլոգիա» առարկան: Իմ դասախոսն էր Սուսաննա Գուրգենի Մանուկյանը, որն ավելի մեծ սեր առաջացրեց դեպի այս ուղղությունը»,- պատմում է Սվետլանան:  

Մինչ ռևմատոլոգիային ծանոթանալը՝ նա հետաքրքրված էր սրտաբանությամբ, սակայն ռևմատոլոգիա մասնագիտացմանը ծանոթանալուց հետո հասկացավ, որ այն զբաղվում է համակարգային հիվանդություններով, և դեպքերի մեծ մասը այսպես, թե այնպես առնչվում է սրտաբանության հետ:

Կլինիկական օրդինատուրան անցել է համալսարանական երկու հիվանդանոցներում` Ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոնի վարիչ, «Հերացի»  հիվանդանոցային համալիրի Ռևմատոլոգիայի ծառայության ղեկավա Քնարիկ Գինոսյանի, հաջորդիվ Միքայելյան հիվանդանոցում՝ դոցենտ Վալենտինա Վարդանյանի ղեկավարությամբ: Այժմ կրկին «Հերացի» համալսարանական համալիրում շարունակում է կատարելագործել գործնական հմտությունները:

Ուսանողական տարիներին ԵՊԲՀ սովորողը մասնակցել է մի շարք գիտական համաժողովների, եղել է «ԳԼՕԲՈՒՍ» ուսումնական, ինչպես նաև ամառային փոխանակային ծրագրերի մասնակից:  

Սվետլանան Արցախից Մարտունի քաղաքից է: Պատերազմից հետո շատ բան է փոխվել նրա կյանքում. հայրենիքի բարօրության համար սիրտը ցավում է և ունի այն զարգացնելու նա սեփական տեսլականը. «Եթե մինչ այդ ինձ պատկերացնում էի այլ երկրներում, հիմա նույնիսկ չեմ էլ մտածում դրա մասին: Պատրաստվում է միայն վերապատրաստվել ու գիտելիքներս ծառայեցնել ի նպաստ Արցախի»:

Կարճ ժամանակ անց` ապրիլին, պատրաստվում է 2-3 շաբաթով գնալ Ստեփանակերտ, որտեղ կփորձի ծանոթանալ տեղի պայմաններին, հիվանդանոցի հնարավորություններին, քանի որ հաստատակամ որոշել է ավարտել ուսումնառությունն օրդինատուրայում և վերդառնալ այնտեղ՝ աշխատելու:

Անկախ նրանից, թե ինչպիսի դժվարությունների կբախվի, ընդգծում է, որ պարտավոր է ապրել, արարել ու պայքարել հանուն հայրենիքի:

Հարությունյանների ընտանիքում առաջին բժիշկը Սվետլանան է: Նրա քույրը նույնպես ԵՊԲՀ 3-րդ կուրսի ուսանող է: