ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա կարճ ժամանակ առաջ տեղափոխվել էր 36-ամյա տղամարդ՝ սրունքի բաց կոտրվածքով, մկանների և մաշկի, ենթամաշկի ջնջխումով:
Պացիենտի ոտքին մոտ 1 տոննա կշիռ ունեցող քար էր ընկել և մնացել մոտ 15 րոպե: Ախտորոշվել է աջ սրունքի զույգ ոսկրերի բաց կոտրվածք՝ մկանների ջնջխումով, մաշկի և ենթամաշկի մեծ դեֆեկտով:
Պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը, կլինիկայի ղեկավար` Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ, վնասվածքաբան Արտակ Գրիգորյանի հետ կատարել է ոսկրի ֆիքսում և ոչ կենսունակ հյուսվածքների հեռացում:
Ոչ կենսունակ հյուսվածքների հեռացումից հետո առաջացած դեֆեկտի հետևանքով, սրունքոսկրի` ոլոքի առաջային մակերեսը մնացել է բաց, որի կենսունակության պահպանման և հետևաբար սրունքի պահպանման նպատակով դրվել է VAC սարք, որի սպունգները մոտավորապես հինգօրյա պարբերականությամբ անհրաժեշտ էր փոխել:
Այսպիսով՝ հաջորդող 6 վիրահատություններով հաջողվեց սրունքը պահպանել և պատրաստել ռեկոստրուկտիվ էտապի, այն է` մեջքից ազատ մաշկամկանային լաթի և ազդրերի առաջնային մակերեսից փեղեկված մաշկալաթի տեղափոխությամբ դեֆեկտների փակում:
Մոտավորապես 2,5 ամիս տևական ստացիոնար բուժման ընթացքում պացիենտն ունեցել է ցավային ծանր կլինիկա, սակավարյունություն, որը շտկվել է անեսթեզիոլոգների և ռեանիմացիայի անձնակազմի հետ համատեղ, (Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանի գլխավորությամբ, բժիշկ Հայկ Պետրոսյան, կլինիկական օրդինատորներ Արման Տանանյան, Սվետլանա Ավագյան, Անի Ֆանյան ), ինչպես նաև հրավիրվել են այլ կլինիկաներից մասնագետներ՝ ցավի կառավարման, հետվնասվածքային նեյրոպաթիայի ճշգրիտ բուժման նպատակով: Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Նարինե Ռուբենի Միրզոյանի անմիջական մասնակցությամբ գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկվել են բոլոր նշանակումները, լաբորատոր ախտորոշման արդյունքները և ընտրվել դեղերով օպտիմալ բուժում, որի ամենակարևոր առաքելությունն էր կանխել ոսկրի մեջ վարակի զարգացումը:
Համալսարանական մասնագետների 24 ժամյա հետևողական և հմուտ աշխատանքի արդյունքում, կլինիկական օրդինատորների և բուժանձնակազմի քրտնաջան աջակցության շնորհիվ ունեցանք հետվիրահատական հարթ ընթացք, հիվանդը դուրս գրվեց լավացումով: Սա ևս մեկ օրինակ է կազմակերպված թիմային աշխատանքի, որի մեջ ընդգրկված էին ոչ միայն վիրաբույժներ, այլև վիրաբույժին աջակցող այլ մասնագետներ: Արդյունքում պահպանվեց հիվանդի ոտքը, ինչի հավանականությունը շատ քիչ էր: Այժմ հիվանդը գտնվում է ամբուլատոր հսկողության տակ, քանի որ դեռևս ոսկորը ֆիքսված է մետաղական սարքով: Հետագա ինտենսիվ վերականգնողական բուժման արդյունքում հիվանդը ոչ միայն կունենա պահպանված ստորին վերջույթ, այլև կքայլի: