Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ճառագայթային ախտորոշման եղանակի ընտրությունը ճշգրիտ բուժման գրավականն է

Ճառագայթային ախտորոշման եղանակի ընտրությունը ճշգրիտ բուժման գրավականն է

Ճշտգրիտ ախտորոշման համար յուրաքանչյուր հետազոտման մեթոդ պետք է ընտրվի բուժող բժշկի կողմից՝ հաշվի առնելով հիվանդության առանձնահատկություններն ու ընթացքը:
 «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի ղեկավար Կարինե Գյոզալյանը ներկայացնելով ճառագայթային ախտորոշման եղանակները՝  նշեց, որ հասարակության մեջ թյուր կարծիք կա, թե ՄՌՏ-ն հետազոտման ունիվերսալ մեթոդ է և բոլոր հարցերի պատասխանները կարելի է ստանալ այս եղանակով: «Չկա որևէ ունիվերսալ մեթոդ: Ախտորոշման յուրաքանչյուր ձև իր տեղն ունի և լրացնում է մյուսին»,–ասաց նա՝ ավելացնելով, որ ռենտգենոգրաֆիան և սոնոգրաֆիան լավագույն մեթոդներն են սկրինինգ հետազոտությունների համար՝ արագ են և մատչելի:

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան գործիքային  ախտորոշման անվտանգ, ժամանակակից մեթոդ է, որը թույլ է տալիս չկիրառելով իոնիզացնող  ճառագայթներ՝ ստանալ հետազոտվող հատվածի շերտավոր պատկեր՝ ցանկացած հարթության մեջ: Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ այն համարվում է առավել ինֆորմատիվ ախտորոշման տարբերակ՝ գլխուղեղի, ողնուղեղի, փափուկ հյուսվածքների, հոդերի և մի շարք այլ օրգան համակարգերի հետազոտման համար: Ճշտգրիտ ախտորոշում ստանալու նպատակով հաճախ կարիք է լինում համադրել տարբեր մեթոդներով ստացված տվյալները:

Կարինե Գյոզալանն ընդգծեց, որ ՄՌՏ-ի միջոցով կարելի է հայտնաբերել գլխուղեղի ուռուցքային հիվանդությունները, բնածին արատները, այսօր շատ տարածված դեմիէլինիզացնող հիվանդությունը, ինչպես նաև մեծ է ՄՌՏ-ի դերը իշեմիկ, մետաստատիկ և այլ բորբոքային հիվանդություններ հայտնաբերելու գործում: Վերջին շրջանում մեծ է ՄՌՏ-ի դերը սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ախտորոշման համար, լայն կիրառում ունի նաև անևրիզմաների և մալֆորմացիաների հայտնաբերման համար, որն ի տարբերություն ՀՇ-ի կատարվում է ոչ կոնտրաստ անգիոգրաֆիայի տարբերակով: Շատ հաճախ ՄՌՏ հետազոտության ինֆորմատիվությունը բարձրացնելու համար անհրաժեշտություն է լինում կիրառել կոնտրաստ նյութ: ՄՌՏ-ի ժամանակ օգտագործվող  կոնրտաստ նյութերը համարվում են անվնաս, սակայն նրանց բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա մինչև վերջ բացառված չէ:

ՄՌՏ հետազոտությունը կատարվում է առանց տարիքային սահմանափակման, անհրաժեշտության դեպքում հղիները նույնպես կարող են անցնել ՄՌՏ հետազոտություն: Բոլոր առավելությունների հետ ՄՌՏ հետազոտությունն ունի նաև հակացուցումներ՝ օրգանիզմում մետաղական կամ էլեկտրոմագնիսական սարքերի (կարդիոստիմուլյատորներ, կոխլեար ինպլանտներ, անոթային կլիպսներ և այլն) առկայությունը, որոնց դեպքում  հետազոտվողն իրազեկվում է հնարավոր բարդությունների մասին:

Ի տարբերություն ՄՌՏ հետազոտության ՀՇ հետազոտությունն ավելի կարճատև է  և շատ ինֆորմատիվ է պոլիտրավմաների, գլխուղեղի իշեմիկ և հեմոռագիկ կաթվածների, արյունազեղումների, անևրիզմաների և այլ անոթային մալֆորմացիաների, ինչպես նաև ուռուցքաին հիվանդությունների հայտնաբերման ու նրանց տարածվածությունը գնահատելու համար:

Կլինիկայի ղեկավարը նշեց, որ Ռադիոլոգիայի կենտրոնը սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆֆերսոնի անվան Ռադիոլոգիայի կենտրոնի հետ և 1,5Տ հզորությամբ Մագնիսա-Ռեզոնսանսային տոմոգրաֆի միջոցով կատարված բոլոր հետազոտությունների արդյունքները կարող են մեկնաբանվել և ախտորոշվել նաև Ջեֆֆերսոնի համալսարանական հիվանդանոցի առաջատար ռադիոլոգ մասնագետների կողմից: