Համալսարանական երեք հիվանդանոցում ոչ աշխատանքային օրն առավոտյան 11:00-ից գերհագեցած էր: Նախապես գրանցման միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեին դառնալ «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի անմիջական մասանակիցները` տասնյակ մասնագիտություններով ԵՊԲՀ առաջատար բժիշկների, պրոֆեսորների կողմից խորհրդատվություն և բժշկական օգնություն ստանալով:
«Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների պոլիկլինիկաներում, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում մեկնարկած համալսարանական նախաձեռնության գլխավոր նպատակը որակյալ բուժօգնությունը բնակչությանը հասանելի դարձնելն է:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բժշկական կադրերի մեկդարյա դարբնոցի կողմից կյանքի կոչվող նման ծրագրերն ուղղված են բժշկական ծառայությունների հասանելություն ապահովելուն:
«Ծրագիրը նվիրված է բժշկական համալսարանի 100-ամյակին: Կրթական այս հաստատությունն ամուր կանգնած է մեր բնակչության առողջության պահպանման թիկունքին»,- ասաց ռեկտորը` ընդգծելով, որ մեկնարկած նախաձեռնությունը ոչ թե տոնակատարություն է, այլ ծառայություն ժողովրդին:
Մասնագետների դիտարկմամբ` հետքովիդյան բարդությունները բնակչության շրջանում առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ բերել, որոնք ախտորոշելու և բուժելու կարիք ունեն: 100 օր փորձառու բժիշկ-գիտնականները օգնելու են մարդկանց հաղթահարելու հետքովիդյան բարդությունները, առողջության հետ կապված տասնյակ այլ հարցերը, որոնք ախտորոշված չեն և ենթական չեն ինքնուրույն բուժման:
«Պրոֆեսորադասախոսական կազմը, տրամադրելով բուժօգնություն, ցանկություն ունի թեթևացնել, լուծել մարդկանց առողջական խնդիրները: Սա վկայում է այն մասին, որ մեր ժողովուրդն ամուր պաշտպանված է սպիտակ բանակ ձևավորած բժշկական համալսարանի շրջանավարտների կողմից»,- շեշտեց Արմեն Մուրադյանը:
Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Դավիթ Մելիք–Նուբարյանի խոսքով` ծրագրի բարեհաջող մեկնարկն ու ընթացը կապահովի նախապես հերթագրվելու հնարավորությունը:
«Հերացի» և «Միքայելյան» հիվանդանոցներում մարտի 12-ին գրանցված էր շուրջ 70 պացիենտ, իսկ «Մուրացան»-ում առավել քիչ, քանի որ այս հիվանդանոցային համալիրը մասնագիտացված է երեխաների առողջության պահպանման, մանկության ոլորտում:
Պրոֆեսորները խորհրդատվություններ կատարեցին, բուժումներ նշանակեցին հերթագրված պացիենտներին` որոշ ծավալի հետազոտություններ կատարելով նաև տեղում:
«Հերացի» պոլիկլինիկայի ղեկավար Աննա Բալյանը գնահատելով ընթացքը` նշեց, որ նախանշվածի պես ծրագիրը սկսեց համակարգված ընթացքով` շնորհիվ մասնակցող բժիշկների, կազմակերպիչների փորձառության:
Ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոնի վարիչ, «Հերացի» համալիրի Ռևմատոլոգիայի ծառայության ղեկավար Քնարիկ Գինոսյանի փոխանցմամբ` մասնակիցները ոգևորված են այցելել իրեն: Նրան դիմած քաղաքացիների մեծ մասը քրոնիկ խնդիրներ ուներ:
Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար Աննա Պողոսյանը և կլինիկայի բժիշկ Մանանա Բաղդասարյանը ևս պացիենտներին տեղում զննելու և ախտորոշելու հնարավորություն ունեին:
Բժիշկ Բաղդասարյանի այցելուներից մեկի մոտ առկա էր Հայաստանում, բնակչության շրջանում հաճախ հանդիպող խնդիր` միջնապատի թեքություն, որի առկայությամբ պայմանավորված քննարկվեց և պացիենտին ցուցվեց առաջիկա վիրահատություն:
Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, Վիրաբուժության կլինիկայի ղեկավար Մուշեղ Միրիջանյանը նշեց, որ իր երկարամյա պրակտիկայում նման նախաձեռնությունների մասնակցելու հնարավորություններ նախկինում ևս եղել են: Դեռևս 80-ականներին ավագ գործընկերների հետ, այնուհետև 2000-ականների սկզբին կազմակերպվել են բնակչությանը բուժօգնության տրամադրման բաց դռներ, անվճար խորհրդատվությունների ակցիաներ: Նրա մոտ այսօր այցելության եկած պացիենտին ևս ցուցվեց վիրահատություն` աղիների մասնակի անանցանելիությամբ պայմանավորված:
Սրտաբանության ամբիոնի վարիչ, Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանը փաստեց, որ մասնակից դառնալով այս նախաձեռնությանը իրենք նպատակ ունեն օգնել բնակչությանը, մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը:
Նշենք, որ 100 օրվա ընթացքում յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 11:00-14:00-ն, կիրականացվի անվճար խորհրդատվություն «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների պոլիկլինիկաներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում:
Համալսարանական երեք հիվանդանոցում բժշկական մեծ թիմը զինված էր համբերությամբ և պատրաստակամ էր լինել ժողովրդի, հանրության թիկունքին, ինչպես առաջիկա 100 օրվա ընթացքում, այնպես էլ բոլոր օրերին:
Նախատեսված են մասնագետների մարզային արտագնա այցեր: Կանանց մեկամսյակի շրջանակում նախաձեռնությանը միացել է նաև «Բեգլարյան» բժշկական կենտրոնը: