ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի շուրջօրյա ամենագնաց ռեանիմոբիլների միջոցով տարեկան շուրջ 850 նորածին Հայաստանի տարբեր ծննդատներից տեղափոխվում է մայրաքաղաքի բժշկական կազմակերպություններ:
Կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ նեոնատոլոգիայի ամբիոնի դասախոս Հրանտ Կալենտերյանն ընդգծում է, որ 95 տոկոս դեպքերում հաջողվում է փրկել ամենածանր հիվանդություններ ունեցող նորածինների կյանքը: Անկախ եղանակային պայմաններից, հեռավորությունից, օրվա ցանկացած ժամից, արտագնա ծառայությունը, հաղթահարելով դժվարանցանելի ճանապարհներն ու հազարավոր կիլոմետրեր, շարունակում է իրականացնել նորածիններին փրկող ամենօրյա կարևոր առաքելությունը: «Այս աշխատանքը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Ծառայության միջոցով երրորդ մակարդակի վերակենդանացման բաժանմուքններ ունեցող բժշկական կենտրոններ են տեղափովում ամենածանր վիճակում գտնվող նորածիններ», – նշում է Հրանտ Կալենտերյանը` մեջբերելով մի օրինակ, երբ Վանաձորից երևանյան ծննդատներից մեկն է տեղափոխվել 540 գրամ քաշով նորածին, որն այսօր արդեն 4 ամսական է: Սա խոսում է այն մասին, որ թվային յուրաքանչյուր տվյալի հետևում, առաջին հերթին, փոքրիկի փրկված կյանք է, երջանկացած ընտանիք:
Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավարը նշում է, որ տեղափոխման շնորհիվ փոքրիկ պացիենտներին տրամադրվում է բուժօգնություն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած մասնագիտացված բժշկական կազմակերպություններում:
Արդեն շուրջ 11 տարի համալսարանական հիվանդանոցը մասնագետների մեծ ու պրոֆեսիոնալ թիմի, աջակիցների շնորհիվ իրականացնում է կյանքեր փրկող, առողջություն վերադարձնող այս ծառայությունը:
Նշենք, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում ներդրված են նորածինների բուժման բոլոր առաջադեմ տեխնոլոգիաները: Կլինիկան ԵՊԲՀ նեոնատոլոգիայի ամբիոնի ուսումնական բազան է: