Փետրվարի 15-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Աշխարհում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի մոտ 200,000 նոր դեպք: Բժշկագիտության վերջին տասնամյակների առաջընթացի արդյունքում ներկայումս քաղցկեղով 100 երեխայից 85-ը ունեն կատարյալ առողջացման հնարավորություն: Սակայն նման ցուցանիշներ գրանցվում են, հիմնականում, զարգացած երկրներում: Զարգացող երկրներում, որտեղ գրանցվում են դեպքերի մոտ 80%-ը, մանկական քաղցկեղի ապրելիությունը բավականին ցածր է և կարող է տատանվել 0-ից մինչև 60%-ը: Հայաստանը, չնայած լինելով զարգացող երկիր, մանկական քաղցկեղից առողջացման տվյալները գրեթե մոտենում են զարգացած երկրների տվյալներին՝ կազմելով մոտ 65-70%: Այսինքն՝ Հայաստանում մանկական քաղցկեղով 100 երեխայից 65-70-ը կատարյալ առողջանում են, վերադառնում կյանք, հաճախում դպրոցներ և համալսարաններ, ունենում իրենց երեխաները:
Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայում բուժվում են արյան չարորակ հիվանդություններով և սոլիդ ուռուցքներով մանուկ և մեծահասակ հիվանդներ: Կլինիկան հիմնադրվել է 2007թ.՝ բժիշկ Սամվել Դանիելյանի ղեկավարությամբ: Իր գործունեության 10 տարիների ընթացքում կլինիկան հասել է բազմաթիվ հաջողությունների. ներդրվել են նորագույն բուժական սխեմաներ, համագործակցություն է հաստատվել աշխարհի լավագույն քաղցկեղի կենտրոնների և միջազգային կազմակերպությունների հետ, բժիշկները և բուժքույրերը վերապատրաստումներ են անցել արտասահմանում և իրենց հետ բերել այնտեղի լավագույն փորձը, կազմակերպվել են միջազգային կոնֆերանսներ, կատարվել են գիտական աշխատանքներ, որոնք տպագրվել են հեղինակավոր գիտական ամսագրերում և ներկայացվել միջազգային կոնգրեսներին, հարյուրավոր հիվանդներ առողջացել են և վերադարձել կյանք:
Համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայում է Հայաստանում առաջին անգամ բուժվել լեյկեմիայով մինչև մեկ տարեկան ամենափոքր երեխան, որն այսօր արդեն դպրոց է հաճախում: Այստեղ է նկարագրվել գանգի հիմի հսկաբջջային ուռուցքով աշխարհում ամենափոքր երեխան, որը բուժվել է նոր դեղամիջոցով, ինչն էլ տպագրվել է Իտալիայի հեղինակավոր ամսագրում:
Բացի ախտորոշումից և բուժումից, ԵՊԲՀ-ն միշտ ուշադրության կենտրոնում է պահում նաև քաղցկեղ ունեցող մարդկանց խնդիրները: Անցյալ տարի ապրիլին ԵՊԲՀ-ում կազմակերպվեց քաղցկեղը վերապրած մարդկանց մասնակցությամբ կոնգրես, որն իր մասնակցությամբ պատվեց Քաղցկեղի միջազգային միության Նախագահ, Նորին Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդը: Եկող տարի բժշկական համալսարանը կհյուրընկալի Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի տարեկան համաժողովը, որին մասնակցելու են 23 երկրի 60 մանկական քաղցկեղի կենտրոններ:
Չնայած ձեռքբերումներին, խնդիրները դեռևս շատ են, և բոլորիս պարտքն է կանգնել քաղցկեղով հիվանդ երեխաների կողքին և նպաստել նրանց լիակատար առողջացմանը: