Հայ խորհրդային սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի ծննդյան 90-ամյա հոբելյանի կապակցությամբ ԵՊԲՀ ղեկավարությունն ու ուսանողները, ինչպես նաև նրա անունը կրող վիրաբուժական ինստիտուտի աշխատակիցները ծաղիկներ դրեցին մեծ բժշկի հուշարձանին, որը տեղակայված է հենց ինստիտուտի բակում: Բազմամարդ միջոցառումը վկայում էր այն մասին, որ սերունդները չեն մոռանում բժշկագիտության նվիրյալի կատարած աշխատանքը:
Հիշատակի փոքրիկ արարողությունից հետո ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանն աշխատանքային խորհրդակցություն ունեցան ինստիտուտի ղեկավարության և աշխատակիցների հետ: Քննարկվեցին կենտրոնի ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին վերաբերող բազմաթիվ հարցեր:
Ալեքսանդր Միքայելյանը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 29-ին, Թբիլիսիում: 1953 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը, աշխատել Մոսկվայի 1-ին քաղաքային կլինիկական հիվանդանոցում, ԽՍՀՄ ԲԳԱ կրծքային վիրաբուժության ինստիտուտում, Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտում, ԽՍՀՄ ԳԱ Փորձառական կենսաբանության և բժշկության ինստիտուտի Սիբիրյան բաժանմունքի վիրաբուժական բաժնում, ապա արյան արհեստական շրջանառության լաբորատորիայում։
Որպես սրտավիրաբույժ և գիտնական Ալեքսանդր Միքայելյանը ձևավորվել է իր կյանքի պատանեկան և երիտասարդական տարիներին՝ անցնելով վիրաբուժության դպրոց այնպիսի մասնագետների ղեկավարությամբ, ինչպիսիք էին Ա. Բակուլևը, Ե. Մեշալկինը, Բ. Պետրովսկին։ Նրա կայացման մեջ թե՛ որպես վիրաբույժի, թե՛ որպես գիտնականի էական դեր է խաղացել նաև համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիոլոգ Վ. Պարինի պաթոֆիզիոլոգիայի դպրոցը։ Միքայելյանը մեծ ավանդ է ունեցել ԽՍՀՄ-ի սիրտ-անոթային վիրաբուժության զարգացման գործում։ Նա Հայաստանի սիրտ-անոթային վիրաբուժության ու փոխպատվաստաբանության հիմնադիրն է։
1961 թվականին Հայկական ԽՍՀ-ի գիտությունների ակադեմիայի նախագահության կողմից Ալեքսանդր Միքայելյանը հրավիրվում է Հայկական ԽՍՀ ԳԱ-ի նորաստեղծ Սրտաբանության և սրտի վիրաբուժության ինստիտուտ՝ որպես սրտի վիրաբուժության բաժնի վարիչ՝ հանրապետությունում սրտավիրաբուժության ծառայություն կազմակերպելու համար։ Զուգահեռաբար կազմակերպում է ցավազրկման, վերակենդանացման և արհեստական արյան շրջանառության (ԱԱՇ) ծառայությունները։ Նաև ակտիվ մասնակցություն է ցուցաբերում սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի կազմակերպման և նոր մասնաշենքերի շինարարության գործում։
Հայկական ԽՍՀ ԳԱ-ի սրտաբանության և սրտի վիրաբուժության ինստիտուտի հիման վրա 1972 թվականին (այն հետագայում վերանվանվում է Հայկական ԽՍՀ ԱՆ Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստիտուտ) Ալեքսանդր Միքայելյանը ստեղծում է Հայկական ԽՍՀ ԱՆ սիրտ-անոթային վիրաբուժության և օրգանների փոխպատվաստման մասնաճյուղ, որտեղ հանրապետությունում առաջին անգամ բացում է նեֆրոլոգիայի բաժանմունքը հեմոդիալիզի բաժանմունքի հետ միասին։
Արդեն 1974 թվականին, այդ մասնաճյուղի և ՓՊԿ-ի կառուցվող մասնաշենքերի հիման վրա Ալեքսանդր Միքայելյանը Անդրկովկասում ստեղծում է բազմաթեքում բարձրակարգ մասնագիտացված խոշոր վիրաբուժության կենտրոնը՝ ԽՍՀՄ ԲԳԱ ՎՀԳԿ երևանյան մասնաճյուղը, միաժամանակ նաև՝ Ստեփանավանի առողջարանային վերականգնողական բաժինը։
Մասնաճյուղի հիմնական գիտական խնդիրը, որն առաջադրվել էր Միքայելյանի կողմից և հաստատվել ԽՍՀՄ ԱՆ կողմից, վիրաբուժության մեջ նոր հիմնարար ուղղության ստեղծումն էր, այն է՝ «վերականգնողական վիրահատությունների ժամանակ արյան մատակարարումը, մետոբոլիզմը և օրգանների ֆունկցիան»։ Այդ խնդրի բարեհաջող զարգացման համար ԽՍՀՄ ԱՆ կողմից հաստատվում է մասնաճյուղի համապատասխան կառուցվածքը։ Հետագայում Միքայելյանը մասնաճյուղը համալրում է միմյանց հաջորդող նոր ենթաբաժիններով։ 1990 թվականին մասնաճյուղի հիման վրա բացվում է նաև պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության կենտրոնը։
Ալեքսանդր Միքայելյանը 330 գիտական աշխատանքների հեղինակ է (դրանցից 3 մենագրությունները նվիրված են սիրտ-անոթային վիրաբուժության և փոխպատվաստաբանության տարբեր ոլորտներին)։
Միքայելյանի և նրա աշխատակիցների կողմից կատարվել է 60000-ից ավելի վերականգնողական վիրահատություններ կենսականորեն կարևոր օրգանների վրա, որոնցից 4000-ը՝ սրտի արատի պարագայում։
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլից «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնեմասերի հսկիչ փաթեթը պատկանում է ԵՊԲՀ-ին: